‘Եվրահանձնակատար. Քեմերոնը հանդես է գալիս Մեծ Բրիտանիան նորացված ԵՄ-ի կազմում պահպանելու օգտին’

913

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հանդես է գալիս հօգուտ նրա, որ Միացյալ Թագավորությունն իր անդամությունը պահպանի նորացված Եվրամիության կազմում: Այդ մասին հայտարարել է ֆինանսական կայունության և ծառայությունների, կապիտալի շուկայի ինտեգրման հարցերով եվրահանձնակատար Ջոնաթան Հիլը BBC  ռադիոկայանին տված հարցազրույցում: «Դևիդ Քեմերոնն ու ես հանդես ենք գալիս Միացյալ Թագավորությունը նորացված Եվրամիության կազմում պահպանելու օգտին,- շեշտել է լորդ Հիլը:- Եվրամիությունը նշանակալի առավելություններ ունի, ներառյալ՝ միացյալ տնտեսական տարածքը, ազատ առևտուրը, աշխարհաքաղաքական ազդեցությունը»:

Լորդ Հիլը նաև նշել է, որ ներկայումս պետք է սառեցվեն կրքերը Եվրահանձնաժողովի այն պահանջի կապակցությամբ, որ մինչև դեկտեմբերի 1-ը մեծ Բրիտանիան պետք է ընդհանուր բյուջե մուծի 2,1 մլրդ եվրո: «Հարկավոր է հանդարտվել և գործնական լուծում գտնել այդ խնդրին»,- ընդգծել է նա: Այդ գումարը վճարման է ներկայացվել Մեծ Բրիտանիային այն բանի կապակցությամբ, որ նրա տնտեսական աճը ավելի արագ է ընթանում՝ ԵՄ մյուս պետությունների համեմատ:

Դևիդ Քեմերոնը պարտավորվել է ԵՄ-ի վերաբերյալ հանրաքվե անցկացնել 2017 թ., պայմանով, որ Պահպանողական կուսակցությունը 2015 թ. գարնանը համապետական ընտրություններում կպահպանի իշխանությունը: Ընդ որում, հանրաքվեի քվեաթերթիկում հարց կլինի ԵՄ-ից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ: Փոխանցում է ТАСС-ը: 

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Քադաֆիի ընտանիքն ուզում է վերադառնալ Լիբիա’
Հաջորդ հոդվածը‘Ազնավուր. Ես թուրքական թերթին հարցազրույց չեմ տվել’