‘Ընդդիմությունը իշխանության հետ բանակցելու ոչինչ չունի. Երկխոսության փորձերը իմիտացիա են ‘

1177

Գալուստ Սահակյանի հրավերով այսօր խորհրդարանում կայացած հանդիպմանը որեւէ բովանդակային քննարկում չի ծավալվել, այս մասին հայտարարել են հանդիպմանըմասնակցած ԲՀԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչներ Միքայել Մելքումյանը եւ Ռուբեն Հակոբյանը:

Վերջինս տեղեկացրել է, որ գնացել էին հանդիպման՝ ընդամենը տեղեկացնելու, որ 12 կետերի շուրջ քննարկելու հարց չունեն: «Մինչ այս Կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը բազմիցս ապացուցել են, որ նման գործընթացներն օգտագործում են կառուցողական կերպարով ներկայանալու համար, և, ըստ էության, դրանք իմիտացիոն գործընթացներ են», — 7or.am-ի փոխանցմամբ, ասել է Հակոբյանը։ Միքայել Մելքումյանն իր հերթին տեղեկացրել է, որ Կառավարությանը փոխանցել են Եռյակի դիրքորոշումը՝ 12 կետերի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու համար գործադիրը բավական ժամանակ ուներ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայ ազգային կոնգրեսը չի մասնակցել հանդիպմանը:

Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանը հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով ընդդիմությանը երկխոսել 12 կետերի շուրջ:

Միեւնույն ժամանակ, ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում վերահաստատել է իշխանափոխության գնալու ԲՀԿ պատրաստակամությունը

«Հայաստանի Հանրապետությունում կյանքը քաղաքացու համար լավ չէ, մեղմ ասած՝ հարմար չէ: Մենք ունենք տնտեսական, սոցիալական եւ քաղաքական ճգնաժամ: Դրա համար պատասխանատուն իշխանություններն են : Եթե իրենք չեն լուծում այդ խնդիրերը իրենք իրենց իսկ գլխին բերում են իշխանափոխության հարցը», — ասել է Ուրիխանյանը՝ ընդգծելով, որ իշխանափոխությունը վերաբերում է «բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր խանգարում են Հայաստանի զարգացմանը»:

Նախորդ հոդվածը‘Գնացքը գնացել է, Սերժ ‘
Հաջորդ հոդվածը‘Իսպանիա-Գերմանիա. Խաղից առաջ’