‘Զուրաբյան. Կոռուպցիան վերացնելու միջոցով հոսանքի գինը կարելի է նվազեցնել’

1416

Էներգամատակարարման համակարգում առկա ծայրահեղ ծանր վիճակի եւ էլեկտրաէներգիայի գների բարձրացման գլխավոր պատճառները կապված են կուռուպցիայի եւ թալանի հետ: Այս մասին այսօր Ազգային Ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:

Նա ներկայացրեց մի քանի խնդիրներ, որոնց վերացման դեպքում համակարգը կառողջանա, իսկ սակագինը ոչ միայն չի ավելանա, այլեւ զգալիորեն կնվազի:

1.Մենաշնորհ. Որպես համակարգի առողջացման համար ճիշտ լուծում Կոնգրեսն ռաջարկում է ՀԷՑ-ը բաժանել չորս մասի եւ դրա միջոցով որոշակի մրցակցության ստեղծել:

2.Վատնումեր եւ կորուստներ. Ըստ Զուրաբյանի, էլեկտրամատակարարման համակարգում հսկայական ներդրումներ են արվում, բայց, այնուամենայնիվ, կորուստները ֆանտաստիկ չափերի են հասնում՝ 11,5 %-ից ավելի թանկացում՝ այն պարագայում, երբ զարգացած երկրներում 4-5 % է, հարեւան Վրաստանում՝ 8 %: Կոնգրեսի տնտեսական հանձնաժողովը պարզել է, որ կորուստները նվազեցնելու միջոցով էլեկտրաէներգիայի սակագինը կարելի է կրճատել 2 դրամով:

3.Էներգետիկ բալանսը. Համակարգում ՋԷԿ-երը գնալով ավելի մեծ տոկոս են կազմում՝ ի հաշիվ ՀԷԿ-երի: Լեւոն Զուրաբյանը հիշեցրեց, որ 2013 -ին Կոնգրեսն ԱԺ-ում զգուշացրել է, որ «Գազպրոմի» նկատմամբ «գազային համաձայնագրերով» ստանձնած պարտավորությունները հանգեցնելու են էլեկտրաէներգիայի թանկացման:

4.Էներգետիկ համակարգի օգտագործումը քաղաքական նպատակներով. Էլեկտրամատակարարման համակարգում 8 հազար մարդ է աշխատում, մինչդեռ, ըստ հեղինակավոր մասնագետների եզրակացության, այս թիվը կարելի էր առնվազն երկու անգամ կրճատել, ինչի շնորհիվ սակագինը 3 դրամով կնվազեր;

4.Դեբիտորական պարտքերի կուտակումը. 2011-2013 թթ. նախընտրական շրջանում կուտակվել է 3 մլրդ դրամի դեբիտորական պարտք քաղաքացիների նկատմամբ, եթե դա չլիներ, ապա սակագինը հնարավոր կլիներ նվազեցնել 0.7 դրամով: «Եթե լույսի գումարը չես վճարում, հոսանքդ անջատում են: Չեն անջատում, օրինակ, այն դեպքում, երբ ընտրությունների ժամանակ խոսք ես տալիս, որ կընտրես իրենց թեկնածուին», — նշեց պատգամավորը:

5.Բարձր տոկոսներով վարկեր. ՀԷՑ-ը վարկեր է վերցրել 12 տոկոս տոկոսադրույքով՝ այն դեպքում, երբ նման մենաշնորհ ունեցող ընկերությունը կարող էր եվրոպական բանկերում 6-7 տոկոսով վարկ վերցնել:

6.Կոռուպցիոն բարեգործություն. Զուրաբյանը նշեց, որ միայն Ջերմուկ քաղաքի զարգացման ծրագրի համար ՀԷՑ-ը բարեգործական նպատակներով 1 մլն դոլար է տրամադրել, այն դեպքում, երբ աշխատում է խոշոր վնասով: «ՀԷՑ-ը բարեգործություն անելու իրավունք չուներ, եւ ՀԾԿՀ-ն էլ, իր հերթին, պետք է թույլ չտար բարեգործությամբ զբաղվել», — նշեց պատգամավորը:

7. Նրա խոսքով, համակարգում առկա կոռուպցիայի եւս մեկ դրսեւորումն այն է, որ խտրականություն է դրվում տարբեր ՀԷԿ-երի միջեւ: Օրինակ՝ 2006-ին ՀԷՑ-ը 12 դրամով էլեկտրաէներգիա է գնել «Ձորագետ» ՀԷԿ-ից, որից հետո գինը կտրուկ ընկել է եւ հասել 3 դրամի: Չորս տարի այսպես աշխատելով՝ ապացուցվել է ՀԷԿ-ի անեկամտաբերությունը, որից հետո այն սեփականաշնորհել է մի ընկերություն, որի գործունեության հասցեն նույնն է, ինչ Սան-Մարինոյի հյուպատոսությանը (Սան Մարինոյի հյուպատոսը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է)»,- նշեց Լեւոն Զուրաբյանը՝ հավելելով, որ էներգետիկ համակարգում գործող բոլոր հիմնարկներ կարելի է ուղարկել քննչական խմբեր, որոնք բազմաթիվ հանցագործություններ կբացահայտնեն:

Նախորդ հոդվածը‘Բակում խաղացող երեխայի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ’
Հաջորդ հոդվածը‘Էլ չի լինի Երկիրը Օրինաց ‘