‘Իջեւանում եւ Ճամբարակում տեղի ունեցավ հավաք՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման’

1315

«Այսօր Իջեւանում եւս տեղի ունեցավ բողոքի ակցիա՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման: Ի տարբերություն մյուս մարզերի՝ մենք երթի փոխարեն միայն հավաք անցկացրինք»: Այս մասին iLur.am-ին տեղեկացրեց բողոքի ակցիայի մասնակիցներից Խաչատուր Աթաբեկյանը: Նա նշեց, որ Իջեւանի բնակիչների մեծամասնությունը դժգոհ է սակագնի բարձրացումից: Նրա խոսքով՝ չի բացառվում, որ հավաքները կրեն շարունակական բնույթ:

Խաչատուր Աթաբեկյանը հայտնեց նաեւ, որ այժմ պատրաստվում են ուղեւորվել Երեւան՝ ժամը 19:00-ին էլեկտրաէներգիայի ի թանկացման դեմ կայանալիք երթին մասնակցելու համար: Նշենք, որ երթը կազմակերպել է «Ո՛չ՝ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը:

«Հայ ազգային կոնգրեսի» Ճամբարակի տարածքային կառույցի ղեկավար Սամվել Երիցյանը իր հերթին մեզ հայտնեց, որ Ճամբարակում նույնպես տեղի է ունեցել հավաք, որի մասնակիցները պարզել են «Դեմ ենք էլեկտրաէներգիայի թանկացմանը», «Ո՛չ՝ թալանին», «Թույլ չենք տալու» գրություններով պաստառներ:

Հիշեցնենք, որ այսօր հանրապետության 15 քաղաքներում և մարզային կենտրոններում տեղի կունենան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիաներ, որոնք նախաձեռնվել են տեղական քաղաքացիական նախաձեռնությունների, հասարակական կազմակերպությունների, Հայ ազգային կոնգրեսի և անհատ քաղաքացիների համատեղ ջանքերով: Ցույցերի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ այստեղ: 

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Ոտքս հողին չկպչի’
Հաջորդ հոդվածը‘«Շանթի գործով» դատապարտված Լիպարիտ Պետրոսյանը դադարեցրել է հացադուլը’