‘Լոնդոնում մահացել է վրացի քաղաքական գործիչ Կախա Բենդուկիձեն’

1080

Լոնդոնում մահացել է վրացական տնտեսության բարեփոխիչ, Վրաստանի տնտեսության բարեփոխումների համակարգման հարցերով նախկին նախարար եւ գործարար Կախա Բենդուկիձեն:

Բենդուկիձեի հարազատները հաստատել են Բի-բի-սի-ի ռուսական ծառայությանը նրա մահվան փաստը:
«Ես ամայացած եմ: Այսօր նա առաջին անգամ չէր պատասխանում իմ հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին: Սկզբում ես զարմացած էի, իսկ հետո ինձ ասացին…Վրաստանը կորցրել է Կախա Բենդուկիձեին»,- գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին:
«Ես արտահայտում եմ իմ անկեղծ ցավակցությունները Կախա Բենդուկիձեի հարազատներին եւ մտերիմներին, ինչպես նաեւ միլիոնավոր այն մարդկանց, ում համար նա եղել է եւ մնում է մեծ փոփոխությունների նախաձեռնող»,- Twitter-ում գրել է Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:
Թբիլիսիի «Բաց համալսարանում» Բենդուկիձեի կոլեգա Վաթո Լեժավան հաղորդել է AFP-ին, որ Բենդուկիձեն վաղաժամ մահացել է Լոնդոնում, որտեղ նա ժամանել էր Շվեյցարիայում կատարած սրտի օպերացիայից հետո:
Բենդուկիձեին համարում են հետհեղափոխական Վրաստանի լիբերալ տնտեսական բարեփոխումների ճարտարապետ եւ հեղինակ, մինչ օրս էլ հակասական գնահատականներ առաջացնելով ինչպես փորձագետների շրջանակում, այնպես էլ վրացական հասարակությունում:

Տոտալ սեփականաշնորհողը
 
Վրաստանում քաղաքական գործունեությունից առաջ Բենդուկիձեն ավելի քան 20 տարի Ռուսաստանում զբաղվել է ձեռնարկատիրությամբ: Մինչև 2004թ. նա գլխավորել է իր հիմնած «Միավորված մեքենաշինական գործարաններ» հոլդինգը և զբաղեցրել Ռուսաստանի Արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահի պաշտոնը:
Բենդուկիձեն Սաակաշվիլիի կառավարությունում պաշտոններ է զբաղեցրել 2004-2009թթ.: Վրաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնում մի քանի ամիս աշխատելուց հետո նա նշանակվել է հատուկ ստեղծված տնտեսական բարեփոխումների համակարգման հարցերով նախարար:
Իր տնտեսական ծրագրի գլխում Բենդուկիձեն դրել էր «տոտալ սեփականաշնորհումը»:
Նախարարը նույնիսկ ցնցող կարգախոս էր հայտարարել. «վաճառել ամենինչ, բացի խղճից եւ պատվից»:
Այս տարվա մայիսին Բենդուկիձեն ընդունել էր Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի հրավերը՝ դառնալ այդ երկրի կառավարությանը կից տնտեսական և խորհրդակցական խորհրդի անդամ:

Նախորդ հոդվածը‘Դևիդ Մոյեսը խորհուրդ է հարցրել Ալեքս Ֆերգյուսոնից’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կիսում է հայկական ուղղաթիռի խոցման հետ կապված մտահոգությունները’