‘ Զոհրաբյանը կասկածում է, որ վարչապետը պատկերացում ունի Մաքսային միության էության մասին’

931

«Կասկածում եմ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխան ունենա, թե ինչ է իրենից ներկայացնում Մաքսային միությունը»,- լրագրողներին ասել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Ավելի վաղ ԶԼՄ-ներին տված հարցազրույցում Տիգրան Սարգսյանը նշել էր, թե Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը հանդես է գալիս ՄՄ-ին Հայաստանի անդամակցության օգտին: Սակայն, Զոհրաբյանի կարծիքով, ինչպես Հայաստանի իշխանությունները, այնպես էլ հասարակ քաղաքացիները չգիտեն, թե ինչ են ստանալու ՄՄ-ին անդամակցությունից: «Ճիշտ նույն կերպ իշխանությունները երկար ժամանակ թաքցնում էին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի բովանդակությունը»,- ասել է Զոհրաբյանը:

Ինտեգրացիոն նախագծերին միանալու երկրի ղեկավարության քաղաքականությունը տարօրինակ է համարում նաև ԲՀԿ մեկ այլ ներկայացուցիչ՝ Վահե Հովհաննիսյանը: «Մինչև սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը՝ վարչապետը բազմիցս պնդում էր, թե Հայաստանը չի պատրաստվում անդամակցել ՄՄ-ին: Փոխարենը՝ բանակցություններ էին տարվում DCFTA-ի շուրջ: Հարց է ծագում` եթե ժողովուրդը ցանկանում էր միանալ ՄՄ-ին, ինչպե՞ս կարելի էր երեքուկես տարի բանակցություններ վարել մեկ այլ ինտեգրացիոն նախագծի շուրջ»,- ասել է Հովհաննիսյանը: Ինչ վերաբերում է Մաքսային միությանը, նրա կարծիքով՝ մտավախություն կա, որ այդ կառույցին ՀՀ անդամակցմամբ կարող է վերանալ տնտեսության 2-3 ճյուղ:

 

Նախորդ հոդվածը‘ Պետդեպի ներկայացուցիչ. Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով’
Հաջորդ հոդվածը‘Ջհանգիրյան. Մարտի 1-ի բացահայտումը դրված է տաբուի տակ (Ամբողջական տեսանյութ)’