‘Եռյակի նիստն ավարտվել է. Շարժման օրակարգի մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել (տեսանյութ)’

2183

Ազգային ժողովում քիչ առաջ ավարտվեց ընդդիմադիր Եռյակի ներկայացուցիչների հանդիպումը: Այն, ԲՀԿ անդամ Ստեփան Մարգարյանի խոսքով, անցել է «կառուցողական և արդյունավետ մթնոլորտում»: Պատգամավորը լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ այսօրվա նիստում քննարկվել են մի շարք կազմակերպչական և բովանդակային հարցեր, այդ թվում` հանրային միջոցառումների` հանրահավաքների, նստացույցերի անցկացման հետ կապված հարցեր:

Ստեփան Մարգարյանը ընդգծեց, որ Եռյակի բոլոր ուժերն էլ ընդունում են հանրահավաքներ անցկացնելու անհրաժեշտությունը: «Հանրահավաքներ անպայման լինելու են», — ասաց նա:

Պատգամավորը տեղեկացրեց նաև, որ Եռյակը քննարկել է նաև ԲՀԿ քաղխորհհրդի նիստով հայտարարված` տարածքներում Համաժողովրդական շարժման գրասենյակների բացման հետ կապված խնդիրը: Նրա խոսքով՝ Շարժման գրասենյակների ստեղծումը պետք է նպաստի հանրության ուժերը մոբիլիզացնելուն:

«Բոլոր հարցերի վերաբերյալ ավելի համակողմանի հայտարարություն կանենք չորեքշաբթի կայանալիք նիստից հետո, որովհետև այս ընթացքում կուսակցությունների ներսում քննարկումներ պետք է արվեն», — նշեց նա:

Ստեփան Մարգարյանը ընդգծեց նաև, որ Համաժողովրդական շարժման օրակարգի մեջ որևէ փոփոխություն տեղի չի ունեցել` ընդդիմությունը պահանջում է արտահերթ ընտրություններ, ընդ որում՝ ինչպես նախագահական, այնպես էլ խորհրդարանական:

Ինչ վերաբերում է վերջին օրերին մամուլում հնչող տեսակետներին, թե Եռյակի ներսում տարաձայնություններ կան, Ստեփան Մարգարյանը հիշեցրեց, որ այս կուսակցությունների համագործակցության ողջ ընթացքում պարբերաբար եղել են տարակարծություններ տարբեր հարցերի շուրջ, բայց, ըստ պատգամավորի, Եռյակի ուժն էլ այն է, որ դրանք միշտ էլ լուծվել են կոնսենսուսային որոշումներով: «Ուզում եմ հիասթափեցնել ոմանց` Եռյակը շատ կենսունակ է և չի պառակտվել», — ասաց նա: 

Նախորդ հոդվածը‘Պալեոլիթի դարաշրջանի հուշարձանը` միլիոնավոր արտեֆակտերով, փակուղու մեջ է դրել հնագետներին’
Հաջորդ հոդվածը‘Ջոն Հեֆերն. ՆԱՏՕ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, սակայն սատարում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը’