‘Լեւոն Զուրաբյան. Կառավարման ճգնաժամը հենց սա է, երբ ունենք վախեցած իշխանություն (Տեսանյութ)’

1897

«Հայ ազգային կոնգրես» խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի ելույթը ԱԺ-ում՝ սահմանամերձ համայնքներին հարկային արտոնություններ տալու մասին օրինագծի քննարկման ժամանակ:

Նախ, ես ցանկանում եմ արձանագրել այս ամբիոնից, որ այս հարցը ԱԺ քննարկմանը ներկայացնելիս խախտվել է օրենքը: Պարզ կարող եմ դա ապացուցել: Դրա համար անհրաժեշտ է կարդալ ԱԺ կանոնակարգ-օրենքի 47-րդ հոդվածը, որը կոչվում է «Օրենսդրական նախաձեռնության իրավունքը», եւ այնտեղ ներկայացված է, թե օրենսդրական նախաձեռնություն ունեցողները ինչ կարող են ներկայացնել ԱԺ քննարկմանը: «Օրենսդրական նախաձեռնությունն իրականացվում է օրենսդրական նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ»: Մեզ ներկայացվել է նախագծերի փաթեթ: Նույն հոդվածի երրորդ կետը հստակ ասում է՝ «Օրենքի նախագծերի փաթեթը ներառում է ա/ առաջադրվող օրենքի նախագիծը, բ/ օրենքի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ օրենքների նախագծերը» այսինքն՝ օրենքի այս դրույթը շատ պարզ է. որ դուք բերում եք նախագիծ, այդ նախագծից բխում են փոփոխություններ այլ օրենքներում, եւ դուք բերում եք նաեւ այլ օրենքներում փոփոխությունների նախագծերը: Այլ կերպ չէր էլ կարող լինել: Բայց այն, ինչ այս դեպքում դուք արել եք, հակասում է տրամաբանությանը: Սա օրենսդրական փաթեթ չէ: Դուք բերել եք սահմանամերձ գոտուն արտոնություններ տալու մասին օրինագիծը, բայց դրանից հետո դուք չեք բերել նախագծեր, որոնք բխում են այդ օրենքից: Դուք բերել եք ինքնուրույն օրենքների նախագծեր, որոնք ոչ մի կապ չունեն սահմանամերձ գոտու հետ եւ վերաբերում են ամբողջ Հայաստանում ֆինանսական, հարկային ոլորտներում տարբեր բարեփոխումների: Սա օրենքի կոպտագույն խախտում է: 

Հիմա՝ այսքան խոսում ենք, ես ուզում եմ հստակ լինի, ես չեմ խոսում սահմանամերձ գոտու գյուղերին արտոնություններ չտալու մասին: Ավելին՝ ուզում եմ հիշեցնել, որ երբ կայացավ մեր հանդիպումը ՊՆ-ի հետ, մենք՝ 6 խմբակցությունների ներկայացուցիչներս, եկանք նախարարի հետ հանդիպման, ներկայացրինք, որ հանուն ազգային համաձայնության, հանուն մեր զինվորին սատարելու, մեր գյուղացուն սատարելու՝ պետք է ցուցադրենք ազգային միասնություն, գնանք դիրքեր, ռմբակոծվող գյուղեր եւ աջակցություն ցույց տանք ե՛ւ գյուղին, ե՛ւ զինվորներին: Ինչը եւ փայլուն կերպով արեցինք, շատ գոհ վերադարձանք, Գալուստ Սահակյանի մոտ եղավ խորհրդակցություն, որոշեցինք, որ 6 խմբակցություններ կազմում են սահմանամերձ գյուղերին հարկային արտոնություններ տալու նախաձեռնություն: Դա ազգային համաձայնության փայլուն դրսեւորում էր: Ինչո՞ւ այդ պայմանավորվածությունները խախտվեցին:  Խախտելով այս պայմանավորվածությունը՝ կառավարությունը ներկայացրեց այս փաթեթը:

Հիմա ես հարց եմ տալիս՝ ինչո՞ւ է խախտվել մեր ազգային համաձայնությանը միտված պայմանավորվածությունը: Շատ պարզ՝ եկեք ժողովրդի առաջ բացենք այս քառօրյայի հիմքում ընկած քաղաքական ինտրիգը: Այս տարվա գարնանային նստաշրջանի սկզբից ընդդիմությունը, կարողանալով ստանալ 44-ից ավելի ստորագրություն հավաքելու հնարավորություն, սկսել է ակտիվորեն գործարկել արտահերթ քննարկման ինստիտուտը, որը տրված է օրենքով:

Բազմաթիվ արտահերթ քննարկումներ նախաձեռնվեցին, եւ առաջին անգամ է, որ խորհրդարանում բերվում է ոչ թե իշխանությունների կողմից բերված օրակարգը, որը երկրի իրական խնդիրների հետ կապ չունի եւ սպասարկում է ինչ-ինչ խմբերի շահերը, այլ  իրապես մարդկանց հուզող հարցերի շուրջ կարողացանք օրակարգ ձեւավորել խորհրդարանում: Եւ հենց արտահերթ ռեժիմում մի շարք նախաձեռնություններ ներկայացրինք՝ գազի գների վերաբերյալ, կուտակային համակարգի վերաբերյալ, կարմիր գծերի, արագաչափերի, ընտրական օրենսգրքի եւ այլն: Եւ այդտեղ դուք տվայտանքների մեջ ընկաք եւ որոշեցիք հակաթույն մոգոնել դրա դեմ:  Եվ որոշեցիք կառավարության կողմից անհետաձգելի ճանաչված օրինագծերի միջոցով խափանել արտահերթ քննարկման մեր նախաձեռնությունները: Ինչը դուք փայլուն կերպով իրագործեցիք այս քառօրյային: Շատ պարզ բացատրություն ունի նաեւ այն, թե ինչու եք դուք այս փաթեթը բերել, ինչու ուղղակի սահմանամերձ գոտուն արտոնություններ տալու օրինագիծ չեք բերել: Դուք շատ լավ հասկանում էիք, որ այդ օրենքի քննարկումը կտեւի ընդամենը կես կամ մեկ ժամ, որովհետեւ 6 խմբակցությունների ներսում կա լիակատար համաձայնություն այդ հարցում, ինքն օրինագիծը շատ մեծ չէ, եւ կարելի էր բոլոր հարցերը շատ արագ լուծել: Ինչո՞ւ դուք դա չարեցիք, որովհետեւ նպատակ ունեիք խափանել մեր արտահերթ օրակարգը: Դրա համար էլ դուք, խախտելով կանոնակարգը, կցեցիք օրենքին բազմաթիվ այլ օրենքներ, որոնք սահմանամերձ գոտու հետ ոչ մի կապ չունեն, ու մեկ էլ պարզվում է, որ հանկարծ ՀՀԿ-ական մեծամասնությունը ֆանտաստիկ ակտիվություն է ցուցաբերում:

Մենք լավ գիտենք, թե ով է պատրաստել եւ բաժանել ելույթներն ու հարցերը, որը պետք է տային ՀՀԿ-ական պատգամավորները, գիտենք՝ ինչպես է կայացվել ձգձգելու որոշումը, 26 հարց եք պատրաստել՝ աննախադեպ ակտիվություն: 2 ու կես օր քննարկում ենք մի փաթեթ: Փայլուն կատարեցիք ձգձգելու քննարկումը: Եվ ինչի՞ համար արեցիք այս ամենը՝ որպեսզի թույլ չտաք քննարկել մեր արտահերթ նախաձեռնությունները, մասնավորապես՝ Հայաստանում կառավարման ճգնաժամի արձանագրումը հոկտեմբերի 24-ի հանրահավաքից առաջ: Ու դուք առանց տատանվելու ասել եք դրա մասին:

Ամփոփեմ ելույթը. կառավարման ճգնաժամը հենց սա է, երբ ունենք վախեցած իշխանություն, որը վախենում է երեւալ ժողովրդի առաջ, վախենում է բանավեճից: Եթե չվախենայիք, դուք նման «տրյուկների», նման ժուլիկությունների երբեք չէիք դիմի:

Եվ դրա համար դուք փակում եք մեր բերանը: Դրա այլ ապացույց էր այն, ինչ տեղի ունեցավ երեկ հարցուպատասխանի ժամանակ: Ես հարց տվեցի կառավարությանը՝ պահուստները պակասեցրել են այնքան, որ սպառնում է ազգային անվտանգությանը: Եվ պարզվում է՝ մեր կառավարությունն այնքան ոչ կոմպետենտ է, որ մեկը չգտնվեց, որ պատասխանի այդ պարզ հարցին կամ պաշտպանի կառավարության տեսակետը:

Քանի որ դուք խուսափում եք քննարկումներից, ամեն ինչ անում եք՝ դեբատը սահմանափակելու, հենց այդ պատճառով էլ մենք մեր խոսքը պետք է ասենք հոկտեմբերի 24-ին՝ Ազատության հրապարակում: Դուք ուրիշ ճանապարհ չեք թողնում: Բոլորդ սպասեք հոկտեմբերի 24-ի հանրահավաքին: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ բուֆետը աշխատում է առանց պայմանագրի, առանց ՀԴՄ-ի, առանց համազգեստի (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Դատավոր Եվա Դարբինյանի լիազորությունները դադարեցվել են’