‘Զախարովան ափսոսում է, որ ԼՂ հակամարտության գոտում դրությունը բարդ է ‘

3239

Մոսկվան ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների գործընթացն ակտիվացնելու Երևանի ու Բաքվի պատրաստակամությունը, լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ժնևում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը:

«Մենք ողջունում ենք կողմերի պատրաստակամությունը՝ ակտիվացնել բանակցային գործընթացը և ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ ուղղված շփման գծում լարվածության նվազմանը»,- ասել է նա:

Զախարովան ասել է, որ  Մոսկվան աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հերթական հանդիպումն են նախապատրաստում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև՝ «կարգավորման հիմնարար հարցերը և իրավիճակի կայունացման ուղղությամբ հնարավոր միջոցները քննարկելու համար»:

Զախարովան ափսոսանք է հայտնել, որ հակամարտության գոտում դրությունը շարունակում է «բարդ» մնալ:

«Կոչ ենք անում Բաքվին և Երևանին կառուցողական մոտեցում դրսևորել չլուծված հարցերի հանգուցալուծման առնչությամբ»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:

Նախորդ հոդվածը‘Յոհաննես Հան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրումը, հնարավոր է, հետաձգվի’
Հաջորդ հոդվածը‘Արկտիկայում ռուսական ուղղաթիռ է կործանվել’