‘Իտալիայում սուգ է, իտալացիները շոկի մեջ են’

2064

Իտալիայի ազգային հավաքականը դուրս մնաց պայքարից և չի մասնակցի Ռուսաստանում կայանալիք գալիք Մունդիալին: Անցումային խաղերում «Սկուադրա Աձուրան» պարտվեց Շվեդիայի ազգային ընտրանուն ընդհանուր 1:0 հաշվով և վերջին 60 տարվա մեջ առաջին անգամ չի մասնակցի Աշխարհի առաջնությանը:

Իտալական թերթերն ազգային ընտրանու ձախողումը վերնագրեցին մեկ բառով. «Աղետ», «Մղձավանջ»,  «Նվաստացում» և այլն: Մասնավորապես, La Stampa պարբերականն իր անդրադարձը վերնագրել էր՝ «Աձուրայի ապոկալիպսիսը»:

Իտալացիները մասնակցել են վերջին 14 աշխարհի առաջնություններին: Ընդհանուր հաշվով չորս անգամ հռչակվել են լավագույնն աշխարհում: Այս ցուցանիշով զիջում են միայն Բրազիլիային, որը Աշխարհի չեմպիոն է հռչակվել հինգ անգամ: Իտալիան միակ նախկին չեմպիոնն է, որը չի մասնակցի գալիք Մունդիալին:

-Զզվելի է, աշխարհի առաջնությունը չի կարող գոյություն ունենալ առանց Իտալիայի, այդպես պարզապես չի կարող լինել,- ասել է Ֆրանչեսկո Մաչելան:

«Սան Սիրոն» հիասթափված էր շվեդների խաղից հետո, ոմանք նույնիսկ շտապեցին պատճառներ նշել: Կարծիք կա, որ խնդիրը լեգեոներների քանակն է Սերիա «Ա»-ում, ասել է թե իտալացի երիտասարդներին շատ քիչ հնարավորություն է տրվում իտալական ակումբներում իրենց որակները դրսևորելու, արդյունքում տուժում է ազգային ընտրանին: Իտալիայի առաջնության խաղացողների 53,3 տոկոսն արտասահմանցիներ են :

Տեսակետ կա, որ խնդիրն ավելի խորքային է, և ազգային ընտրանու ընթացիկ ոչ բավարար մրցելույթներն ուղիղ համեմատական են երկրի ներկայիս վիճակի հետ, և այլ կերպ լինել չէր կարող:

Իտալիայում նշում են, որ տեղի ունեցածն ուժեղ հարված էր դեմքին: Ասել է թե՝ ժամանակն է լուրջ քայլեր ձեռնարկել իրավիճակը փրկելու համար: Ոմանք մեղադրում են ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վենտուրային, ոմանք՝ խաղացողներին, և սպասվում է, որ այսպես կշարունակվի՝ մինչև Իտալիան ապագայում չվերականգնի սասանված հեղինակությունը:

Իտալիայի հավաքականը վերջին անգամ Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է 2006 թվականին: Վերջին անհաջողությունը ցույց տվեց, թե որքան հեռու է ներկայիս ընտրանին 11-ամյա հաղթանակը կրկնելու համար:

La Stampa-ն նաև հավելել է, որ միակ սփոփանքն այն է, որ նման վիճակում եթե նվաճեին Մունդիալի ուղեգիր, ապա կհայտնվեին անհարմար վիճակում:

Նախորդ հոդվածը‘Մայքլ Օուեն. «Լիվերպուլը» դեռ կարող է հաղթել Պրեմիեր լիգայում»’
Հաջորդ հոդվածը‘Կանտոնան վստահեցնում է՝ շատերն են ցանկանում, որ Բենզեման վերադառնա հավաքական’