‘ԶԼՄ. Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը վատթարացել է’

902

Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի առողջական վիճակը կտրուկ վատացել է: Այդ մասին դեպտեմբերի 5-ին հաղորդել է «Ալ-Մուհազ» պարբերականը՝ հղում անելով Կահիրեի ռազմական հոսպիտալի աղբյուրներին, որտեղ արդեն մի քանի ամիս է՝ բուժում է ստանում նախկին նախագահը:

Ըստ տեղեկատվության՝ նախօրեին Մուբարաքը կորցրել է գիտակցությունը, և բժիշկներին մի որոշ ժամանակ չի հաջողվել նրան դուրս բերել այդ վիճակից:  Ավելի ուշ նա ուշքի է եկել և գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ: Հիվանդանոցում «Ալ-Մասրի ալ-Յաում» թերթի ռազմական աղբյուրները հաստատել են լուրը՝ հավելելով, որ «հիվանդանոցում տագնապ է առաջացել» 86-ամյա պաշտոնաթող քաղաքական գործչի անսպասելի վատացման կապակցությամբ, և «նույնիսկ հիվանդանոց են կանչել նախկին նախագահի ազգականներից մեկին»:

Նոյեմբերի 29-ին Կահիրեի քրեական դատարանը հանել էր 2011 թ. հունվարյան հեղափոխության օրերին ցուցարարների սպանության գործով նախկին նախագահին ուղղաված  բոլոր մեղադրանքները: Ամենամոտ ժամանակներս գլխավոր դատախազությունը պետք է քննարկի նրան ազատ արձակելու հարցը, և եթե դա տեղի ունենա, ապա, Մուբարաքի ընտանիքից ստացված տեղեկությունների համաձայն՝ նախկին քաղաքական գործիչը, որը 2011 թ. ապրիլից կալանքի տակ է, մտադիր է հաստատվել Շարմ-էշ-Շեյխում: Միևնույն ժամանակ, Եգիպտոսի գլխավոր դատախազ Հաշիմ Բարաքաթը արդեն սկսել է նախկին նախագահի արդարացման դատավճիռը բողոքարկելու գործընթացը: Հաղորդում է ТАСС-ը:

 

Նախորդ հոդվածը‘Իրանի նախարար. Աշխարհում պատերազմները կընթանան հետախուզությունների միջև’
Հաջորդ հոդվածը‘Անատոլի Չուբայսին տեղափոխել են հիվանդանոց Մոսկվայում’