‘Լեւոն Բարսեղյան. Առը հա ձեզ`Անկախություն’

410

Ամեն անգամ օդանավով Հայաստան վերադառնալիս հիշում եմ հին երազանքս պահած, թե` սահմանապահը թող համարձակվի ու հայերեն չխոսի հետս: 20 տարուց ավելի, ինչ ակտիվ ելումուտ եմ անում Զվարթնոցի սահմանապահ կետով, ամեն անգամ այնպես էր լինում, որ անձնագիրս հայ սահմանապահներն էին նայում, հարցեր տալիս, դրոշմում, պատահականության բան էր, հերթ է, ով` ում մոտ ընկավ: Երեկ, ահագին երկար ճամփից հետո, բոլորովին մոռացած, թե նման «երազանք» ունեմ պահած, որ մեկն ինձ էդ կետում օտար լեզվով հարցնի` բա էս որտեղից, բա` էս ուր, ու օդանավակայանի առաստաղը բլեմ գլխին …: Հերթիս շարքում համարս 7-ն ընկավ, ու մոտեցա պատուհանին, տեսնեմ մի հրաշք աղջիկ է նստած` մազերը սեւ, երեսը` մոդելային` ազգը չես կարող ջոկել, հագինը` սահմանապահների կանացի համազգեստ, ու պսպղում է շան աղջիկը` նխշած, լեյտենանտն ու կապիտանը արդեն չեմ հիշում, էնքան սիրուն էր, պապանձվեցի: Նայեց անձնագիրս, նայեց, թերթեց, մեջը սաղ տեղ չկար, փորձում էր կռահել որտեղից եմ գալիս, ո՞նց եմ գալիս, ո՞ր ճամփեքով, հարցրեց` ո՞ր ճամփով, բացատրեցի, որ հիմնական ճամփով չեմ եկել, առաջին օդանավս ուշ թռավ, մյուսին չհասա, ավիաընկերությունը փոխեց, երթուղիս` ոլոր-մոլոր եմ եկել,… մեկ էլ կռահեցի, որ հարցերը ռուսերեն է տալիս, ես էլ տավարի պես` հայերեն պատասխանում եմ: Փաստորեն մարդու երազանքը կարող է կատարվել ու մարդը գլխի կարող է չընկնել: Զայրանալ չհաջողվեց, հետո ինչ, որ 20 տարի էս ազիզ օրվան էի սպասել: Ռուսերեն հարցրի.-ձեզ դեռ հայերեն խոսել չեն սովորեցրե՞լ ուղեւորների հետ.

-Չէ, ո՞վ պիտի սովորեցնի,-պատասխանում է:

-Բա այստեղ աշխատողը պիտի պետության լեզուն չիմանա՞:

Ուսերն է թոթվում, «էլ բանուգործ չունե՞ս» իմաստով: Բայց տեսնելով, որ էս «համեստ» լեննականցին կարող է մնալ այդտեղ` մինչեւ հարցերի պատասխանն ստանա, ասաց.-ես փորձում եմ սովորել,-ու հայերեն ավելացրեց.- քիչ-քիչ:-Հետո էլի ռուսերեն.-չեք տեսնո՞ւմ փորձում եմ անձնագիրը կարդալ,-ժրաջանորեն էլի մի թափ անձնագիրս թերթելով …

Հետո արդեն Գյումրու ճամփին մտածում էի, թե որ գողը տնից եղավ, կովերին ուղղաթիռով են տանելու: Չունեցանք 20-22 տարում անկախ պետություն, չստացվեց, մնաց կցորդ ու կրճոն … Շնորհավոր տոնդ Սերժիկ Սարգսյան, դու՞ ոնց ես քնում, այ ընկեր:

Լեւոն Բարսեղյան, Asparez.am

Նախորդ հոդվածը‘Անձրևաջրերը ողողել են Երևանի մի շարք փողոցներ’
Հաջորդ հոդվածը‘Առը հա ձեզ` Անկախություն’