‘Լյուդմիլա Սարգսյան. «Շրջանառության հարկի մասին» օրենքը չի նպաստում փոքր և միջին բիզնեսի զարգացմանը’

1182

ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի ելույթը «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:  

«Կարծում եմ՝ կարիք չկա հիշեցնելու, թե ինչ փոթորիկ առաջացրեց Շրջանառության հարկի մասին փոփոխված օրենքի կիրառումը մանր և միջին բիզնեսի, մասնավորապես՝ առևտրի ոլորտի ներկայացուցիչների մոտ: Դա արդեն իսկ ահազանգ էր, որ տվյալ օրենքը ավելի է բարդացնում ՓՄՁ-ների գործունեության միջավայրը, ինչը փաստում է նաև այն մասին, որ նշված օրենքն ընդունումից առաջ՝ մանրակրկիտ կերպով ուսումնասիրված չի եղել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների հետ: Նրանց գործունեության պրակտիկան ուսումնասիրված չէ, հաշվի չեն առնված օրենքի կիրառման դեպքում առաջացող բարդությունները եւ դրանից բխող դժգոհությունները:

Շատերի մոտ թյուր կարծիք է ձևավորվել, որ օրենքի կիրառումը հետաձգվել է մինչև 2015 թվականի փետրվար, բայց, ըստ էության, ընդամենը հետաձգվել է ապրանքների հաշվառման և հարկային մարմիններ ապրանքների մասին համապատասխան տեղեկություններին ներկայացնելու ժամկետը: Այդպես էլ չի հստակեցված, թե ինչպես են այդ ընթացքում իրականացվելու գանձումները, և արդյո՞ք դա չի առաջացնելու կոռուպցիոն ռիսկեր, որոնցից կօգտվեն հարկային մարմինները: Կարծում եմ՝ լրացուցիչ հստակեցման անհրաժեշտություն կա:

Հարկ եմ համարում մի քանի կետով անդրադառնալ այս օրենքի ընդունման՝ ըստ իս իրական նպատակներին և խնդրահարույց կետերին:

Քառյակը կառավարությանը ներկայացրել էր առաջնահերթության կարգով կատարման ենթակա՝ 12 կետերից բաղկացած ցանկ, որոնք պետք է իրականացվեին մինչև 2014 թվականի սեպտեմբերի վերջը: Ներկայացված պահանջներից մեկը փոքր և միջին բիզնեսի հարկային բեռի թեթևացումն էր: Այս օրենքի ընդունմամբ կառավարությունը իբր փորձեց կատարել պահանջներից մեկը:

Ի՞նչ է, սակայն, տեղի ունեցել իրականում: Նոր օրենքի համաձայն, իբր նվազեցվել է շրջանառության հարկը՝ 3.5 տոկոսը փոխարինվելով 1 տոկոսով, սակայն իրականում թղթաբանության և փաստաթղթավորման միջոցով սահմանվել են  հարկային մարմինների կողմից ստուգումներ իրականացնելու լրացուցիչ գործիքներ, ինչը փոքր և միջին բիզնեսի նկատմամբ հարկային տեռոր իրականացնելու լայն հնարավորություն է ստեղծում:

Տուգանքները, որոնք սահմանվում են թղթաբանության բացակայության պարագայում, անհամաչափ են և, ըստ էության՝ կիրառվում են ոչ ճիշտ ուղղությամբ: Այսինքն, ամեն անգամ, երբ տեսչական մարմինները կբացահայտեն համապատասխան փաստաթուղթ չունենալու դեպք, տուգանքը գանձվում է ոչ թե խոշոր բիզնեսի ներկայացուցչից, ով փաստաթուղթ չի տրամադրել, այլ փոքրից, ով փաստաթուղթ չի կարողացել վերցնել:

Ըստ էության՝ փորձ է արվում ՓՄՁ ներկայացուցիչներին գործիք դարձնել խոշորների ստվերը բացայատելու գործում: Կարծում եմ՝ ընտրել եք ոչ շատ ազնիվ ճանապարհ:

Ի՞նչ է, չունե՞ք այլ լծակներ ներկրողների եւ արտադրողների ստվերը բացահայտելու համար:

Լավագույն ցանկության դեպքում դուք շատ արագ կարող եք մտաբերել այդ գործարարների ամբողջական  ցանկը: Իսկ եթե հիշողության հետ կապված խնդիրներ կան, պատրաստ եմ օգնել՝ սկսում եք երկրի նախագահի մերձակա շրջապատից, հետո կազմում եք կառավարության անդամների և նրանց հարազատների ցանկը, որոնք զբաղվում են գործարարությամբ: Հերթը կհասնի նաև գործարար պատգամավորներին: Այդ ցանկը կազմելուց և նրանց թափանցիկ հարկային դաշտ վերադարձնելուց հետո, վտահեցնում եմ՝ բյուջեն համալրելու որևէ խնդիր չեք ունենա: Եվ միգուցե գաք այն եզրակացության, որ առժամանակ պետք է հանգիստ թողնել փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին:

Իսկ այսօր օլիգարխիան դեռ մնում է արտոնյալ կարգավիճակում և անձեռնմխելի, իսկ բյուջեն լցնելու հիմնական բեռը  դարձյալ բարդվում է մանր ու միջին բիզնեսի վրա:

Մինչդեռ գործադիրն ուներ խոշոր բիզնեսի հարկային պարտավորությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու բազմաթիվ այլ հնարավորություններ: Մասնավորապես, ներմուծման և արտահանման նկատմամբ վերահսկողությունը ապահովել Մաքսային ծառայութան միջոցով, լիարժեք օգտգործել Հարկային տեսչության օպերատիվ ծառայության հնարավորությունները, որի հիմնական գործառույթը հենց հարկային պարտավորությունների կատարման վերահսկողությունն է, վերագործարկել որոշ ժամանակ առաջ կիրառվող՝ հարկային տեսչության ներկայացուցիչների ինստիտուտը, որոնք անմիջական վերահսկողություն էին իրականացնում խոշոր գործարարների հարկային պարտավորությունների նկատմամբ, օգտագործել ֆինանսների նախարարություն անալիտիկ կենտրոնների հնարավորությունները և այլն և այն:

Կառավարության՝ այս կարգի բարեփոխումները առաջացրել են ժողովրդի արդարացի վրդովմունքը: Հարկ է նշել, որ աշխարհում չկա նման պրակտիկա, երբ հարկային բեռի իջեցումը առաջացնում է հարկատուների համընդհանուր դժգոհությունը, դա ձեզ չի՞ զարմացնում: Սա խոսում է կառավարության արատավոր պրակտիկայի շարունակելիության և, ինչու ոչ՝ նաև խոշոր բիզնեսի վրա ազդելու՝ նրա անկարողության մասին:

Տարիներ շարունակ Հայաստանում անխնա և անհեռատեսորեն ոչնչացվել են բիզնես գործունություն զարգացնելու հնարավորությունները, ինչը շարունակաբար բերել է զանգվածային արտագաղթի: Այս օրնքի նմանատիպ կիրառման դեպքում արտագաղթի տեմպերն ավելի են մեծանլու: Արդյունքում ստանալու ենք ունեզուրկ ժողովուրդ և դատարկ Հայաստան:

Կառավարությանը կոչ եմ անում մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ վերանայել և փոփոխման ենթարկել արդեն իսկ ընդունված շրջանառության հարկի մասին օրենքը, քանի որ այն ոչ թե նպաստում է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, այլ էլ ավելի է վատթարացնում բիզնես միջավայրը և երկրում ստեղծում է՛լ ավելի անառողջ բարոյահոգեբանական մթնոլորտ»:

 

Նախորդ հոդվածը‘Ջոն Հեֆերն. ՆԱՏՕ-ն չի մասնակցում ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, սակայն սատարում է ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերի համատեղ զորավարժություններին մասնակցում է շուրջ 47 հազար զինծառայող’