‘Թևան Պողոսյան. ՆԱՏՕ-ն չի կարող անվերջ աչք փակել իսլամականների հետ Թուրքիայի խաղերի վրա’

874

ՆԱՏՕ-ն չի կարող անվերջ աչք փակել «Իսլամական պետության» հետ Թուրքիայի խաղերի վրա: Դեկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել ՆԱՏՕ խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի պատվիրակության անդամ Թևան Պողոսյանը:

Նրա խոսքով, լինելով դաշինքի անդամ, Թուրքիան միաժամանակ նավթ է գնում իսլամականներից, որ նրանց ձեռքում է հայտնվել Իրաքի և Սիրիայի հյուսիսային տարածքների զավթումից հետո:

«Ակնհայտ է, որ նավթի թրաֆիքինգը լուրջ խնդիր է դարձել ԱՄՆ և ՆԱՏՕ-ի գծով նրա դաշնակիցների համար` «Իսլամական պետության» հետ պայքարում: Տարօրինակն այն է, որ շատ լավ տեսնելով, թե ով է ահաբեկիչներից գնում նավթը,   Դաշինքում, այդուհանդերձ, խուսափում են հրապարակավ նշել այդ երկիրը, քանի որ նա նույնպես ՆԱՏՕ անդամ է, այսինքն` Թուրքիան: Այդուհանդերձ, չեմ կարծում, որ ՆԱՏՕ-ն կարող է անվերջ աչք փակել դրա վրա», — ասել է Պողոսյանը:

Խոսելով Դաշինքի դերի մասին Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման գործում` Պողոսյանը նշել է, որ ՆԱՏՕ-ն այստեղի գործընթացներին անմիջական մասնակցություն չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ դաշինքի բոլոր 28 անդամները միասնական դիրքրոոշում չեն դրսևորել: Նրա խոսքով, ինչպես հայտնի է, ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում ԱՄՆ և Ֆրանսիայի դիրքորոշումները, օրինակ, տարբերվում են հենց նույն Անկարայի մոտեցումներից: Հետևաբար, զարգացնելով համագործակցությունը Հարավային Կովկասի երկրներից յուրաքանչյուրի հետ առանձին` ՆԱՏՕ-ն, այդուհանդերձ, ձեռնպահ է մնում տարածաշրջանային խնդիրներին անմիջական միջամտությունից:

Նախորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Այլ պայմանագրերի չհակասելը ԵՏՄ պայմանագրին ո՞վ է որոշում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Անդամակցելով ԵԱՏՄ-ին` Հայաստանը կպահպանի Վրաստանի հետ ազատ առևտրի ռեժիմը’