‘Լեւոն Զուրաբյան. Ընտրակեղծարարությունը Հայաստանի գլխավոր չարիքն է (տեսանյութ)’

1480

ԱԺ-ում քննարկվում է ընդդիմադիր պատգամավորների՝ համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ օրինագիծը:

Քննարկման ժամանակ ելույթ ունենալով՝ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ընտրակեղծարարությունը Հայաստանի գլխավոր չարիքն է:

«Ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք Հայաստանում համակարգային փոփոխությունների մասին, խոսում ենք Սահմանադրական փոփոխությունների մասին, անգամ պնդումներ են լինում, որ միայն Սահմանադրական փոփոխություններով հնարավոր է երկրում համակարգային փոփոխություններ անել, ես կարծում եմ, եւ մեր ֆրակցիան է կարծում, որ այդ բոլոր խոսակցությունները դատարկ խոսակցություններ են: Իրականում, Հայաստանում համակարգային փոփոխությունների առանցքը պետք է լինի ընտրական համակարգի փոփոխությունը: Ինչո՞ւ, որովհետու եթե Հայաստանում լինեն ազատ եւ արդար ընտրություններ, մենք կունենանք ժողովրդի առջեւ հաշվետու իշխանություն: Մենք կունենանք այս դահլիճում պատգամավորներ, մեծամասնություն, ովքեր վստահ են, որ իրենց թիկունքում կանգնած է ժողովուրդը: Այսօր, օրինակի համար, իշխող կուսակցության պատգամավորների ճնշող մեծամասնությունը այդ վստահությունը չունի եւ չի էլ կարող ունենալ, որովհետեւ, եթե Հայաստանում լինեին ազատ եւ արդար ընտրություններ, ես վստահ եմ, որ իշխող կուսակցությունը ներկայացնող պատգամավորները կլինեին երկու-երեք անգամ ավելի քիչ: Եթե Հայաստանում լինեն ազատ եւ արդար ընտրություններ, մենք վերջ կտանք այս մենաշնորհային ապօրինություններին, մենք կստեղծենք այնպիսի երկիր, որտեղ ոչ թե պաշտոնյաները, իշխանավորները օգտվում են իշխանության լծակներից սեփական հարստություն կուտակելու համար, այլ կստեղծեինք մի երկիր, որտեղ իշխանավորները, հասկանալով, որ իրենց իշխանությունը, իրենց վերընտրությունը կախված է բացառապես ժողովրդի կամքից, կծառայեն հայրենիքին եւ բացառապես ազգային շահերին: Եթե Հայաստանում լինեն ազատ եւ արդար ընտրություններ, Հայաստանում կլինի օրենքի գերակայություն: Պետք չէ բազմաթիվ օրենքներ փոխել՝ հանուն արդարադատության, հանուն անկախ դատարանների ստեղծման: Հայաստանում, ընդամենը պետք է ունենալ ազատ եւ արդար ընտրությունների համակարգ, եւ այդ դեպքում Հայաստանում կլինի անկախ դատարան, որովհետեւ դատավորները կիմանան, որ գործադիր իշխանությունն էլ, նախագահն էլ ընտրված են ժողովրդի կողմից, ենթարկվում են օրենքին եւ երբեք չեն միջամտի դատական գործերին»,- հայտարարեց Զուրաբյանը:

Նա նաեւ կոչ արեց՝ «ուրեմն, տվեք մեզ ազատ եւ արդար ընտրություններ, եւ մենք Հայաստանը կտանենք դեպի զարգացում, դեպի բարգավաճում, դեպի բարեկեցություն եւ վերջապես կապահովենք ժողովրդի ներգաղթը դեպի Հայաստան, կապահովենք տնտեսության եւ արդյունաբերության զարգացումը»:

«Ահա սա է կարեւորագույն համակարգային փոփոխությունը, որ մենք պետք է կատարենք, բոլոր այլ համակարգային փոփոխությունները ածանցյալ են այս մեկ համակարգային փոփոխությունից: Երբ որ խոսում են, որ այս Սահմանադրությունը ստեղծել է ավտորիտար համակարգ, արդյունավետ չէ եւ այլն, ես ուզում եմ հարց տալ այդ մարդկանց՝ իսկ դուք երբեւէ փորձարկե՞լ եք այս Սահմանադրությունը, այս Սահմանադրությունը երբեւէ աշխատե՞լ է ազատ եւ արդար ընտրությունների համակարգում: Հավատացեք, եթե Հայաստանում լինեին ազատ եւ արդար ընտրություններ, մենք կունենայինք շատ դեմոկրատական իշխանություն, անկախ նրանից, թե ինչպես են բաշխված լիազորությունները նախագահի եւ պառլամենտի միջեւ»,- հավելեց Լեւոն Զուրաբյանը:

«Հիմա, այս ամենի համար անհրաժեշտ է առաջին հերթին քաղաքական կամք: Մենք շատ լավ հասկանում ենք, որ ընտրական օրենսգիրքը փոխելով, մեծ հաշվով շատ մեծ բանի չենք հասնի, եթե չլինի իշխանությունների քաղաքական կամքը: Մենք նաեւ շատ լավ հասկանում ենք, որ եղած ընտրական օրենսգրքով Հայաստանում կարելի էր անցկացնել ամենաազատ եւ արդար ընտրությունները, եթե դրա համար լիներ իշխանությունների կամքը: Այդ կամքը չկա, այն ինչ-որ ձեզ առաջարկվում է՝ ընդամենը հնարավորություն է ձեզ՝ ցույց տալու ձեր կամքը: Եւ մենք, նաեւ, հասկանալով հանդերձ, որ քաղաքական կամքն է, որ պետք է ապահովի ընտրությունների արդարությունը, մենք, այնուամենայինիվ, ցանկանում ենք խոսել նաեւ ինստիտուցիոնալ պրոբլեմներից, որ կապված են մեր ընտրական համակարգի հետ եւ ընտրակեղծարարության հիմնական ձեւերի մասին:
Նախեւառաջ, ես կխոսեմ այնպիսի չարիքի մասին, ինչպիսին են ընտրողների ուռճացված ցուցակները, ընտրացուցակների եւ ընտրությունների արդյունքների անհամապատասխանությունը երկրի ժողովրդագրական ցուցանիշներին: 1989 թվականից մինչեւ 2012 թվականը ընկած ժամանակաշրջանում բոլոր կարեւորագույն ժողովրդագրական ցուցանիշները անկում են ապրել, մինչդեռ կա մի ցուցանիշ, որն այս ընթացքում ոչ միայն չի նվազել, այլ միայն եւ միայն աճել է: Ես այդ պարադոքսը, արդեն պատիվ ունեցել եմ ներկացնել Ազգային ժողովի ղեկավարությանը, անգամ փորձել եմ խրախուսել պարոն Շարմազանովին, դրդել նրան պատասխանի, բայց ինքը, չգիտեսթե ինչու, հրաժարվեց բացատրել այդ պարադոքսը, չգիտեմ, միգուցե այս կրկնությունից հետո, ես, այնուամենայնիվ, ես պատասխան կստանամ իշխանությունից: Հայաստանում մշտապես առկա բնակչությունը համաձայն պաշտոնական մարդահամարների նվազել է 1989 թվականի 3 միլիոն 304 հազար 776-ից մինչեւ 3 միլիոն 2598 մարդ՝ 2001 թվականին եւ մինչեւ  2 միլիոն 871 հազար 509 մարդ՝ 2011 թվականին: Փորձագետների գնահատականներով, սակայն, բնակչության թվի անկումը շատ ավելի մեծ է: Դրա անուղղակի ապացույցներն են՝ ժողովրդագրական այնպիսի ցուցանիշների անկումը, ինչպիսինն է, օրինակի համար, աշակերտների թվի անկումը 1998 թվականի՝ 680 հազարից մինչեւ 330 հազարը՝ 2012 թվականին: Հիմա ես խոսում եմ 2012 թվականի մասին, որովհետեւ վերջին համապետական ընտրությունների տվյալները, 2013 էլ պետք է ընդգրկեի, բայց սահմանափակվենք 2012 թվականով: 2008-2012 թվականնները ընկած ժամանակաշրջանում պաշտոնական տվյալներով Հայաստանից արտագաղթել է 150 հազար մարդ: Ի դեպ, ասեմ մի բան, ես շատ հասկանալի նպատակներով, նկատառումներով չեմ ուզում այստեղ բերել զինակոչիկների թվի անկման դինամիկան, որը սակայն, ցույց է տալիս մի աղետալի միտում: Ես կարծում եմ, այստեղ հավաքված են տեղեկացված մարդիկ եւ այդ թվերը իրենք շատ լավ պատկերացնում են: Չեմ հրապարակի այդ թվերը: Ժողովրդագրական ցուցանիշների անկման նման պարագայում, ընտրողների թվի առումով ունենք մի անհասկանալի դինամիկա: 1991 թվականի հանրաքվեում ընտրողների թիվը եղել է 2 միլիոն 163 հազար 967 մարդ, համարյա նույն թիվն է ինչ 1995 թվականի Ազգային ժողովի եւ 1996 թվականի Նախագահական ընտրությունների ընտրողների թիվը: 1998 թվականի Նախագահական ընտրություններում այդ թիվը դառնում է 2 միլիոն 300 հազար 816 մարդ, իսկ 2012 թվականի ԱԺ ընտրություններում արդեն 2 միլիոն 501 հազար 597 մարդ: Ես նորից դիմում եմ իշխանություններին, ես խնդրում եմ, որ երբ Հանրապետական կուսակցությունը ունենա ելույթ, այս պարադոքսների բացատրությունը տա, վերջապես հասկանաք, ո՞նց է դա հնարավոր, որովհետեւ մենք այլ բացատրություն չունենք, պետք է անկեղծ լինենք ձեզ հետ, որ այս անհամապատասխանությունը, որ պարզ վերլուծությունը ցույց է տալիս, որ մոտավորապես հավասար է կես միլիոն մարդու անհամապատասխանության, մեր բացատրությունը այն է, որ 500 հազար մարդու ձայն համապետական ընտրություններում կեղծվում է: Եւ եթե դա այդպես է, դա նշանակում է, որ ցանկացած ընտրություններում իշխող կուսակցությունը հաղթելու է, անկախ նրանից  հայ ժողովուրդը համակրում է նրան թե ոչ, ընտրում է, ընտրություն կատարում է իր օգտին, թե ոչ: Մի պարադոքս էլ բացատրեք, եթե հնարավոր լինի, թե ինչպե՞ս է հնարավոր, որ Եվրոպայում 2008 թվականից սկսած, ես խոսում եմ այդ ճգնաժամի տարվա սկզբից, փոխվել են բոլոր իշխանությունները, դեմոկրատական Եվրոպայում չկա որեւէ երկիր, որտեղ իշխանություն չի փոխվել եւ միակ երկիրը, որտեղ, եթե մենք համարում ենք Հայաստանը ժողովրդավարական երկիր, միակ երկիրն է, որտեղ հակառակ նրան, որ գրանցվել են ամենամեծ անկման տեմպերը, հակառակ նրան, որ ամենամեծ կոռուպցիան է, ամենամեծ սոցիալական դժգոհությունն է, ամենամեծ անկումն է կենսամակարդակի, ամենամեծ արտագաղթն է, չգիտես ինչու, Հանրապետական կուսակցությունը գնալով ավելի ու ավելի բարձր ցուցանիշներ է ցուցադրում, հասնելով արդեն մոտավորապես 60 տոկոսի ցուցանիշի: Հասկանալի է, որ սա պարզագույն ընտրակեղծարարություն է եւ վերջում ես ընդամենը ուզում եմ ձեզ մի բան առաջարկել՝ կամ դուք կամովին կտաք Հայաստանի ժողովրդին ազատ եւ արդար ընտրություններ, կամ ժողովուրդը ազատ եւ արդար ընտրությունները կնվաճի իր ուժով»,- հավելեց Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Beeline-ը փոփոխում է «Միջազգային ռոումինգ» ծառայության ակտիվացման պայմանները’
Հաջորդ հոդվածը‘Մի քանի քաղաքացիներ ակցիա են անցկացնում՝ ընդդեմ ԵԱՏՄ-ի ՀՀ անդամակցության’