‘Էլմար Մամեդյարով. Ղարաբաղի շուրջ հաշտության համաձայնագրի մշակումն սկսելու կարևորության մասին Փարիզի հայտարարությունն առաջընթաց է’

1176

Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ընթացքում մեծ տեղաշարժ չի դիտվել, սակայն Ֆրանսիայի ղեկավարի այն հայտարարությունը, թե ժամանակն է սկսելու հաշտության մեծ համաձայնագրի մշակման աշխատանքը, արդեն առաջընթաց է: Ըստ «Թրենդի», այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ԱրմԻնֆոն:

Նախարարի խոսքով, անհրաժեշտ է շարունակել աշխատանքն այն հարցերի շուրջ, որոնք դեռ համաձայնեցված չեն: Ինչպես նշել է Մամեդյարովը, դեկտեմբերի սկզբին Բազելում (Շվեյցարիա) կկայանա ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստ, որի շրջանակում նախատեսվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: «Բանակցությունների կարևոր պայման է հայկական զորքերի դուրս բերումն օկուպացված տարածքներից, և միջնորդները դրան համաձայն են», — եզրափակել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, որը նախաձեռնել էր Ֆրանսիայի նախագահ  Ֆրանսուա Օլանդը: Հաշտության բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում երկխոսության շարունակումը և վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել կողմերի միջև շարունակել բարձր մակարդակի բանակցությունները: Կողմերը նաև պայմանավորվել են ԿԽՄԿ միջոցով տեղեկատվություն փոխանակել անհետ կորածների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում Ֆրանսիայի նախագահ Օլանդը նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում առկա ստատուս-քվոն հուսալի չէ: Նա երկու երկրների ղեկավարներին կոչ է արել քաղաքական կամք դրսևորել, մի կողմ թողնել հակասությունները և հայ ու ադրբեջանցի հասարակություններին նախապատրաստել ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հաշտության մեծ համաձայնագրի ստորագրմանը:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայում գողացել են Դահաու համակենտրոնացման ճամբարի դարպասը’
Հաջորդ հոդվածը‘Թուրքիայում խորտակվել է միգրանտներ տեղափոխող նավը, կա 20-ից ավելի զոհ’