‘
Իրանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացրած զեկույցը՝ այն երկրների ցանկով, որոնք չեն կատարում ստրկավաճառության դեմ պայքարի նվազագույն պահանջները: Այդ ցանկում ընդգրկված է նաև Իրանը:
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Քասեմին նշել է, թե Վաշինգտոնի հայտարարություններն անհիմն են, ԱՄՆ-ը անհրաժեշտ չափով իրազեկ չէ այլ երկրների վերաբերյալ նման զեկույցներ տարածելու համար:
«Մարդկանց առևտրի հիմնական աղբյուրը պետք է ճանաչել ագրեսիայի, միջամտելու և միակողմանի քայլեր ձեռնարկելու քաղաքականությունը, ինչպես նաև պատերազմը, ահաբեկչությունը և էթնիկ զտումները: Դրանց մեծ մասին ԱՄՆ զինվորականները և նրա դաշնակիցներն անմասն չեն մնում»,- նշել է Քասեմին:
Զեկույցում ընդգրկված է 187 երկիր, որոնցում գնահատվում են կառավարությունների գործողությունները ստրկավաճառության դեմ պայքարում 2016 թ. ապրիլի 1-ից մինչև 2017-ի մարտի 31-ը:
23 երկրներ ներառող վերջին՝ երրորդ ցանկում տեղ են գտել Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև Բելառուսը, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, ԿԺԴՀ-ն, Սիրիան, Իրանը և Վենեսուելան:
Փոխանցում է ria.ru-ն:
‘