‘Լևոն Պաչաջյանը հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի մասին’

2301

Ահա, թե ինչ է ասել Հայաստանի հավաքականի նախկին խաղացողը իր հայկական ֆուտբոլի աղետալի վիճակի մասին:

«37 խաղ եմ անցկացրել Հայաստանի հավաքականում, բայց ինչքան էլ դժվար, ձախողումներով հանդերձ պահեր են եղել, չեմ հիշում նման հուսախաբ վիճակ, ինչը տեղի է ունենում հիմա։ Ամենավատը գիտե՞ք որն է, որ մարդկանց համար դառնում է ամեն ինչ սովորական ու նրանք անտարբերությամբ են լցվում ֆուտբոլի հանդեպ։ Թե՛ երկրպագուները, թե՛ ֆուտբոլիստներն ու մասնագետները մեծ հաշվով «հա, դե մեկ ա սենց էլ պետք է լիներ» մտքով են առաջնորդվում։ Միակ միջավայրն է, որտեղ ֆուտբոլը մահանում է։ Իսկ վերջին երկու խաղը, իրոք, արտացոլում էին մեր ֆուտբոլում առկա բոլոր խնդիրները։

Անիմաստ է այս պահին անրադառնալ ֆուտբոլիստներ անհատական խաղին, որովհետև մեկ հաղթած խաղը ոչինչ չի կարող փոխել։ Ցավոք, Հայաստանում ֆուտբոլը և նրա ապագան ահավոր վիճակում են և շատ հետ են մնացել թեկուզ տարածաշրջանի երկրներից։ Չէի մտածի, որ երբևէ օրինակ կբերեմ մեր թշնամի երկրին, բայց նայեք՝ ակումբային ֆուտբոլում ուր հասան նրանք… Նաև հավաքականի մակարդակով են առաջադիմել՝ խոշոր հաղթանակ են տանում, որը առաջներում անհնարին էր պատկերացնել, վաստակում 10 միավոր և, եթե չեմ սխալվում, երրորդ տեղում են գտնվում իրենց խմբում՝ առաջ անցնելով Նորվեգիաից և Չեխիաից։

Դե Եվրոպական երկրների հետ համեմատելն անիմաստ է։

Եթե հնարավորինս արագ մի բան չփոխվի հայկական ֆուտբոլում, մենք վերջնականապես անդունդը կգլորվենք՝ երազելով ամբողջ մրցաշրջանում գոնե մեկ հաղթանակի մասին։ Կարծում եմ ժամանակն է, որ վերջապես պետությունը աջակցի ֆուտբոլին։ Հավատացնում եմ, անկախ բոլոր խնդիրներից՝ մենք բավական ներուժ ունենք և շատ տաղանդավոր ֆուտբոլիստներ ու մասնագետներ, որոնց համար ամեն մի ներդրված լումա կեռապատկվի, միայն թե ուշանում է այդ աջակցությունը։

Աջակցե՛ք ֆուտբոլին, ափսոս է, որ այդ մարզաձևը, ունենալով այդքան մեծ ներուժ, Հայաստանում քայքայվի և դառնա ինչ որ բակային սպորտ:

Արագ ինչ որ բան փոխել է պետք…»: 

Նախորդ հոդվածը‘Աշխարհի գավաթ. 1/32 եզրափակչի առաջին պարտիայում Արոնյանը սևերով ոչ-ոքի խաղաց’
Հաջորդ հոդվածը‘Ինիեստան համաձայնության չի եկել «Բարսելոնա»-ի հետ նոր պայմանագրի հարցում’