‘Լուկաշենկոն չափազանց կոշտ է արձագանքել Ռուսաստանի որոշմանը’

1441

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չափազանց կոշտ է արձագանքել Ռուսաստանի որոշմանը՝ արգելել բելառուսական մսի ներկրումը:

Россельхознадзор-ը մեկ շաբաթով Ռուսաստան միս ներկրելու արգելք է սահմանել  բելառուսական 18 ձեռնարկությունների նկատմամբ՝ այդպիսով փակելով, փաստորեն, բելառուսական մսի ամբողջ քանակի՝ 400 հազար տոննա մսի ներկրման ճանապարհը Ռուսաստան:

Բելառուսի նախագահը հայտարարել է, որ ռուսաստանյան իշխանությունների վարքագիծն ապշեցրել է իրեն:

«Պետք չէ մեզ վրա ճնշում գործադրել: Մենք ձեր հուսալի բարեկամներն ենք եղել և կլինենք: Բայց եթե դուք սկսեք մեզ ճնշել, գիտեք, որ ես դա չեմ հանդուրժի»,- խոստացել է Լուկաշենկոն:

Մինսկում Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ հանդիպման ժամանակ, Բելառուսում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Սուրիկովի ներկայությամբ, Լուկաշենկոն չի կարողացել զսպել իր հույզերը: «Չեմ հասկանում, դուք, ի՞նչ է, դա հատո՞ւկ եք անում, որ Ռուսաստանի Դաշնությունում գները թռչե՞ն: Չէ՞ որ մենք ձեզ մթերք ենք ուղարկում ամենացածր գներով: Բայց ախր ապրանքների, հատկապես՝ մսամթերքի դեֆիցիտը Ռուսաստանի շուկայում՝ կնշանակի գների բարձրացում: Ինչո՞ւ եք դա անում՝ ընդհանրապես չեմ հասկանում»:

Բելառուսի նախագահը հայտարարել է նաև, որ վիրավորված է Մաքսային միությունում հարաբերությունների անհավասարությունից, որը, նրա խոսքով՝ Մոսկվայի նախաձեռնությունն է: «Եւ գիտե՞ք որն է վիրավորական: Ենթադրենք՝ Ղազախստանի ու Բելառուսի մոտ նույնատիպ խնդիրներ են ծագում. մի հեռախոսազանգ՝ և Ղազախստանի հարցը լուծված է: Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ Բելառուսի օրինակով հերթական անգամ՝ մե՛կ գազատարի հարցով, մե՛կ նավթի, հիմա էլ՝ սննդամթերքի հետ կապված՝ փորձում են ինչ-որ մեկին կամ ամբողջ աշխարհին դաս տալ: Բայց մենք հո լակոտ չենք, որ մեր վզից բռնած՝ ման տան, ներեցեք կոպիտ արտահայտվելուս համար»,- ասել է Լուկաշենկոն: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Բագրատ Ասատրյան. Մի քիչ զսպեք ախորժակներդ, ժողովուրդն ուղղակի մեղք է’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպան Հեֆերնը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ պատգամավորների հետ’