‘Զուրաբյանը՝ վարչապետին. Ձեր պաշտոնավարումը սպառնալիք է ամբողջ ազգին (տեսանյութ)’

1932

Այսօր խորհրդարանը ավարտեց 2015 թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը: ՀԱԿ խմբակցության տեսակետը արտահայտելիս խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը անդրադարձավ այն փաստին, որ բյուջեն բերված էր 411 դրամ հաշվարկով՝ դոլարի համար, բայց այսօր արդեն պաշտոնական կուրսը դարձել էր 444 դրամ: Զուրաբյանը արձանագրեց, որ հիմա գտնվում ենք մի ճգնաժամի մեջ, ընդ որում՝ ճգնաժամը դինամիկ զարգանում է, որը դեռ կարգավորված չէ:

ՀԱԿ խմբակցության ղեկավարը նշեց, որ սև շուկայում դոլարի գինը հասել է 485 դրամի՝ ընգծելով, որ ընդհանրապես «սև շուկա» հասկացություն Հայաստանում չի եղել երկար ժամանակ: Որպես մեկ այլ կարևոր հանգամանք՝ Զուրաբյանը մատնացույց արեց այն փաստը, որ բանկերի վրա դրված են դոլարի վաճառքի սահմանափակումներ, և դրանք գործում են այս պահին»:
«Եթե այսօր Ilur.am կայքը մտնեք, այնտեղ տեղադրված է հենց այն տեղեկանքը, այն դիտարկությունները և վերլուծությունը, որը ներկայացված է Ռուսաստանի նախկին նախարար Կուդրինի կողմից, որտեղ խոսվում է հենց 6 ամսվա ներմուծման ծավալի մասին, որպես վտանգավոր շեմ: Հիմա դուք կարող եք ասել, որ Համաշխարհային բանկում այլ չափանիշ է ընդունված, բայց ես էլ ասում եմ ձեզ, եթե Եվրաասիական տնտեսական միություն ենք մտնում, ուրեմն սովորեք նոր չափանիշներին՝  անվտանգության, հատկապես կապված այն ռիսկերի հետ, որ գոյություն ունեն այդ Եվրաասիական տնտեսական միության տարածքում»,-նշեց Զուրաբյանը:

Պատգամավորը ընդգծեց նաև, որ նոյեմբերի ընթացքում պահուստից ծախսվել է 90 միլիոն դոլար, դեկտեմբերի 3 օրվա ընթացքում արդեն ծախսվել է 40 միլիոն դոլար, բայց դրանից իրավիճակը չի շտկվում, որովհետեւ փոխանակման կետերում մառժան կազմում է այս պահին 18 դրամ, 442՝ առքն է, 460՝ վաճառքը:

Եզրափակելով իր ելույթը՝ Զուրաբյանը, դիմելով նիստին ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանին, հայտարարեց. «Ձեր պաշտոնավարումը  սպառնալիք է ոչ միայն ձեզ, այլ նաև ամբողջ ազգին»: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախորդ հոդվածը‘ԱԺ մեծամասնությունը հաստատեց պետբյուջեի նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Gangnam Style -ի տեսաերիզը կոտրել է YouTube-ի դիտումների հաշվիչը’