‘ Իշխան Զաքարյանի նկատմամբ «պատժամիջոցնե՞ր» են կիրառել (Տեսանյութ)’

1470

Ազգային Ժողովում այսօր մեկնարկեց 2015-ին Վերահսկիչ պալատի ծրագրի քննարկումը: Ի տարբերություն նախորդ տարիների, երբ ծրագիրը ներկայացնում էր ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը, այս տարի դա անում է Պալատի խորհրդի անդամ Լիլիթ Գեւորգյանը:

Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը ուշադրություն դարձրեց այս հանգամանքի վրա: Նա նշեց, որ ԱԺ-ում լավ ավանդույթ էր ձեւավորվել, երբ ՎՊ նախագահը տարեկան ծրագիրը ներկայացնելուց առաջ   այցելում էր խմբակցություններ եւ մանրամասնորեն քննարկում էր ծրագրի բովանդակությունը, այդ թվում նաեւ փորձում էր պատգամավորներից ստանալ որոշակի առաջարկներ, որոնք նաեւ ներառում էր իր ծրագրի մեջ:

«Հազիվ մի լավ ավանդույթ կար: Ի՞նչ է եղել, ինչու՞ Իշխան Զաքարյանն այդպես չի վարվել, ընդհանրապես, ինչո՞ւ նա անձամբ չի ներկայացրել այս ծրագիրը», — հարցրեց Զուրաբյանը՝ խնդրելով «մի քիչ բացել խոհանոցը»:

Ի պատասխան՝ Լիլիթ Գեւորգյանը նշեց, որ խմբակցությունների հետ քննարկումների բացակայությունը նրանով էր պայմանավորված, որ ՎՊ տարեկան հաշվետվության քննարկումները բավական երկար են տեւել եւ նոր են ավարտվել:

«Ամեն դեպքում, մի շարք պատգամավորներից գրավոր եւ բանավոր առաջարկներ ենք ստացել: Դրանք բազմաբնույթ են եւ հետաքրքիր, բայց քանի որ արդեն կազմել ենք մեր ծրագիրը, առաջարկում ենք խորհրդարանականների կողմից ներկայացված առաջարկները ներառել որպես արտածրագրային թեմաներ՝ հաշվի առնելով Վերահկիչ պալատի աշխատակազմի ծանրաբեռնվածությունը», — ասաց ՎՊ ներկայացուցիչը:  

Ինչ վերաբերում է Զաքարյանի բացակայությանը, ապա նա, Լիլիթ Գեւորգյանի խոսքով, նա գտնվում է արձակուրդում, կվերադառնա մյուս շաբաթ, եւ «Գալուստ Սահակյանն ու Սերժ Սարգսյանը դրա մասին տեղյակ են»:

Արձագանքելով՝ Լեւոն Զուրաբյանն իր տարակուսանքը հայտնեց այն փաստի առնչությամբ, որ Իշխան Զաքարյանն արձակուրդում է գտնվում հենց այն պահին, երբ ԱԺ-ում պետք է կարեւորագույն զեկուցում ուներար: Պատգամավորը հարցրեց՝ մի գուցե մի բան այն չէ՞, միգուցե Զաքարյանի նկատմամբ պատժամիջոցնե՞ր են կիրառել, եւ Զաքարյանին ժամանակավորապես կամ մշտապես արգելում են ներկայացնել հարցերը ԱԺ-ում:

ՎՊ ներկայացուցիչը «փարատեց մտահոգությունները»:  «Նման բան իսկապես չկա», — ասաց նա:

Նախորդ հոդվածը‘Gangnam Style -ի տեսաերիզը կոտրել է YouTube-ի դիտումների հաշվիչը’
Հաջորդ հոդվածը‘ԵԱՏՄ-ի պայմանագարին դեմ, ձեռնպահ և չքվեարկած պատգամավորները’