‘Էդվարդ Նալբանդյանը Ադրբեջանը համեմատել է քադաֆիական Լիբիայի կամ սադամհուսեյնական Իրաքի հետ’

908

Հայաստանի հասցեին քննադատությունը մի երկրի կողմից, որը մարդու իրավունքներով զբաղվող ամենահեղինակավոր միջազգային կառույցների կողմից անվանվում է որպես մարդու իրավունքների ճչող, զարհուրելի խախտումների բռնատիրություն, իրականում դատարկախոսություն է: Այդ մասին ՄԹ՝ Եվրոպայի հարցերով նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ համատեղ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, հաղորդում է ԱրմԻնֆոն:

«Անկախ նրանից, թե ինչ նպատակով է դա արվում, չեմ կարծում, որ դա կարող է տպավորել որևէ մեկին` Ադրբեջանից դուրս, և անգամ Ադրբեջանի ներսում շատ քչերին կարող է տպավորել: Կարո՞ղ եք պատկերացնել, որ քադաֆիական Լիբիայի կամ սադամհուսեյնական Իրաքի կողմից այդպիսի մեղադրանքներ հնչեին. ու՞մ կարող էին դրանք տպավորել»,- ասել է Նալբանդյանը:

Դեյվիդ Լիդինգտոնն իր հերթին, պատասխանելով այն հարցին, թե Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի շահերը որքանո՞վ են զսպող հանգամանք հանդիսանում այդ երկրում իրավիճակի օբյեկտիվ գնահատման համար, հայտարարել է, որ ինքը  բացահայտ խոսել է Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին:

Նրա խոսքով, Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ը իր ամենամյա զեկույցներում նույնպես անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին: Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ներկայացուցիչները ևս իրենց մտահոգությունն են հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի առնչությամբ, ասել է նա: 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ է ընտրվել Տ. Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը’
Հաջորդ հոդվածը‘Ուորլիք. Սարգսյանը և Ալիևը միմյանց պարզ հասկացրել են, որ եկել է հաշտության ժամանակը’