‘Լիզա Ճաղարյան. «Մին, էրկու, իրեք, չորս, իմ հավասն ա Տասնչորս» ‘

3086

«Ինձ ասըմ են` ե՛ր կաց, պա՛ր եկ,

Ջանիդ մատաղ, ե՛ր կաց, պար եկ:

Ախր պար կյալը գյու՜դում չեմ, գյու՜դում չեմ, գյու՜դում չեմ»…

Սա էդ դեպքը չէ: Բաջիությունից` չգիտեմ, բայց նախշունությունից աղետալիորեն հեռու է ընդմիշտ կոկա-կոլա… կներեք` ընդմիշտ հարսանքավոր Սարգսյան Սերժիկը, ավելին` նրա ջանին մատաղ լինողները կամ մազոխիստ են, կամ` ՀՀԿ-իստ, կամ` չեկիստ: Կամ էլ` «մետ»-իստ:

Կարճ ասած, էս երգը հաստատ իր «հագով» չի, մի բան էլ դենը` «պար կյալը գյուդում չի, գյուդում չի, գյուդում չի», բայց Ուզունդարա լինի, թե Թարաքյամա` խունջիկ-մունջիկ լինել չկա, չեմուչում չկա, միշտ պատրաստ է` տաշի-տուշի-հայկանուշի:

Ազգս զարմացած ու զայրացած է, որ ծանրագույն խնդիրների տակ ճզմված երկրի ոչ բարով ղեկավարը շաբաթական առնվազն մեկ անգամ շտապում է հարսանիքներում տժժալու: Բայց մեր մեջ ասած` շատ իզուր է զարմացած ու զայրացած:

Բա ի՞նչ անի: Էս մարդը վերջապես հասկացել է, որ ինքն այս երկրի ծանրագույն խնդիրները լուծելու ոչ հնարավորություն ունի, ոչ էլ` ունակություն: Եթե նույնիսկ մտքով անցկացնի լուծել այդ խնդիրները, հո «դոկտոր» լիսկան ու մնացած «դոցենտները» մեռա՞ծ չեն, ուշքի կբերեն` հո՜պ, ա՛յ ընԳեր, մի հատ հավաքի քեզ:

Դե, ինքն էլ շատ իմաստուն որոշում է կայացրել. «Մեկ է` օրերս հաշված են, ուր որ է` թախտից գլորելու են, ու քանի դեռ չեմ հայտնվել իմ նախնական վիճակում, երբ այլեւս ոչ հարսանիք հրավիրող է լինելու, ոչ ջանիս մատաղ լինող, ոչ էլ իմ դարչոյական պարով խելքամաղ լինող, գոնե մի կուշտ փորով հաց ուտեմ, հավեսով «պար կյամ», ինչքան էլ չիմանամ, հո էդքանը գիտե՞մ, որ Նազարի բախտ ունեցողները մի օր առյուծ են «հեծնում», մի օր էլ` առյու՛ծն է իրենց հեծնում»:

Սա, իհարկե, չափազանցություն էր: Մեր այս հարսանքավորը որքան էլ հուսահատվի, տնետուն ընկած` թեւերը քշտի ու քեֆ քաշի, նաեւ հասկանում է, որ իր միակ հույսը «դոկտորներն» ու «դոցենտները» չեն: Այնտեղ` Բաղրամյան 26-ի մատույցներից հեռու, մի փարոս է լույս տալիս, հույսն էլ` հետը: Դրանք «մետ»-իստներն են. անարատ` կույսի պես, անաղարտ` լույսի պես, աննկուն` Դանկոյի սրտի պես: Այս «մետ»-իստները, ըստ իրենց պնդումների, արեւմտյան արժեքների կրողներ են, բայց Սարգսյան Սերժիկի մանկլավիկներից առավել կատաղի են պայքարում, որ այս հարսանքավորի իշխանությունը երկարաձգվի: Այս «մետ»-իստներն արեւմտյան արժեքների սիրուց ոչ ուտում են, ոչ խմում, ոչ քնում, բայց մահակներն ու եղաններն առած` պայքարում են նրանց դեմ, ովքեր ուզում են իրենց աչքի փուշ ԵՏՄ խցկված, Հայաստանն էլ իր հետ խցկողին պատմության փոշոտ դարակին դնել: Այս «մետ»-իստները բարձրաձայն հայտարարում են, որ իրենք արեւմտյան արժեքների կրողներ են, բայց իրենց ընդդիմախոսներին հայհոյում ու վիրավորում են հարբած կառապանի պես, շուկաներում իրար մազեր պռճոկող կանանց պես: Եվ եթե նույնիսկ իրե՛նք չեն հայհոյում ու վիրավորում, այլ հայհոյող-վիրավորողնե՛րն են իրենց ազնվազարմ թիմից,  ապա մեր այս «մետ»-իստներն անսպասելի հայտնվում են ամնեզիայի ճիրաններում, մոռանում են, որ արեւմտյան արժեքներն իրենց հույսին են մնացել, ու հրճվում, ո՜նց են հրճվում իրենց` հարբած կառապանի պես հայհոյող տղերքով ու շուկաներում իրար մազ պռճոկողների պես պահող «հոլանի» աղջկերքով:

Սարգսյան Սերժիկը, ճիշտ է, շատ զբաղված է, հազիվ հասցնում է հարսանիքից հարսանիք վազել, ժամանակ առ ժամանակ անհետանալ` հանրությանը հայտնի պատճառներով, բայց նաեւ տեսնում է, որ թիկունքն այնքան էլ դատարկ չէ, հանուն իր աթոռի պահպանման` օդը գաղջացնողների պակասություն չկա:

Ու հարսանիքների ընդմիջումներին մտածում է Սարգսյան Սերժիկը. «Դեռ ամեն ինչ կորած չէ. ամեն դեպքում մեդալների ու շքանշանների արտադրությանը պետք է զարկ տալ, ահագին թեկնածուներ ունեմ հերթ կանգնած, էն բաբուխանյանից ինչո՞վ են պակաս»:

Ճիշտ է մտածում. եթե էս թափով ու մակարդակով շարունակեն «մետ»-իստները, ոչ միայն պակաս չեն լինի բաբուխանյանից, այլեւ կտան ու կանցնեն` բաբուխանյանի վիզը ծուռ թողնելով:

Այնպես որ` մեր թաղերում էս երկու օրը հարսանիք կա, ասում են` Սարգսյան Սերժիկն այս անգամ «Տասնչորս» է պարելու:

Նախորդ հոդվածը‘Բախում ոստիկանների եւ բնապահպանների միջեւ’
Հաջորդ հոդվածը‘Պակասող աթոռներ ու «անտեսանելի» թարգմանիչ՝ Ազգային ժողովում (տեսանյութ)’