‘Էդվարդ Նալբանդյան. Անտեսել ինքնորոշման իրավունքը նույնն է` ինչ էվոլյուցիային ընդդիմանալը’

822

Հայաստանը միշտ ընդգծել է և նշում է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը հակամարտությունների պատճառ չէ: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 3-ին Երևանում Մեծ Բրիտանիայի Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգթոնի հետ համատեղ մամուլի ասուլիսում` մեկնաբանելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման վերաբերյալ ՄԱԿ փորձագիտական զեկույցը, հաղորդում է ԱրմԻնֆոն:

«Ընդհակառակը, այդ սկզբունքի խոչընդոտումն ու ժխտումը բարենպաստ հող է ստեղծում հակամարտությունների համար: Հենց այդ մասին է ասվում նշված զեկույցում: Մենք միշտ ասել ենք և ասում ենք, որ ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է կանխարգելել նոր հակամարտությունների առաջացումը և նպաստել ինչպես միջազգային, այնպես էլ տարածաշրջանային խաղաղության կայացմանը, պահպանմանն ու ամրապնդմանը», — համոզված է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարրը նշել է, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը կարող է նպաստել ժողովրդավարության ամրապնդմանն ու մարդու իրավունքների պաշտպանությանը:

«Անտեսել այդ իրավունքը նույնն  է` ինչ էվոլյուցիային ընդդիմանալը: Այդ կարևոր և արժեքավոր զեկույցը ևս մեկ անգամ արտացոլում է Հայաստանի և շատ այլ երկրների դիրքորոշումներն այդ հարցի նկատմամբ», — նշել է հայ նախարարը: Եվ այդ համատեքստում նա հավելել է, որ մարդու իրավունքների օգտին հանդես եկող երկիրը չի կարող դեմ լինել ինքնորոշման իրավունքին:

«Վերջին օրինակը հենց Մեծ Բրիտանիայում էր, երբ Շոտլանդիայում հանրաքվե անցկացրեցին: Այդպիսին է իրողությունը միջազգային հարթակում», — եզրափակել է դիվանագետը:

Նախորդ հոդվածը‘«Չելսիի» երկրպագուների պատասխանը Մոուրինյոյի քննադատությանը’
Հաջորդ հոդվածը‘Նախագահականից խոստացան վերինկարմիրաղբյուրցիներին պատասխանել ուրբաթ օրը ‘