‘Ի՞նչ կլինի «Սկյուռիկի», «Արջը հյուսիսում»-ի ճակատագրերը. Արտադրողներին մտահոգում են ԵԱՏՄ մարտահրավերները’

999

Հայ արտադրողներին մտահոգում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սպասվող լրացուցիչ ռիսկերը և մարտահրավերները: Իրենց մտավախությունների մասին շուրջ 40 տեղական ընկերություն կիսվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում:

Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը շատ ռիսկեր ակտուալ է համարել և նշել, որ դրանց առնչությամբ կարգավորման հստակ մեխանիզմներ առայժմ չկան, թեև կան ընդհանուր մոտեցումներ: Մասնավորապես, շատերին մտահոգել են ապրանքանիշի պահպանումը և սերտիֆիկացման հարցերը: Մասնավորապես, «Գրանդ Քենդի» ընկերության տնօրեն  Արամ Ղազարյանը հետաքրքրվել է, թե ինչպես է վաճառվելու իր ընկերության արտադրանքը եվրասիական շուկայում, եթե ապրանքանիշերը համընկնում են: Շաբոյանը պատասխանել է, որ նման խնդիր իրականում կա, քանի որ դեռ խորհրդային ժամանակների կոնֆետների շատ անվանումներ, օրինակ` «Սկյուռիկ», «Արջը հյուսիսում», արտադրվում են տարբեր երկրներում և պատենտավորված են տեղական արտադրողների կողմից: «Կարծում եմ, որ, եթե դրանք պատենտավորված են, խնդիրներ չպետք է ծագեն»,- ասել է նա:

Շաբոյանը նշել է, որ որոշ փոփոխություններ օրենսդրությունում, այնուամենայնիվ, կկատարվեն: Օրինակ` հակամրցակցային գործողությունների համար Ռուսաստանում նախատեսված է նաև պաշտոնյաների համար 20-150 հազար ռուբլու չափով տուգանք: Թե ինչպիսին կլինի պատժաչափը հայ պաշտոնյաների համար դեռ պարզ չէ: Բացի այդ, Ռուսաստանում անբարեխիղճ մրցակցության համար տուգանքը գանձվում է որոշակի ապրանքի հասույթից տոկոսի տեսքով, իսկ Հայաստանում` ընկերության ողջ հասույթից: Նա նշել է, որ վեց ամսվա ընթացքում Հայաստանը պետք է մրցակցության բնագավառում օրենսդրությունը համապատասխանեցնի ԵԱՏՄ կանոններին: 

Նախորդ հոդվածը‘Մի քանի քաղաքացիներ ակցիա են անցկացնում՝ ընդդեմ ԵԱՏՄ-ի ՀՀ անդամակցության’
Հաջորդ հոդվածը‘Հայկ Կյուրեղյանը կրկին ոտքի չկանգնեց, դատական նիստը հետաձգվեց’