Իսպանական ակումբը հետաքրքրված է Էդգար Սևիկյանի ծառայություններով

263

Ռուսական «Նիժնի Նովգորոդի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանի ծառայություններով հետաքրքրված է իսպանական «Խետաֆեն»։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր, «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքի մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը:

«Ձմեռային տրանսֆերային պատուհանը հայ ֆուտբոլասերի համար ևս մեկ առիթով շատ հետաքրքիր է լինելու։ Էդգար Սևիկյանի գործակալները կարծես գործի են անցել։ Սևիկյանի տրանսֆերային հարցերով զբաղվում է հանրահայտ Inter Star Deporte գործակալական կազմակերպությունը, որի անդամ են հանդիսանում այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Պաու Տոռեսը, Մոյ Գոմեսը, Բրաիս Մենդեսը, Խուան Բերնատը, Ժորդի Ալբան, Մարկ Բարտրան, Ֆրան Բելտրանը, Օսկար Խիլը, Հուգո Գիլյամոնը, Կոնրադ Դե Լա Ֆեւենտեն։

Transfermarkt-ը տեղեկացնում է, որ այս գործակալության 6 ֆուտբոլիստների վերաբերյալ արդեն հետաքրքրվածություն կա տարբեր ակումբների կողմից։ Այդ ֆուտբոլիստներից մեկը Էդգար Սևիկյանն է։

Սևիկյանի ծառայություններով հետաքրքրված է «Խետաֆեն», որը ձմռանը կարող է ձեռք բերել վերջինիս տրանսֆերը։ Տարբերակներից մեկն այն է, որ գործարքը ձևակերպելուց հետո Էդգարը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով կշարունակի խաղալ «Պարի Նիժնի Նովգորոդում», որից հետո կմիանա «Խետաֆեին»»,- գրել է Սուրեն Մելիքսեթյանը։

Ավելի վաղ 22-ամյա ֆուտբոլիստն ընդգրկվել էր Ռուսաստանի հավաքականի ընդլայնված կազմում, սակայն մերժել էր հրավերը՝ նշելով, որ ցանկանում է խաղալ Հայաստանի հավաքականում։ Սպասվում է, որ Սևիկյանը Հայաստանի հավաքական կհրավիրվի հոկտեմբերին կայանալիք խաղերից առաջ։

Նախորդ հոդվածըԱդրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
Հաջորդ հոդվածըԴոնի Ռոստովում ՀՕՊ համակարգերը խոցել են երկու ԱԹՍ