‘Իշխան Պողոսյան. Չեն հիշում, բայց պահանջում են’

4128

Հիշո՞ւմ եք՝ տարիներ առաջ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի ունեցան: Հիշո՞ւմ եք՝ ի՛նչ էին ասում այդ փոփոխություններին դեմ արտահայտվողները: Ասում էին հստակ ու պարզ՝ այդ փոփոխությունները մեկ հստակ նպատակ ունեն, ներկայիս իշխանության հարատեւության ապահովումը: Միայն: Իսկ մնացածը՝ եւ խորհրդարանական հանրապետություն, եւ խորհրդարանական կառավարում, եւ ավելի մեծ ժողովրդավարություն, ընդամենը շղարշ են: Հիշո՞ւմ եք՝ ինչեր էին ասում այդ կապակցությամբ էն մյուսները, որոնք կամ դեմ չէին, կամ կողմ էին:

Մեկն ասում էր՝ կեղծ օրակարգ է: Մի մասն էլ ասում էր՝ լավ է խորհրդարանական պետություն լինելը, թող այդպես լինի, եղիցի խորհրդարանական հանրապետություն Հայաստան անվամբ: Ու բոլոր նրանք, ովքեր կողմ էին, կհիշեք երեւի, գնում էին Բաղրամյան 26 լուսանկարվելու՝ ի փառս խորհրդարանական կառավարման եւ ի ցույց փոփոխություններին կողմ լինելու եւ «հավատարմութեան»: Հիշում ենք, իհարկե: Ու ինչպես ասում են՝ ոչ միայն հիշում ենք, այլեւ՝ պահանջում:

Ու էդ ամենն ինչի՞ հիշեցինք: Բանը, այդ փոփոխություններին կողմ արտահայտվածներից մեկն ու «կեղծ օրակարգ» հռչակած մյուսը, որ այդ ժամանակ միմյանց մեղադրում էին իշխանությունների մարդը լինելու համար, հաշտվեցին մի թաս գինու շուրջը, իսկ հետագայում դաշինք կազմեցին ու 9 պատգամավորով անցան Խորհրդարան: Բայց դա էլ ի՛նչ կապ ուներ մեր պատմության հետ: Կապ ուներ եւ շատ ուղիղ:

Օրերս այդ դաշինքից նա, ով կողմ էր ու լուսանկարվել էր նախագահականում՝ Էդմոն Մարուքյանը, հարցազրույցներից մեկում զարմացած խոսում էր ապագա վարչապետի համար ստեղծվող պայմաններից ու ապագա նախագահին հասնող խիստ սահմանափակ լիազորություններից, ու ա՛յ քեզ զարմանք, ասում էր, որ պարզվում է՝ այն ժամանակ, երբ իշխանություններն ասում էին, թե նպատակը խորհրդարանական հանրապետություն դարձնելն ու խորհրդարանական կառավարման անցնելն է, սուտ է, ու որ հիմա ամեն ինչ արվում է ապագա վարչապետի ձեռքում բոլոր լծակները կենտրոնացնելու համար, ու որ ամենասարսափելին՝ իշխանություններն այդպիսով իրենց վերարտադրվելն են փորձում ապահովել: Մեջբերումները բառացի չեն, բայց ըստ իմաստի են:

Ամա՛ն: Պատկերացնո՞ւմ եք: Այսինքն, որ ամիսներ շարունակ ընդդիմադիրներն ասում էին՝ նպատակը դա է, ոչ մի արձագանք չկար, լավագույն դեպքում ասվում էր՝ դա կեղծ օրակարգ է: Իսկ հիմա, տեսեք-տեսեք՝ իշխանությունները խաբել են: Մեկը լինի ասի՝ ա՛յ ընկեր, իշխանությունները չեն խաբել: Ամենեւին: Իշխանությունները գործել են բացահայտ ու ամեն ինչ ի ցույց են դրել ի սկզբանե: Ու ով աչք ուներ՝ տեսավ: Ով ականջ ուներ՝ լսեց: Ով խելք ու բարոյականություն ուներ՝ հասկացավ: Եւ այսպես շարունակ: Հիմա, որ դուք այն ժամանակ դա կամ չընկալեցիք ու չհասկացաք, կամ, ավելի վատ՝ չցանկացաք հասկանալ կամ ձեւացրիք, թե չեք հասկանում, ո՞վ էր մեղավոր: Իշխանությունները: Չէ հա՛: Նրանք ինչպես կարող էին՝ էլ աչքով տվեցին, էլ ունքով արեցին, էլ մատները խաչ արեցին, երբ ասում էին, թե վերարտադրվելու մտադրություն չունեն, էլ ձեր ու մյուսների ոտքն ու ուղեղը տրորեցին, որ հասկանաք: Թե՞ էդ ձեր «սախաթ» կիսագունդն էր:

Նախորդ հոդվածը‘Տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Լարսը բաց է’