‘Թրամփը խոստացել է Աֆղանստանում կռվել մինչև հաղթական ավարտը’

2309

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի հապշտապ դուրսբերումն այնտեղ վակուում կթողնի, որը կզբաղեցնեն ահաբեկիչները:

Թրամփը հավաստիացրել է, որ իր առաջին բնական արձագանքը եղել է հրաման արձակել զորքերի դուրսբերման վերաբերյալ, սակայն դրա փոխարեն՝ որոշել է ամեն ինչ թողնել նախկինի պես և կռվել մինչև հաղթանակ, այլ չկրկնել Իրաքում թույլ տրված սխալները: Նրա խոսքով՝ ճիշտ չէ Աֆղանստանում իրականացվող առաքելությունը սահմանափակել բացառապես ժամանակային շրջանակներով, այլ դրա փոխարեն՝ զորքերը դուրս բերելու որոշումը կայացնել՝ ելներով երկրում ստեղծված իրական պայմաններից:

Միևնույն ժամանակ՝ Թրամփն ընդգծել է, որ Աֆղանստանին «քարտ-բլանշ» չի տալիս:

«Ամերիկան կաշխատի Աֆղանստանի իշխանությունների հետ այնքան ժամանակ, մինչև առաջընթաց  ու  փոխադարձություն տեսնի»,- ասել է Թրամփը:

ԱՄՆ նախագահը դիմել է նաև Պակիստանի իշխանություններին՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն այլևս աչք չի փակի այն բանի վրա, որ այդ երկիրը ծայրահեղականների ապաստանի է վերածվել: Նա նախազգուշացրել է՝ Իսլամաբադը շատ բան կկորցնի, եթե չհամագործակցի ամերիկացիների հետ: «Մենք Պակիստանին միլիարդավոր դոլարներ ենք տվել, իսկ նրանք այնտեղ ապաստանում են հենց նույն ահաբեկիչներին, որոնց դեմ մենք պայքարում ենք»,- հայտարարել է Թրամփը:

Այս մեղադրանքը շտապել է հերքել պակիստանյան բանակի ներկայացուցիչ Ասիֆ Հաֆուրը. «Պակիստանում ահաբեկիչների համար ապաստաններ չկան: Մենք ահաբեկիչների, այդ թվում՝ Հաքանի ցանցի դեմ պայքարում համագործակցում ենք բոլոր ուղղություններով»:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Արսեն Գրիգորյան. Պարոն Բագրատյան, իսկ Սամվել Մկրտչյանի «Ուլիսեսը» կարդացե՞լ եք’
Հաջորդ հոդվածը‘Դանիայում կորած լրագրողուհու որոնումներն ավարտվել են’