‘«Զվարթնոցը» նորից դադարեցրել է «Արմավիայի» չվերթների սպասարկումը ‘

1213

Ինչպես տեղեկացրել էինք, երեկ «Արմավիա» ընկերությունը 90 միլիոն դրամ  փոխանցեց «Զվարթնոցին», որից հետո  «Զվարթնոց» օդանավակայանը  վերսկսեց «Արմավիայի» չվերթների սպասարկումը: «Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, առավոտյան ժամը 11:15-ից, «Զվարթնոց» օդանավակայանը կրկին դադարեցրեց «Արմավիայի» չվերթների սպասարկումը », — iLur.am-ի հետ զրույցում տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի մամլո խոսնակ Գևորգ Աբրահամյանը:

Ըստ նրա՝ դադարեցման պատճառը կրկին խոշոր պարտքն է, օդանավակայանի տնօրինությունը սպասում է պարտքերի մարմանը:

«Խնդիրն ավիաընկերության կողմից որոշակի քայլերի ձեռնարկումն է, իսկ թե ինչ քայլեր կձեռնարկի «Արմավիան», որպեսզի մենք վերսկսենք սպասարկել ավիաընկերության չվերթները, դեռ անհայտ է»,- ասաց խոսնակը:

Այն հարցին, թե արդյոք օդանավակայանը պարտավոր չէ սննդով և կացարանով ապահովել այն ուղևորներին, որոնց թռիչքներն անժամկետ հետաձգվել են, խոսնակը պատասխանեց, որ ըստ քաղավիացիայի օրենքի՝ պատասխանատվությունը կրում է միմիայն ավիաընկերությունը, որն իրականացնում է չվերթը:

Նախորդ հոդվածը‘Սպանված զինծառայողի մայր. Տղաս իմացել էր հրամանատարի գաղտնիքը, դրա համար էլ սպանվեց (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Կորեայի նախագահը ժամանել է սահմանային կղզի, որտեղ գտնվելն այնքան էլ ապահով չէ’