‘Եվս երկու կուսակից՝ ընդդեմ Թրամփի’

1810

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցներից ևս երկուսը բացահայտ հանդես են եկել նրա դեմ: Արիզոնայից սենատոր Ջեֆ Ֆլեյքը հայտարարել է, որ իր հայացքները չեն համընկնում այսօրվա Հանրապետական կուսակցության հայացքներին, և ինքը չի վերընտրվի: Ֆլեյքի մանդատն ավարտվում է եկող տարի: Ավելի վաղ նա իր գրքում գրել է, թե հանրապետականները, տրվելով «թրամփյան չարության քաղաքականությանը», դավաճանել են իրենց սկզբունքներին և «հարվածի տակ դրել Ամերիկայի՝ որպես աշխարհի առաջատար երկրի արդյունավետությունը»:

Երեքշաբթի սենատորը հայտարարել է. «Իրավիճակը, որի պարագայում մենք պետք է լռենք, երբ փլուզվում են Ամերիկայի հիմնարար նորմերն ու արժեքները, իսկ այն դաշինքներին, որոնք կայունություն էին երաշխավորում, սպառնում է Twitter-ի 140 նիշ ծավալ ունեցող մի միտք, երբ մենք լռում ենք ու ոչինչ չենք անում՝ հետևելով այդքան ամոթալի պահվածքի՝ ես համարում եմ հակապատմական և խորապես սխալ»:

Ֆլեյքին պաշտպանել է նաև Թենեսի նահանգից հանրապետական սենատոր Բոբ Քորքերը՝ պետքարտուղարի նախկին թեկնածուն: Նա Սպիտակ տան ղեկավարին մեղադրել է ստախոսության մեջ՝ հայտարարելով, որ նա «նպատակաուղղված փչացնում է ԱՄՆ-ի հարաբերություններն այլ երկրների հետ»՝ դրանով իսկ «ստորացնելով Ամերիկան»:

Մեկնաբանելով սենատորների խոսքը՝ Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Հաքաբի Սանդերսը երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է. «Կարծում եմ՝ Թենեսիում և Արիզոնայում աջակցում են նախագահին, այլ ոչ թե այս երկու սենատորներին: Անպես որ, կարծում եմ՝ նրանք ճիշտ են արել, որ հրաժարվել են վերընտրվելուց»: Սանդերսը նաև հավելել է, թե «Թրամփի նախագահության պատմական գնահատականը» պետք է հիմնվի ահաբեկչության դեմ պայքարում, տնտեսության աճի խթանման և գործազրկության նվազեցման հարցերում նրա ունեցած դերակատարության վրա: «Դրանք են հետաքրքրում մարդկանց, այլ ոչ թե Քորքերի և Ֆլեյքի հայտարարությունները»,- եզրափակել է Սանդերսը:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Վահան Թումանյան. Կոալիցիոն ֆլիրտ’
Հաջորդ հոդվածը‘Վթարային ջրանջատում Երևանի Արաբկիր վարչական շրջանում’