‘Ինչպես է նոր Երեւանում կորչում հին Երեւանը’

6747

Դարերի պատմություն ունեցող և վերջին տարիներին մեծ շուքով, հերթական աշնան մի օր իր ծննդյան տոնը նշող մեր քաղաքը, հարուստ և բազմաշերտ կենսագրականով, այսօր կանգ է առել իր խնամակալների կեղծ նվիրվածության, անտարբերության, պատմական անցյալի գիտակցման և այս պայմաններում հետագա զարգացման հեռանկարի բացակայության խնդրի առաջ:
Երևանի տարածքում հայտնաբերված  հնագույն մարդկանց քարայր-կայանները, մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներին վերագրվող բնակատեղիները (հնավայրեր Շենգավիթում, Զեյթուն և Ավան թաղամասերում, Ծիծեռնակաբերդում, Երկաթուղային  կայարանի մոտ, Կարմիր բերդում, Կարմիր բլրում և այլն) դրա վկայությունն են: Պատմական այս շրջանի հնագիտական նյութերն այսօր ցաքուցրիվ պահվում են տարբեր թանգարաններում, իսկ բուն բնակավայրերը մոռացության են մատնված և մասնագետների ուշադրութjան, հետագա ուսումնասիրությունների կարիք են պահանջում:
Հաշվի առնելով հնագույն շրջանին պատկանող նյութերի սակավությունը՝ շատ հաճախ Երևանի տարեգրությունն սկսում ենք Ուրարտական մշակույթի ժամանակաշրջանից մեզ հասած ժառանգությունն ի ցույց դնելով, և ամեն տարի Էրեբունի ամրոցում տոնախմբության շքեղության քողի տակ թաքցնում ենք հայկական ճարտարապետության և քաղաքաշինության պատմության մեջ բացառիկ նշանակություն ունեցող այս կառույցում տեղ գտած արդի խնդիրները, իսկ Կարմիր բլուրի Թեյշեբաինի քաղաք-ամրոցի տարածքը վերածելով աղբանոցի, չպահպանելով նույնիսկ թանգարանային հատվածը՝ այսօր լիովին կորցրել է իր պատմամշակութային արժեքը: Եվ ստացվում է, որ հազարամյա պատմության և մշակույթի մասին վկայող այս եզակի նմուշների անմխիթար վիճակով ենք հանդես գալիս տարածաշրջանի ամենահին քաղաքակրթություններից մեկի կրողների դերում:
Պատմական զարգացման հաջորդ փուլերում` հելլենիստական, վաղ քրիստոնեական, վաղ միջնադարյան, Երևանը, չգրավելով առաջատար տեղ հայկական քաղաքների շարքում, այնուամենայնիվ՝ բնակեցված է եղել և մինչև 1679 թ. խոշոր երկրաշարժն ունեցել է բազմաթիվ կառույցներ, որոնց մեծ մասը թեև հիմնահատակ քանդվել է, սակայն հատուկենտ պահպանվածները կրկին գտնվում են վերացման վտանգի առաջ և երբևէ չեն դառնում վերականգման կամ ուսումնասիրությունների առարկա, ինչն էլ պարզապես անհնարին է դարձնում պատմական ժամանակաշրջանների փոխկապակցումը: Մասնավորապես, անբարեկարգ վիճակում են Ավան թաղամասում գտնվող խոնարհված տաճարը, մատուռները և էլի մի քանի  հուշարձաններ քաղաքի այլ վայրերում:
 Ուշ միջնադարյան Երևանի ճարտարապետական դիմագիծը ներկայացնում էր Երևանի բերդը, որը, հիմնվելով 16-րդ դարում, եղել է թուրք և պարսիկ տիրակալների աթոռանիստը և ձեռքից ձեռք անցնելով՝ վերջապես 1827 թ. ազատգրվել էր ռուսական զորքերի օգնությամբ: Դեռևս խորհրդային կարգերի հաստատման տարիներին մասնագետների մի ամբողջ սերունդ ահազանգում էր բերդի զբաղեցրած բավականին մեծ տարածքում պեղումներ կատարելու անհրաժեշտության մասին, իսկ վերջին տարիներին քաղաքային իշխանությունները ոչ միայն չանդրադարձան այդ խնդրին, այլև  շարունակեցին նախորդների սխալը և անդեմ բարձրահարկ շենքերի խիտ կառուցապատումով ոչնչացրին բերդի մասնակի վերականգման գաղափարի հույսը:

Երբեմնի անառիկ բերդը Արարատյան դաշտավայրի հետ կապող երկթռիչք Կարմիր կամուրջն էլ այսօր գտնվում է կիսավեր վիճակում՝ Հրազդանի ձորի վառ արտահայտված բնակլիմայական աղետի խղճուկ տեսարանի ներքո: Առհասարակ, Երևանի համար կենսական նշանակություն ունեցող Հրազդանի կիրճն այսօր լցված է սրճարաններով և հանդիսանում է մասնավոր շահերի սպասարկման անխնա օգտագործվող հանրային տարածք: Երևանի բերդի դիմաց՝ հին Ձորագյուղի վերևում` Հրազդան գետի ձախ ափի երկայնքով, Սբ. Սարգիս եկեղեցու հարևանությամբ խորհրդային տարիներին սկիզբ էր առել և անկախության առաջին տարիներին մասամբ ավարտի էր հասցվել Հին Երևանի բնակելի տների ճարտարապետական ոճին համապատասխան համալիր կառուցապատման ծրագիրը, որը վերջին տարիներին չստացավ շարունակություն: Ավելին,այսօր  Հրազդանի ձորի լանջից վեր բարձրացող շինությունը ծածկում է Փարաջանովի թանգարանի երկայնքով վերակառուցված այդ տների տեսարանը:  
 Գաղտնիք չէ, որ տուրիզմը, ինչպես նաև սեփական քաղաքացիների վերաբերմունքը դեպի մշակույթը զարգացնելու համաշխարհային պրակտիկայում ընդունված լավագույն միջոցներից մեկը քաղաքի պատմական թաղամասերի վերակառուցումն է՝ դրանք զանազան՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական նպատակներին ծառայացնելու միտումով: Հյուսիսային պողոտան ընդգրկող տարածքը, բնակիչների բռնի տեղահանության միջոցով, քանդվեց, իսկ Գլխավոր պողոտայի`Մաշտոցի պողոտայից մինչև Սարյան փողոց ընկած հատվածը կառուցապատվեց անհամահունչ շենքերով, ի դեպ` խախտելով նախկինում ծրագրված Հին Երևան նախագծի ամբողջականությունը, որը ժամանակին չիրականցվեց, բայց և հողահատկացումներ էլ չեղան: Այսօր էլ քաղաքի կենտրոնում դեռ կանգուն մնացած առանձին հուշարձան շենքերը մնում են անպաշտպան, որոնց վառ օրինակներն են Աֆրիկյանների տունը, ԱՕԿՍ-ի շենքը, իսկ խոստացված Հին Երևան ծրագիրը այդպես էլ մնում է թղթի վրա:

Այս պայմաններում հատկանշական է անդրադառնալ հին և պատմական Կոնդի ճակատագրին, որը տեսականորեն ունի բոլոր հնարավորությունները՝ պեղումների և ռեստավրացիայի արդյունքում  վերաբացվելու որպես Հին քաղաք: Այնինչ, ըստ կառավարության հաստատած գոտիավորման նախագծի՝ այն տրվելու է մասնավոր կառուցապատմանը, և կասկած չկա, որ Կոնդը և կոնդեցիները արժանանալու են նույն ճակատագրին, ինչ Հյուսիսային պողոտայի, Արամի և Բուզանդի փողոցների բնակիչները:
Բազմաթիվ փորձությունների միջով անցած մեր քաղաքը Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առաջին տասնամյակներում կարծես թե վերածնվեց և ճարտարապետ Ալ.Թամանյանի նախագծով ստացավ ամբողջովին նոր տեսք և բովանդակություն, ու թեև այդ ամենի արդյունքում Երևանը կրկին կորցրեց միջնադարյան կառույցների  զգալի մի մասը, բայցևայնպես՝ որևէ կասկած չի հարուցում այն փաստը, որ նոր քաղաքն ամբողջացրեց իր մեջ պատմամշակութային հսակայական շերտերը՝ ձեռք բերելով ազգային ճարտարապետական դիմագիծով առանձնացող համաշխարհային համբավ: Քաղաքի գլխավոր հատակագիծը` նախագծերի, խորը վերլուծությունների և հետազոտությունների հիման վրա կազմված փաստանյութերի մի ամբողջական փաթեթ է, որը խորհրդային տարիներին, ժամանակի պահանջով, թեև ենթարկվեց տարբեր փոփոխությունների, սակայն պահպանեց տրամաբանական զարգացման իր հեռանկարը:
21-րդ դարի, իսկ հատկապես անկախ Հայաստանի և զարգացման լայն հնարավորությունների գոյության պայմանները ստեղծել էին բոլոր նախադրյալները ոչ միայն պահպանելու, վերականգնելու պատմական արժեք ներկայացնող քաղաքային առանձին կառույցները, այլև քաղաքաշինական գրագետ լուծումներով ստանալու հնի և նորի ներդաշնակ համադրություն:
Հայաստանում հաստատված անօրինական իշխանությունները, հաշվի չառնելով և չգնահատելով պատմական ժառանգության արժեքները, սպասարկելով միմիայն սեփական շահերը՝ հիմք դրեցին քաղաքի անկանոն և ապօրինի կառուցապատմանը, ինչի հետևանքով քանդվեցին 19-րդ դարի բազմաթիվ շենքեր, իսկ քաղաքի գլխավոր հատակագիծը անվերադարձ փոփոխությունների ենթարկվեց: Մեծ քանակով բարձրահարկեր մխրճվել են քաղաքի ամենատարբեր գոտիների մեջ՝ խախտելով քաղաքաշինական բազմաթիվ նորմեր՝ ի հաշիվ կանաչապատ տարածքների, տարերայնորեն տարածված մասնավոր բիզնեսի զարգացման անհետևողականության պատճառով էլ աղավաղվում է թամանյանական ճարտարապետութունը՝ շենքերի ճակատներին կնքելով մեր իրականության պատկերը:

Սերգեյ Տոնոյան 

Նախորդ հոդվածը‘Մի անգամ Պանթեոնում (լուսանկար)’
Հաջորդ հոդվածը‘Ժոան Լապորտա. Սանդրո Ռոսելը ոչնչացնում է «Բարսելոնան»’