‘Ըստ Վարդան Այվազյանի՝ կոնյակ ու պղինձ չի արտահանվի, բայց արտահանման ծավալը կմեծանա ‘

1206

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Վարդան Այվազյանը iLur.am-ի հետ զրույցում փորձում է հիմնավորել Կառավարության եւ ԿԲ ներկայացրած տեսակետները դրամի արժեզրկման «դրական» հետեւանքների վերաբերյալ: Մի կողմից, նշելով, որ հանքարդյունաբերական արտադրանքի միջազգային գների անկումը եւ ռուսական արժույթի վայրիվերումները զսպում են հայաստանցի արդյունաբերողների կողմից համապատասխանաբար դեպի Եվրոպա եւ դեպի Ռուսաստան ապրանքների արտահանումը, պարոն Այվազյանը պնդում է, որ դրամի արժեզրկումը կխթանի արտահանումը:


Ո՞րոնք են, ըստ Ձեզ, դրամի արժեզրկման պատճառները:

Դրամի կտրուկ արժեզրկման հիմնական պատճառներից մեկը ռուսական ռուբլու «վայրիվերումներն» են, ինչի պատճառով նվազում է այդ երկրից եկող տրանսֆերտների ծավալը: Երկրորդ գործոնը նավթի գների անկումն է, որը հանգեցրել է մի շարք ապրանքատեսակների էժանացմանը: Մասնավորապես, ՀՀ  համար առաջին համալրող հանդիսացող մետաղների վաճառքից եկած դոլարային մուտքերն են, որոնք պակասել են: Ամենամեծ ծավալներով մենք վաճառում ենք պղնձի հանքանյութ եւ մոլիբդեն, որոնց գները նախանշված են եղել մինչեւ $7000-7200, որն այսօրվա դրությամբ իջել է մինչեւ $6000-ի սահմանները: Հնարավոր է՝ տնտեսվարողները որոշակի վերապահումներ անեն եւ նոր պահանջարկ չներկայացնեն՝ սպասելով, որ գինը վերականգնվի: Հնարավոր է նաեւ՝ մեր հանքարդյունաբերողները արդյունահանեն, բայց չվաճառեն հանքանյութը, մինչեւ վիճակը կայունանա:

Կենտրոնական բանկը հայտարարում է, որ դրամի արժեզրկումը կխթանի արտահանումը: Որքանո՞վ է դա լուրջ:

Այո, ինֆլյացիան խթանում է արտահանումը այն առումով, որ տեղական արտադրանքի՝ դրամով ձեւավորվող ինքնարժեքը կնվազի եւ ավելի մրցունակ կդառնա միջազգային շուկայում: Եթե դու առաջ տվյալ արտադրանքի վրա ծախսում էիր 1000 դրամ եւ դա արժեր 3 դոլար, այսօր, [փոխարժեքը] 500 դրամին հասնելու դեպքում ապրանքիդ ինքնարժեքը կլինի 2 դոլար: Հետեւաբար՝ ապրանքիդ ինքնարժեքի նվազման պարագայում միշտ էլ ինֆլյացիան արտահանումը խթանող հանգամանք է:

Դա տեսության մեջ, բայց գործնականում, երբ արտահանվող ապրանքների զգալի մասը, հիմնականում՝ կոնյակը Ռուսաստան է գնում, որտեղ եւս արժույթի հետ կապված լրջագույն խնդիրներ կան…

Ռուսաստան մենք հանում ենք պատրաստի արտադրանք: Այնտեղից էլ հիմա գումար չի գալիս, որովհետեւ մեր արտահանողը կասկածի տեղիք է տալիս, թե ինչպիսի արտարժույթով գումար ստանա, բայց արտահանման խթանման առումով… նույն Ռուսաստանում ինֆլացիան ավելի բարձր է: Դոլարի անկումը եթե ՀՀ-ում մինչեւ 15-20% է, ապա Ռուսաստանում 50-60 տոկոս է:

Հենց դա ի նկատի ունեմ: Փաստացի, արտահանումը չի ավելանալու, այդպես չէ՞:

Այնտեղի իրավիճակը շատ ավելի բարդ է: Իսկ ինչ վերաբերում է նրան, որ, քանի որ մենք ներմուծող երկիր ենք, բնականաբար, մեզ մոտ որոշակի գնաճ տեղի կունենա: Բացի դրանից, շուկայում այժմ տեղի ունեցող աղմուկը լրացուցիչ [դոլարի] պահանջարկներ կարող է բերել: Մարդկանց մոտ սկսում է սեփական արտարժույթի նկատմամբ խուճապային տրամադրություններ ստեղծվել, մեծ պահանջարկ է առաջ գալիս դոլարային, եւ ավտոմատ գինը սկսում է բարձրանալ:

Մտավախություն չկա՞, որ Հայաստանում գործող ռուսական ընկերությունները մեծ քանակությամբ դոլար կարտահանեն եւ ավելի կնպաստեն ինֆլյացիային:

Չեմ կարծում, որովհետեւ, համենայնդեպս, «կենդանի» դոլար թղթադրամի միջոցով արտահանելու համար որոշակի խնդիրներ կունենան:

Հնարավոր չէ՞ր կանխատեսել դրամի փլուզումը, որպեսզի բյուջեի նախագծի հաշվարկում չդրվեր արդեն ոչ ակտուալ 411 դրամը 1 դոլարի համար:

Ի՞նչ է, աշխարհում կա՞ մի մարդ, որը կարողանար կանխատեսել: Չկա:

Դե, դեռ տարվա սկզբից՝ ուկրաինական ճգնաժամը, տարվա կեսերից՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, հետո՝ ռուբլին ավելի վաղ սկսեց արժեզրկվել, քան դրամը:

Օրինակ՝ անցած տարվա բյուջեում 416 դրամ է եղել նախատեսված, բայց ողջ տարվա ընթացքում իրական կուրսը եղել է 408: Դա կանխատեսում է, դրա համար կա ՀՆԱ անվանական եւ իրական: Կա կանխատեսումային եւ դե ֆակտո գործող փոխարժեք: Այսպիսին է իմ վերլուծությունը: 

Նախորդ հոդվածը‘Քերին նախազգուշացրել է, որ ԻՊ-ի ջախջախումը կարող է տարիներ տևել’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանը կպատասխանի ՆԱՏՕ-ի արևելյան սահմանների ամրացմանը’