‘Լեւոն Զուրաբյան. Պետբյուջեի նախագծում բացակայում են զարգացման տարբեր սցենարները’

1049

Ազգային Ժողովում շարունակվում է 2015-ի պետբյուջեի նախագծի քննարկումը: Քննարկման ընթացքում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարց ուղղեց հարակից զեկուցող, Ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանին:

Նա հետաքրքրվեց՝ արդյո՞ք ֆինանսաբյուջետային հանձնաժողովում բյուջեի քննարկումների ժամանակ դրվել է Հայաստանի տնտեսության վրա ԵՏՄ անդամակցության, ռուբլու անկման եւ Ռուսաստանից եկող տրանսֆերտների նվազման հետ կապված ազդեցությունների հարցը: «Չե՞ք ասել՝ մենք ընդունվում ենք ԵՏՄ, դրա հետ կապված գոնե մաքսատուրքերի,  մասքային եկամուտների հետ կապված լուրջ փոփոխություններ են լինելու՝ չհաշված կողմնակի այլ ազդեցությունները: Տրանսֆերտների անկում կա, դրա մասին պաշտոնապես հայտարարել է ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ընդ որում՝ լուրջ անկում, մոտ 25 տոկոս: Ռուբլու արժեզրկում կա եւ այլն՝ լուրջ տնտեսական գործոններ, որոնք ազդում են տնտեսության վրա», — նշեց Զուրաբյանը:

Մինչդեռ, ըստ պատգամավորի, տպավորություն կա, որ Հայաստանը գտնվում է մի այլ աշխարհում, եւ բյուջեն գրվել է անկախ բոլոր այդ ընթացող պրոցեսներից, եւ այս միտումները չեն հաշվարկվել բյուջեում:

Ի պատասխան, Գագիկ Մինասյանը նշեց, որ հանձնաժողովներում պետբյուջեի նախագիծը քննարկվել է այն ժամանակ, երբ ԵՏՄ համաձայնագիրը դեռ ստորագրված չէր: «Բնականաբար, չեր կարող այն արտացոլվել պետբյուջեի նախագծում: Այն բանից հետո, երբ ԵՏՄ պայմանագիրը համապատասխան կարգով կվավերացվի ՀՀ Ազգային Ժողովի եւ մյուս երկրների կողմից, ապա այն ժամանակ համապատասխան անդրադարձ կկատարվի դրան», — ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:

Ինչ վերաբերում է տրանսֆերների անկմանը, ապա Գագիկ Մինասյանը, հղում անելով ԿԲ նախագահի վրա, նշեց, որ անցած ինն ամիսների կտրվածքով տրանսֆերտների հոսքը մնացել  է նախորդ տարվա մակարդակին:

Արձագանքելով հարակից զեկուցողին՝ Լեւոն Զուրաբյանը նշեց, որ նրա պտասխանը բացարձակապես համոզիչ չէր:

«Աշխարհում ընդունված պրակտիկա է, որ ներկայացվեն զարգացման տարբեր սցենարներ, եւ անպայման չէ, որ ինչ որ իրողություններ կայացված լինեն, որ դրա մասին բյուջեւի նախագծում համապատասխան եզրակացություններ կատարվեն: Շատ հանգիստ կարելի է դրանք նախատեսել տարբեր սցենարներով, որը չի արվել» — արձանագրեց Զուրաբյանը:

Նախորդ հոդվածը‘Գիլյեմ Բալագե. «Ռոնալդուն կարծում է, որ իր թիմակիցների մոտ պետք է միշտ խիզախություն դրսևորի և ցույց տա, որ չի վախենում Մեսսիից»’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանն ընդդեմ «Բորուսիա Մ.»-ի (տեսանյութ)’