‘Թաղապետարանները «այլախոհների» ցուցակներ են կազմում. «Հրապարակ»’

1804

Վերջին օրերին քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակազմերին հանրահավաքներին չմասնակցելու խիստ հրահանգներ են իջեցվել: Այս մասին գրում է «Հրապարակը»: Ավելին, որոշ ճարպիկներ դպրոցների, մանկապարտեզների ղեկավարներին հրահանգել են «այլախոհների» ցուցակներ կազմել ոչ միայն  աշխատակազմի մակարդակով, այլեւ նրանց ազգականների, ընտանիքի անդամների ու անգամ երեխաների ծնողների: Չի բացառվում, որ սա թաղապետարանների ինքնագործունեությունն է: Նրանց մտավախությունների ու ձեռնարկած քայլերի մասին «Հրապարակը» հետաքրքրվել է երեկ՝ ավագանու նիստի ավարտից հետո: Իշխանափոխությանը նրանց վերաբերմունքը բազմազան էր:

Օրինակ, Ավանի թաղապետը բերանը պինդ փակեց, երբ լսեց «այլախոհներին»  ցուցակագրելու մասին հարցը: Նա, ատամներն ու շրթունքները սեղմած, լսում էր մեր հարցերը՝ առանց արձագանքելու: Թերթի ճշտող հարցին, թե կարելի՞ է լռությունը համաձայնության նշան ընդունել, շրթունքներն ավելի պինդ սեղմեց:

Արաբկիրի թաղապետ Հրայր Անտոնյանն ավելի անկաշկանդ էր, նա նախ հայտարարեց, որ նման բան մեզնից է լսում, ապա մեր ճշտող հարցից հետո, թե նման բան իսկապե՞ս չի եղել, մտափոխվեց. «Գուցե լինի նման հրահանգ, բայց ես մի բանում վստահ եմ՝ յուրաքանչյուր աշխատող իր աշխատաժամանակը պիտի իր աշխատատեղում անցկացնի»: Հանրահավաքներն աշխատանքային օրվա ավարտին են տեղի ունենում: «Ես վստահ եմ՝ մերոնցից ոչ մեկ չի մասնակցում նմանատիպ հանրահավաքի, ես վստահ եմ իմ աշխատակազմի վրա, որ պարապ-սարապ, մանր-մունր հարցերով չի զբաղվում, եթե իրանք աշխատում են աշխատանքի ժամանակ, հետո հասցնում են գնան իրանց ընտանիքներին… Կանա՞յք գնան հանրահավաքի: Պարապ կանայք կարող ա գնան, իսկ աշխատող կանայք դժվար 6-ից հետո իրանց երեխաներին ու ընտանիքը թողեն, գնան-հասնեն հրապարակ»,- փիլիսոփայեց չինովնիկը: Գուցե պայքարում են վատ իշխանությունից ազատվելու, իրենց երեխաների,  երկրի լավ ապագայի համար: ՀՀԿ-ականը շարունակեց. «Ով ցանկանում ա՝ թող գնա, ես վստահ եմ՝ մեր աշխատավայրից որեւէ կին չի գնում հանրահավաք, 6-ից հետո հայ կինը գնում ա՝ իր ընտանիքով ա զբաղվում, իր հաց ու ջրով ա զբաղվում»:

Բայց այսպես դատող չինովնիկները հայ կնոջը լիարժեք «օգտագործում» են ընտրությունների օրերին՝ մինչեւ կեսգիշեր ստիպում, որ կեղծիքներ անեն, չեբուրաշկայի դեր ստանձնեն, մասնակցեն ՀՀԿ-ի հրապարակային միջոցառումներին՝ «մասովկա ապահովեն»:

Համայնքի կրթական ու այլ պետական հաստատությունների՝ հանրահավաքներին չմասնակցելու հրահանգի մասին հարցից խրտնեց նաև Նորք-Մարաշի թաղապետ Վարազդատ Մկրտչյանը: Հարցը լսելուն պես հունից դուրս եկավ ու մի կողմ հրեց ձայնագրիչը:

Այս «աբորիգեններից» տարբերվել է միայն Աջափնյակի թաղապետ Արտավազդ Սարգսյանը, ով բարոյախրատական ճառերի փոխարեն ասաց. «Մարդկանց իրավունքն է՝ մասնակցել կամ չմասնակցել հանրահավաքներին: Որևիցե մեկը մարդկանց իրավունքի վրա չի բռնանում»:

Նախորդ հոդվածը‘Կամո Արեյանը հայկական ցածրորակ էստրադայի երկրպագուներից է. «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Ավտոճանապարհներին թույլ մառախուղ է’