‘
Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 1:2 հաշվով սենսացիոն պարտություն կրեց կատալոնական «Ժիրոնայից», որը տարավ կամային հաղթանակ:
Խաղի հաշիվը 12-րդ րոպեին բացեց «Ռեալի» իսպանացի կիսապաշտպան Իսկոն, որը խփեց առաջին խաղակեսի միակ գոլը: Երկրորդ խաղակեսի սկզբնամասում կատալոնացիները 4 րոպեում աչքի ընկան 2 անգամ եւ առաջ անցան հաշվի մեջ: Ընդմիջումից հետո Պրիմերայի նորեկն ուներ շատ վստահ տեսք եւ պաշտպանվում էր գրեթե անսխալ: «Ռեալը» ուներ տարածքային մեծ առավելություն, բայց իրական գոլային պահեր ստեղծել չէր հաջողվում:
Արքայական ակումբն ընթացիկ առաջնությունում առաջին անգամ միավորներ կորցրեց արտագնա խաղում եւ 20 միավորով մնաց երրորդ տեղում: Առաջատար «Բարսելոնան» ունի 28 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Վալենսիան»՝ 24: «Ժիրոնան» 12 միավորով 11-րդ տեղում է:
Իսպանիայի առաջնություն, 10-րդ տուր
«Ժիրոնա» — «Ռեալ»՝ 2:1
Կրիստիան Ստուանի, 54, Պորտու, 58 – Իսկո, 12
‘