Իրանը ԱՄՆ-ին ծանուցել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրացում չի ցանկանում

296

Իրանի իշխանությունները դիվանագիտական խողովակներով ԱՄՆ-ին տեղեկացրել են, որ իրենք չեն ցանկանում պաղեստինա-իսրայելական հակամարտության ծավալների ընդլայնում։

Այդ մասին տեղեկացրել է իսլամական հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիյանը։

«Ի պատսախան ԱՄՆ-ի՝ մենք ասացինք, որ Իրանը պատերազմի տարածում չի ցանկանում, սակայն տարածաշրջանում ԱՄՆ-ի և Իսրայելի քայլերի պատճառով՝ եթե Գազայի հատվածի և Հորդանան գետի Արևմտյան ափի բնակիչների դեմ հանցագործությունները չդադարեն, հնարավոր է դեպքերի զարգացման ցանկացած տարբերակ, ավելի լայնածավալ հակամարտությունը կարող է անխուսափելի լինել»,- բրիտանական Financial Times  թերթին տված հարցազրույցում ասել է նախարարը։

Ինչպես գրում է թերթը, Աբդոլահիյանը բացառել է ուղիղ բանակցությունները Թեհրանի և Վաշինգտոնի միջև։

Ավելի վաղ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտարարել է, որ Թեհրանն ուղիղ հակամարտության մեջ չի մտնի Իսրայելի հետ, քանի դեռ հրեական պետությունը չի հարձակվել իսլամական հանրապետության վրա։

Նախորդ հոդվածըAl Jazeera․ Գազայի հատվածում զոհերի թիվը հասել է 11 470-ի
Հաջորդ հոդվածըՀայտնի է Եվրո-2024-ի 10 մասնակից հավաքական