‘Լևոն Իգիթյանը արվեստանոցը ուզում է դարձնել փայտի արտադրամաս. Բողոքի ակցիա (Ֆոտոշարք)’

1645

Գեղագիտության ազգային կենտրոնի քանդակի բաժնի մանկավարժ Հրաչյա Համբարձումյանը նոյեմբերի 7-ին, տնօրեն Լևոն Իգիթյանի (Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ) հրամանով հեռացվել էր աշխատանքից: Իգիթյանը պատճառաբանել էր իր որոշումը նրանով, թե Հրաչյա Համբարձումյանը բացակայել է աշխատանքից և դասեր չի անցկացրել:

Սակայն Հրաչյա Համբարձումյանը համոզված է, որ դա կապված է իր սկսած պայքարի հետ։

Վերջինս հրաժարվել էր լքել Սարյան 27 հասցեում գտնվող տարածքը, որտեղ դասեր էր անցկացնում։

Համբարձումյանի խոսքերով՝ «Լևոն Իգիթյանը Սարյան 27 հասցեում գտնվող քանդակի արվեստանոցը ուզում է դարձնել փայտի արտադրամաս: Դրա համար էլ ինձ աշխատանքից հեռացրել են, որովհետև մենք թույլ չենք տալու, որ արվեստանոցը վերածվի փայտի արհեստանոցի»:

Այսօր Հրաչյա Համբարձումյանը, իր սաների և նրանց ծնողների հետ միասին բողոքի ակցիա անցկացրեց արվեստանոցում: Ակցիայի ժամանակ, սաների ներկայությամբ Համբարձումյանը հայտարարեց, որ «այստեղ կանգնած ոչ մի մարդ հետ չի կանգնելու, մենք բոլորս էլ այս երկրում ենք ապրում, և այս երկրի, այս արվեստանոցի համար մենք պայքարելու ենք»:

Ի նշան բողոքի` արվեստանոցի սաները վառելանյութով լցված տարայի մեջ այրեցին Լևոն Իգիթյանին պատկերած իրենց նկարները: «Դրանով երեխաները ցույց տվեցին, որ իրենք ստեղծում են այս ամեն ինչը, իսկ պարոն Իգիթյանը այրում և քանդում է»,- բացատրեց Հրաչյա Համբարձումյանը, հավելելով, որ հիմա նրանք սպասելու են Կրթության և գիտության նախարարի արձագանքին, իսկ եթե այն բացասական լինի, կդիմեն դատարան:

Նախորդ հոդվածը‘Զլատան Իբրահիմովիչը չի կարողացել զսպել արցունքները. «Ֆուտբոլի կողքին մի կյանք կա, որը շատ ավելի կարևոր է» (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Ժորժե.«Ներկայիս Հայաստանի հավաքականն ավելի ուժեղ է, քան այն, որի հետ մենք ժամանակին մրցում էինք»’