‘Թերեզա Մեյ. «Զգույշ եղեք ձեր արտահայտություններում»’

1788

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը բրիտանական խորհրդարանի անդամներին կոչ է արել Եվրամիությունից երկրի դուրս գալը քննարկելիս զգույշ ընտրել բառերն ու արտահայտությունները:

Sunday Times թերթի խմբագրական սյունակում հրապարակվել են խորհրդարանի անանուն պատգամավորների քննադատական արտահայտությունները ԵՄ-ի հետ բանակցություններում Մեյի դիրքորոշման կապակցությամբ: Կիրակի օրը հրապարակված հոդվածում ասվում է, թե վարչապետը մտել է «գնդակոծության գոտի»: «Մոտենում է այն պահը, երբ նրա կուրծքը կխոցեն շիկացած դանակով: Կխրեն ու կպտտեն: Նա շուտով մեռած կլինի»: Խոսքը քաղաքական մահվան մասին է, սակայն անանուն հեղինակի (որի մասին միայն հայտնի է, որ նա Պահպանողական կուսակցությունից է) փոխաբերությունը քննադատության ալիք է բարձրացրել:

Պահպանողականները նույնպես դատապարտել են իրենց կուսակցի խոսքերը: Պահպանողական կուսակցության անդամ Հեյդի Ալենը հայտարարել է, որ ով ուզում է դա լինի, նրան հարկավոր է հեռացնել կուսակցությունից: Համայնքների պալատում շոտլանդացի ազգայնականների առաջնորդ Այան Բլեքֆորդը նույնպես կարծում է, որ նման անզգուշության համար այդ խոսքերի հեղինակը պետք է ներողություն խնդրի, ապա պետք է հեռացվի կուսակցությունից: Բլեքֆորդն այդ հրապարակումը կոպիտ ու դաժան է որակել: Պահպանողական կուսակցության անդամ Սառա Վուլլասթոնը հրապարակման հեղինակին անվանել է վախկոտ և հավելել է. «Մի՞թե նրանք ոչինչ չեն հասկացել Ջոաննա Քոքսի սպանությունից հետո էլ»: (Լեյբորիստական կուսակցության քաղաքական գործիչ, խորհրդարանի անդամ Ջոաննա Քոքսը սպանվեց ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ հանրաքվեից մեկ շաբաթ առաջ, ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Հարձակվողը երեք անգամ կրակել էր նրա վրա, ապա դանակով հարվածներ հասցրել՝ այդ ընթացքում բացականչելով «Britain First!»՝ «Բրիտանիան՝ ամենից առաջ» ):

Փոխանցում է BBC-ն:

 

Նախորդ հոդվածը‘Երկվորյակների մայրը ցանկանում է վերադարձնել իր փոքրիկներին’
Հաջորդ հոդվածը‘Որպես պետությանը պատճառված վնասի փոխհատուցում ՔԿ դեպոզիտ հաշվին է փոխանցվել ավելի քան 371 մլն դրամ ‘