‘ԼՂՀ ՊԲ. Հակառակորդը կիրառել է հրետանային զինատեսակներ’

1844

ԼՂՀ ՊԲ-ն փոխանցում է, որ երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը «խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ Ժնեւում տեղի ունեցած հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով  ականանետի 5 արկ եւ «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ»:

«Կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլեւ հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը:

Հաշվի առնելով միջազգային հանրության եւ, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: Սակայն դա ամենեւին չի նշանակում, որ դեպքերը նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանն զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք եւ բավականին ցավոտ»,- ասված է ԼՂՀ ՊԲ հաղորդագրության տեքստում:

 

Նախորդ հոդվածը‘ԱՀԿ ղեկավարը ստիպված է եղել հրաժարվել Ռոբերտ Մուգաբեին բարի կամքի դեսպան նշանակելուց’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Կատալոնիայի ալիքները կարող են հեղեղել ամբողջ Եվրոպան’