‘Լիզա Ճաղարյան. Սողուն բուծողները ցնցված են, «խելքի՛ աշեցեք»’

6229

ՀՀԿ-ականներից մեկը դերասան Հրանտ Թոխատյանին Ֆեյսբուքում ցեխն է մտցրել ու չի հանել, ասում է՝ ամբողջ կյանքդ սողացել ես իշխանությունների առաջ։

Դժվար է հակաճառել։ Եթե նույնիսկ Հրանտ Թոխատյանը հակաճառելու տեղ թողած լիներ, իմ խնդիրը տվյալ դեպքում նրան ցեխից հանելը չէ, թող այդ դժվարագույն գործն իրենց ուսերին առնեն Թոխատյանի երկրպագուները, ես այդ ցուցակում չեմ եղել, չկամ ու բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ չեմ էլ լինելու երբեւէ։

Վստահ եմ, որ միայն այս ՀՀԿ-ականը չի ցնցակաթվածահարվել Թոխատյանի եւ համանման «ծանր դեպքերի» ու դեմքերի գունափոխության պատճառով, եւ այս պարագայում առանձին վերցրած այս մեկ ՀՀԿ-ականի վրա սեւեռվելն արդար բան չէ։

Վստահ եմ նաեւ, որ ՀՀԿ-ի շարքերում կային եւ կան նաեւ երդվյալ կուսակցականներ։ Ի վերջո, մարդը տարօրինակ եւ բազմաշերտ արարած է, եւ էս լենուբոլ աշխարհում կան նաեւ հանցագործներ, հանցագործներին երկրպագողներ, թալանչիներ եւ թալանչիների շպրտած ոսկորով «ընտանիք» պահողներ, մարդասպաններ եւ մարդասպանների արյունռուշտությամբ հիացողներ ու էլի եսիմինչ թերմացքներ։

Այնպես որ՝ զարմանալի բան չկա, որ իշխանափոխությունից հետո «երկիրը վարի տվող» նոր իշխանության դեմ մոլեգնորեն պայքարում եւ արդարությունից, ազատությունից, օրինականությունից, պետության ու պետականության կարեւորության մասին ճամարտակում են մարդիկ, որոնք տարիներ շարունակ կճղակներով կոխկռճել են հենց այդ արժեքները։ Հետեւողականորեն, լկտիաբար, անպատժելիության զգացումից բթացած։

Բայց, պարոնայք ու տիկնայք հանրապետականներ, իրո՞ք այդպես անկեղծորեն տառապում եք սողացողների գունափոխությունը տեսնելով, թե՞ սա էլ է ձեր հերթական անհաջող ծամածռություննների շարքից։

Ուզում եք ասել՝ անքննելիության բարձունքից մինչ ձեր շռնդալից գահավիժումն անկեղծորեն հավատում էիք, որ ձեր առջեւ սողում են, որովհետեւ հանրապետական ավազակախմբի հանդեպ անհուն, ծովածավալ սիրուց պարզապես էդ խեղճերի ծնկները ծալվու՞մ էին։

Փաստորեն մինչեւ հիմա գլխի չեք ընկել, որ հանրապետականների սահմանած «աշխարհիս կարգը» ուղղակիորեն պարտադրում էր, որ Հայաստանի քաղաքացիներից ոմանք իշխող կուսակցության վերնախավի առջեւ սողան վախից, ոմանք՝ «ընտանիք» պահելու «բարի ավանդույթի» պատճառով, ոմանք՝ վաղ մանկուց երազել էին պաշտոնյա դառնալ, ոմանք՝ վաստակավոր արտիստ, ոմանք՝ անպատժելի ավազակ ու մարդասպան, եւ սրանք հասկացել էին, որ իրենց մանկության կապույտ երազանքին հասնելու միակ ճանապարհը սողալն է, քծնելն է, բոլոր սրբությունները ոտնատակ տալն է, լավագույն դեպքում՝ կույր ձեւանալն է։

Դե, ով էլ որ չէր ենթարկվում էս կարգին, կամ՝ ոստիկանական բաժանմունքներում ու բանտախցերում էր հայտնվում, կամ՝ «անզգույշ քաշքշվում էր», կամ՝ հայաստանյան կյանքի լուսանցքում մի կերպ գոյություն էր քարշ տալիս, կամ էլ՝ արտագաղթելը միշտ կար ու կար

Բա ասում եք՝ փորձառու եք, քաղաքագիտությունը մինչեւ ուղնուծուծը ծամել եք ու կուլ տվել։

«Բոլոր ժողովուրդների հայր» Իոսիֆ Վիսարիոնովիչը երեւի օրական մի հարյուր անգամ շուռ է գալիս իր անիծյալ գերեզմանում՝ էս ձեր բրազիլական սերիալի մակարդակի կապկությունները տեսնելով ու լսելով։

Նախորդ հոդվածը‘2008, մարտի 20. Քոչարյանը հայտնում է, որ արգելել է վերահաշվարկի ընթացքում դադարեցնել հանրահավաքը’
Հաջորդ հոդվածը‘Եվրո-2020. Հայաստանի հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց (տեսանյութ)’