‘Էդվին Վան դեր Սար. «Ֆերգյուսոնի հետ անցկացրած 6 տարիների ընթացքում ես ԱՊԼ-ի 4 և Չեմպիոնների լիգայի 1 մեդալ եմ նվաճել: Լավ է, այնպես չէ՞»’

1223

Անգլիայի և Հոլանդիայի ակումբային առաջնությունների հաղթողի 8 մեդալ, 2 հաղթանակ Չեմպիոնների լիգայում, հաղթանակ աշխարհի ակումբային առաջնությունում. իր 21-ամյա կարիերայի ընթացքում ահա այսպիսի փայլուն վիճակագրություն  է գրանցել Էդվին Վան դեր Սարը: Հետ նայելով իր անցած ճանապարհին, նա իրեն հպարտ և բավարարված  է զգում:

Թեև  արդեն 43 տարեկան է, սակայն նախկինի պես կարոտում է խաղադաշտը և ուզում է իր ավանդն ունենալ այն ակումբի հաջողություններում, որտեղից ամեն ինչ սկսվել է:  

Ներկայում Էդվինը Ամստերդամի «Այաքսի» մարքեթինգի գծով տնоրենն է: Այս հարցազրույցը նրա կյանքի մի քանի կողմերի, կարիերայի, սըր Ալեքսի հետ փոխհարաբերությունների և այլ հարցերի մասին է:

— 2011 թվականը «Յունայթեդի» համար առաջնությունում հաղթական էր, սակայն Չեմպիոնների լիգայում պարտվեցիք: Բավական ոչ միանշանակ եզրագիծ: Ամեն դեպքում, դու հեռացար: Ինչո՞վ ես զբաղվել այս երեք տարին:

— Ես այդ ժամանակահատվածը դասական իմաստով չէի համարի իմ կարիերայի ավարտը: Իմ վերջին խաղից հետո ես դեռ մի քանի ամիս անցկացրել եմ Անգլիայում, հետո նոր վերադարձել Հոլանդիա: Սկզբում ցանկանում էի մարզչական գործունեություն ծավալելու համար որակավորում ստանալ, հետո որոշեցի սովորել Ամստերդամի համալսարանում՝ «Մենեջմենթը սպորտում» մասնագիտությամբ:

Ես շատ բան սովորեցի խաղի կոմերցիոն հատվածի մասին և որոշեցի վերադառնալ այն ակումբը, որտեղից ամեն ինչ սկսվել էր՝ իմ «Այաքսը»: Տնоրենների խորհուրդը ինձ հրավիրեց այնտեղ որպես մարքեթինգի գծով ղեկավար:

Կարո՞ղ ես պարզաբանել, թե կոնկրետ ինչով ես զբաղվում:

Իմ պարտականությունների մեջ մտնում են միջազգային կապերի ամրապմդումը, ակումբի կոմերցիոն որոշ հարցերի կառավարումը և հովանավորների հետ համագործակցությունը: Իհարկե, այս ամենը խիստ տարբերվում նրանից, ինչը ես արել եմ ֆուտբոլում երկու տասնյակ տարի: Նախկինում ես ամբողջ ժամանակ մարզական հագուստով էի, իսկ հիմա ստիպված եմ հագնել վերնաշապիկ, փոխկապ և պիջակ:

 —Ֆուտբոլիստի քո կարիերան ավարտելուց անմիջապես հետո ինչպիսի՞ դժվարությունների ես հանդիպել: Կարոտո՞ւմ ես մարզումները, հանդիպումները, այդ մթնոլորտը ու խաղերը:

-Այո, իհարկե: Ես հաճույք էի ստանում այդ оրերին և ջանում էի որքան հնարավոր է երկարացնել իմ խաղային կարիերան: Ես վաստակեցի մեծ ճանաչում, բազմաթիվ հաղթանակներ ունեցա Հոլանդիայում, Իտալիայում և Անգլիայում, և ավելին նույնիսկ չեմ էլ պատկերացնում: Դրանք այն պահերն են, որոնք անչափ թանկ են քեզ համար և ողջ կյանքում միշտ քեզ հետ կլինեն:

Եվ հանկարծ ամեն ինչ անցավ: Ես չէի մարզվում, դադարեցի մարզավիճակ պահել, որովհետև որոշեցի, որ այլևս չեմ ուզում խաղալ: Որոշ մարզիկներ կարող են տատանվել վերադառնա՞լ, թե՞ ոչ: Ինձ համար ամեն ինչ վերջնական էր;

Դու կարող էիր միանալ «Յունայթեդի» մարզչական շտաբին, բայց ընտրեցիր «Այաքսը»: Ինչո՞ւ:

-Իմ կապը «Այաքսի» հետ առանձնահատուկ է: Ես կարծում եմ, որ սա յուրահատուկ ակումբ է: Ամբողջ աշխարհին մենք հայտնի ենք որդեգրած փիլիսոփայության շնորհիվ:

Երիտասարդական ակադեմիան մեր ակումբի կենսական անբաժանելի մասն է: Մենք միշտ կենտրոնանում ենք մեր սեփական ֆուտբոլիստների դաստիարակության վրա: Մենք վստահ ենք, որ երիտասարդ տաղանդները, որոնք ակումբում են հայտնվում 8-9 տարեկան հասակում, ի վերջո, իրենց դեբյուտն են նշում թիմում: Քաջատեղյակ լինելով համաշխարհային ֆուտբոլում մեր հեղինակության մասին, գիտենք, որ բոլորը մեզանից երիտասարդների պատրաստվածության գործում բարձր չափանիշներ են ակնկալում:

Մեր պատմությունը Մարկո Վան Բաստեն է, Ֆրանկ Ռայկարդը, Պատրիկ Կլյուվերտը, Ֆրանկ և Ռոնալդ դե Բուրը, Էդգար Դավիդսը, Կլարենսը, Ուեսլի Սնեյդերը, ինչպես նաև այնպիսի օտարերկրացի ֆուտբոլիստներ, ինչպիսիք Լուիս Սուարեսն ու Զլատան Իբրահիմովիչն են: Նրանք բոլորը մեր հզոր ժառանգությունն են:

Ինձ բախտ է վիճակվել վերադառնալ այստեղ և արժանին հատուցել այն ակումբին, ում ես պարտական եմ իմ ֆուտբոլային կարիերայի համար: Բոլոր այն նախկին ֆուտբոլիստները, ովքեր այստեղ իմ կողքին են աշխատում (Ֆրանկ դե Բուր, Դենիս Բերգկամպ, Մարկ Оվերմարս, Յապ Ստամ, Ռոնալդ դը Բուր) ցանկանում են շնորհակալ լինել այն ակումբին, ով оգնել է իրենց կայանալու:

Խոսելով ներկայիս «Այաքսի» մասին, ինչպե՞ս ես գնահատում նրա հնարավորություններն այս խաղաշրջանում:

— Պետք է ասել, որ Հոլանդիայում առաջնությունը բավարար չափով ուժեղ չէ: Ինչ-որ պահի խաղացողները ուզում են հեռանալ ակումբից, ինչպես, որ այս ամառ հեռացան Դեյլի Բլինդն ու Քիստիան Էրիքսենը: Այդպիսի պայմաններում խաղաշրջանին նախապատրաստվելը իսկական փորձություն է դառնում մարզչի համար, բայց ես տեսնում եմ, որ Ֆրանկը կարողանում է գլուխ հանել:

Վերջին 5 տարվա ընթացքում մենք 4 անգամ հաղթել ենք առաջնությունում և կայուն կերպով հանդես եկել Չեմպիոնների լիգայում: Հիմա մեր նպատակը խմբային փուլից հաջորդ փուլ դուրս գալն է: Բայց դա շատ դժվար կլինի, որովհետև մեր հակառակորդները «Բարսելոնան» և «ՊՍԺ»-ն են: Տրանսֆերների համար նախատեսված մեր բյուջեն չի կարող համեմատվել նրանց հետ:

Վերադառնանք ֆուտբոլիստի քո կարիերային: Սըր Ալեքս Ֆերգյուսոնը մի քանի անգամ խոստովանեց այն մասին, որ 1999-ին դու մոտ էիր «Յունայթեդ» տեղափոխվելուն որպես Պետեր Շմեյխելի փոխարինող: Սակայն այդ ժամանակ դու ընտրեցիր  «Յուվենտուսը»: Ինչո՞ւ: 

-Դե, ես ասացի «Այաքսին» ակումբից հեռանալու իմ որոշման մասին: Մի քանի եվրոպական գրանդներ հետաքրքրված էին իմ ծառայություններով: Երբ հայտնվեց սըր Ալեքսը, ես արդեն բանավոր պայմանավորվածություն ունեի «Յուվենտուսի» հետ:

Իհարկե, ի վերջո ես տեղափոխվեցի «Յունայթեդ» մի փոքր ավելի ուշ, բայց սըր Ալեքսի խոսքերն այն մասին, որ ափսոսում է ինձ ավելի շուտ ձեռք չբերելու համար շատ հաճելի էին: Ամեն դեպքում, ինձ Ֆերգյուսոնի հետ անցկացրած 6 տարվա ընթացքում հաջողվել է 4 անգամ հաղթել առաջնությունում և մեկ անգամ չեմպիոնների լիգայում: Լավ արդյունք է, այդպես չէ՞:

«Յուվենտուս»-ում դու շատ քիչ ժամանակ անցկացրիր: Հազիվ թե այդ ժամանակահատվածը դու կարող ես քո ակտիվում գրանցել: Ինչ ես կարծում, ինչն այնպես չդասավորվեց: Ափսոսում ես տեղափոխման համար:

-Սերիա А-ն այնքան էլ ինձ հարմար չէր: Ես պաշտպանության գծի և դարպասապահի միջև ավելի ազատ տարածք եմ նախընտրում: Դա հնարավորություն է տալիս ավելի շատ ներգրավված լինել խաղում: Բացի դրանից, պետք է խոստովանեմ, որ «Յուվենտուսում» ես իմ լավագույն խաղը ցույց չտվեցի: Ափսոս, որ ես մի քանի տարի կոցրեցի Անգլիա տեղափոխվելուց առաջ:

Նույնիսկ այն ժամանակ, երբ որոշեցիր հեռանալ «Յուվենտուսից»,ինչո՞ւ ընտրեցիր «Ֆուլհեմը»: Կայի՞ն այլ առաջարկություններ:

Այո, իմ ծառայություններով հետաքրքրված էին Գերմանիայի և Անգլիայի մի քանի ակումբներ, այդ թվում նաև «Լիվերպուլը»: Տրանսֆերային պատուհանի բացվելուց հետո ես ուզում էի  արագ որոշում ընդունել և այդ պատճառով ընտրեցի «Ֆուլհեմը»: Այդ ժամանակ այդ թիմը բավական հավակնոտ էր և լավ պայմաններ էր առաջարկում: Ես ծրագրում էի ակումբում մնալ մեկ-երկու տարի, այնուհետև տեղափոխվել թոփ մակարդակի որևէ ակումբ: Սակայն, ես մի փոքր ավելի մնացի, մինչև այդ երկրի ամենամեծ ակումբը ինձ ձեռք կբերեր:

 

-Երբ 34 տարեկանում հայտնվեցիր «Յունայթեդում», կարո՞ղ էիր պատկերացնել, որ այստեղ կխաղաս 6 տարի և այդ տարիները քեզ համար լավագույնը կլինեն:

-Իհարկե, ոչ: Ես 2-տարվա պայմանագիր կնքեցի՝ հուսալով, որ մինչև նրա ավարտը կմնամ ակումբում: Մտածում էի՝ դրանից  հետո ևս մեկ տարի  խաղալ Հոլանդիայում և կարիերաս ավարտել 37 տարեկանում: Բայց ես ինձ միշտ լավ մարզավիճակում էի պահում, գործնականում լուրջ վնասվածքներ չէի ստանում և շնորհիվ  «Յունայթեդի» մարզչական շտաբի, ձգեցի մինչև 40 տարեկանը:

-Երբ խոսքը ԱՊԼ-ում քո ելույթների մասին է, հիշում ենք մոգական թիվը՝ 1311 (1311 րոպե Էդվին Վան դեր Սարը անառիկ է պահել դարպասը): Ի՞նչ ես կարծում, որևէ մեկը կարող է  արդյոք գերազանցել այդ ռեկորդը մոտակա ժամանակներում:

-Վաղ թե ուշ ինչ-որ մեկը կգերազանցի, սակայն ես հպարտ եմ, որ այն այսքան երկար ժամանակ պահպանվել է:

 

-Պատմի «Յունայթեդի» հանդերձարանի մասին:

Այն, ինչ տեղի է ունենում հանդերձարանում, այնտեղ էլ մնում է:

Լավագույն պահերը կապված են սըր Ալեքսի ոգեշնչող ճառերի հետ, որոնք մեզ համար հաղթելու  լավագույն շարժառիթն էին դառնում: Հանդերձարանը միշտ էլ եղել է և կլինի առանձնահատուկ, խորհրդավոր մի վայր՝ իր առանձնահատուկ մարդկանցով:

-Քո կարիերայի ընթացքում դու մեկ անգամ չէ, որ մասնակցել ես հետխաղյա 11 մետրանոց հարվածների: Բոլորը հատկապես հիշում են 2008 թվականին Մոսկվայում տեղի ունեցածը: Պատմի, թե ինչպես ես հոգեբանորեն պատրաստվում նման բանի:

-Այո, ես շատ եմ բախվել դրան: 1995 թվականին մենք հաղթեցինք «Այաքսի» հետ, բայց հետո ես 3 պարտություն կրեցի Հոլանդիայի հավաքականի հետ՝ Եվրո-96-ում, ԱԱ-98-ում և Եվրո-2000-ում: Բացի դրանից, եղավ «Յուվենտուսի» պարտությունը 1996-ին: Տարիների հետ ես կորցրի իմ վստահությունը:

Սակայն հետո, հաշվի առնելով իմ փորձը և հաղթանակի հասնելու ձգտումը, ես վստահ էի, որ Մոսկվայում չեմ պարտվի: Ես մինչև հիմա հիշում եմ. Անելկան մոտեցավ նշանակետին և հարվածեց դեպի աջ անկյունը: Ես ճիշտ ուղղությամբ նետվեցի և գնդակը դիպավ ուղիղ դեմքիս: Հաջորդ 3-4 րոպեները, երբ տղաները վազում էին՝ ուրախությունից իրենց կորցրած, ողջ աշխարհը ինձ էր նայում: Դա իմ կյանքի ամենաերջանիկ պահերից մեկն էր:

-Վերադառնանք հավաքականի թեմային: Քեզ դուր եկա՞վ Հոլանդիայի ելունթը  վերջին աշխարհի առաջնությունում:

Նախքան մրցաշարի սկսվելը ոչ ոք հոլանդացիերից այդպիաի խաղ չէր սպասում: Այնպես որ, այո, խոստովանեմ, որ ես մի փոքր զարմացած էի: Պետք է արժանին հատուցել վան Գալին, ում տակտիկական դիրքավորումը և խաղացողների ընտրությունը հնարավորություն տվեցին թիմին նվաճել բրոնզե մեդալ:

Կոստա Ռիկայի հետ խաղում դարպասապահի փոխարինումը կարող էր խաղի ելքը փոխել ցանկացած թիմի оգտին,սակայն կոստառիկացիները չգիտեին ինչպես դրան արձագանքեն և արդյունքում պարտվեցին: Դա մարզչի կողմից շատ ճիշտ և վարպետորեն արված քայլ էր:

Հիմա հավաքականի գործերն այնքան էլ լավ չեն. պարտվեցինք Չեխիային, իսկ բոլորովին վերջերս էլ Իսլանդիային: Ամեն ինչ ընթանում է ոչ այնպես, ինչպես պետք է:

-Ի՞նչ ես կարծում, Լուի վան Գալը համապատասխանում է «Մանչեսթր Յունայթեդին»: Ինչպե՞ս ես գնահատում թիմի  մեկնարկը:

— Անհամաչափ սկիզբ է, այնպես չէ՞: Բոլորը սպասում էին անհամար թվով հաղթանակներ և ավելի բարձր տեղ մրցաշարային աղյուսակում: Բացի դրանից, «Յունայթեդը» դուրս մնաց Լիգայի գավաթից: Թեև այս ամենին, ես վստահում եմ Լուի մեթոդներին և գիտեմ, որ «Յունայթեդի» գործերը դեպի լավը կգնան: Ոչ մի կասկած չունեմ, որ նա հաջողություն կբերի «Оլդ Տրաֆորդին»:

-Դեյլի Բլինդը անցած ամառ լքեց  «Այաքսը» և միացավ «կարմիր սատանաներին»: Ի՞նչ ես կարծում, նա կկարողանա՞ լուծել «Յունայթեդի» կիսապաշտպանությունում առկա խնդիրները:

-Դեյլին եկել է «Այաքս», երբ ընդամենը 8 տարեկան էր: Այն ժամանակ ես խաղում էի նրա հայրիկի հետ, ով որպես մեր թիմի ավագ, առաջնորդեց մեզ դեպի հաղթանակ Չեմպիոնների լիգայում: Անհավատալի է,  թե ինչպես է նրա տղան՝ Դեյլին մեծացել և դարձել պրոֆեսիոնալ: Դեյլին սկսեց ձախ պաշտպանից, սակայն հետո անցավ հենակետային կիսապաշտպանի դիրքին: Ես վստահ եմ, որ նա դեռ երկար տարիներ կմնա  «Յունայթեդի» կիսապաշտպանությունում:

Ի՞նչ կասես Դավիդ դե Խեայի հաջողությունների մասին: Նրան հիմա կարելի է համարել քեզ հաջողությամբ փոխարինող դարպասապահ:

-Դե, դուք կարող եք այդպես ասել: Կուզենայի, որ բոլորը նրան ինձ արժանի փոխարինող համարեին: Պետք է ասել, որ Դավիդը միշտ էլ ունեցել է լավագույն դարպասապահը դառնալու ներուժ, թեև դեռ շատ երիտասարդ է: Ես վստահ եմ, որ Լուի վան Գալի և Ֆրանս Խուկի հետ նա էլ ավելի լավը կդառնա:

 

Բլից հարցեր

 

-Լավագույն ֆուտբոլիստը, ում հետ երբևէ խաղացել ես:

— Քրիստիանո Ռոնալդու:

-Լավագույն հարձակվողը, ում դեմ դու խաղացել ես:

-Ռոմարիո:

-Սըր Ալե՞քս, թե՞ Լուի վան Գալ:

-Լուի վան Գալ:

-Լավագույն սեյվը:

-Ես կասեի ամենակարևորը: Անելկայի հարվածը Մոսկվայում:.

-Ամենավատ բաց թողնված գնդակը:

-Դրանք շատ են եղել: Չեմ կարող հիշել:

Ինչի մասին ես ափսոսում:

-Չհաջողվեց հավաքականի կազմում որևէ նշանակալի հաղթանակ տանել:.

Կարիերայի լավագույն պահը:

-Հաղթանակը Չեմպիոնների լիգայում «Յունայթեդի» հետ և վերջին 11 մետրանոց հարվածի սեյվը: Դա աննկարագրելի էր:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում գործադուլ են անում երկաթուղայինները’
Հաջորդ հոդվածը‘Վճռաբեկ դատարանի ղեկավարի եղբայրը կրկին պատմել է եղբոր կաշառակեր լինելու մասին’