‘Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’

1346

Եվրոպական առաջնություններում պայքարը թեժացել է: Ոսկե մեդալի համար կենաց ու մահու պայքար են մղում լավագույն թիմերը և հնարավոր է՝ վաղաժամկետ հայտնի դառնան նաև հաղթողները:  Այսօր հենց այդպիսի դիմակայության ականատեսը կլինենք Իսպանիայի Լա Լիգայում, Իտալիայի Ա Սերիայում և Գերմանիայի Բունդեսլիգայում, որտեղ միմյանց դեմ դուրս կգան կատալոնական «Բարսելոնան» և Մադրիդի «Ատլետիկոն», «Յուվենտուսը» և «Միլանը»,  «Բավարիան» և Դորտմունդի «Բորուսիան»:

 «Յուվենտուս»-«Միլան»

Ապրիլի 6, մեկնարկը՝ 20:00, Թուրին, «Ալյանց Ստեդիում» մարզադաշտ

Հանդիպման մրցավար՝ Միքելե Ֆաբրի

31-րդ տուրի «Յուվենտուսի» և «Միլանի» հակամարտությունը կարող էր դառնալ 2-րդ մրցաշրջանի զարդը, եթե «ծեր սինյորայի» համար արդյունքը կարևոր լիներ: Սակայն «Նապոլի»-ից ունեցած 18 միավորի առավելությունը և Չեմպիոների լիգայում «Այաքսի» դեմ սպասվող դիմակայությունը տանտերերի խաղը հնարավոր է վերածեն «բարձր պատասխանատվությամբ» մարզման: Մնում է միայն  հուսալ, որ «սատանաները», որ արդեն 3 տուր անընդմեջ չեն հաղթում և Չեմպիոների լիգայի տարածքից դուրս մնալու շեմին են, կկարողանան լավ խաղ ցույց տալ և նույնը պարտադրել նաև հակառակորդին:

Ի դեպ, «Յուվենտուսը» «Միլանին» հաղթելու փոքր խթան ունի: Եթե «ծեր սինյորային» հաջողվի հաղթանակ տոնել, դրանից 26 ժամ հետո «Նապոլին» պարտվի «Ջենովային», ապա թուրինցիներն առաջնության ավարտից 7 տուր առաջ կնվաճեն չեմպիոնի կոչումը: Թեև խիստ կասկածելի է, որ այդ հաճելի պահի համար «զեբրերը» անգամ նվազագույն ռիսկի ենթարկեն հաջողությունը Չեմպիոնների լիգայում:

Երկու թիմերն էլ  բավականաչափ կադրային խնդիրներ ունեն: Բայց այստեղ էլ դաշտի տերերը ավելի լավ իրավիճակում են հայտնվել, քանի որ մարզումներին սկսել են մասնակցել Դիբալան, Մանջուկիչը, Սպինացոլան և Խեդիրան:  Հարցը միայն այն է, թե «Այաքսի» հետ հանդիպումից առաջ վնասվածքից նոր վերականգված այս ֆուտբոլիստներին արդյո՞ք Ալեգրին դուրս կբերի խաղադաշտ: Միայն կարող ենք ասել, որ «Միլանի» հետ հանդիպմանը հաստատ չեն մասնակցի Ռոնալդուն, Կասերեսը, Դուգլասը, Կուադրադոն և Բարձալին:  «Միլան»-ում ամեն ինչ ավելի վատ է: Հիվանդասենյակում գտնվող Բոնավենտուրային և Կոնտիին միացել են անցած տուրում վնասվածքներ ստացած Դոնուրաման և Պակետան:  Հարցական է նաև Կեսյեի և Չալհանօղլու մասնակցությունը, թեև նրանք հայտնվել են հայտացուցակում: Հաշվի առնելով կադրային այս խնդիրները, Գատուզոն խաղացողների կազմում ընդգրկել է նաև երիտասարդական թիմի 2 ներկայացուցչի՝ դարպասապահ Սոնչինային և կիսապաշտպան Մաուրիին:

Այս ամենին հավելենք, որ վերջին ժամանակներս  «Միլանը» ծայրահեղ անհաջող է խաղում «Յուվենտուսի» հետ: Առաջնության շրջանակներում կատարած վերջին 6 հանդիպումներն ավարտվել են «սատանաների» պարտությամբ: Այս մրցաշրջանում ևս միլանցիները հասցրել են 2 անգամ պարտվել՝ առաջնության 1-ին կեսում 0:2,  Իտալիայի Սուպերգավաթի  խաղում՝ 0:1 հաշիվներով:

Հազիվ թե հնարավոր լինի հույսը դնել այն հանգամանքի վրա, որ «Յուվենտուսում» փոքր կոնֆլիկտ է առաջացել Բոնուչիի՝ Քինին ռասիստական արտահայտություն կատարելու մեղադրանքի պատճառով: Լեոն արդեն ներողություն է խնդրել իր խոսքերի համար և, եթե անգամ անկեղծ ներման չի արժանացել, ամեն դեպքում «Յուվենտուսի» ֆուտբոլիստները կփորձեն բոլորին ցույց տալ իրենց միասնականությունը:

«Բավարիա»-«Բորուսիա» Դորտմունդ

Ապրիլի 6, մեկնարկը՝ 20:30, Մյունխեն, «Ալյանց Արենա» մարզադաշտ

Հանդիպման մրցավար՝ Մանուել Գրաֆե

Կորցնելով իրենց սկզբունքային հակառակորդների հանդեպ ձեռք բերված էական առավելությունը՝ «Բորուսիան» անսպասելի նվեր ստացավ. «Բավարիայի» ոչ ոքին «Ֆրայբուրգի» հետ և սեփական արյան գնով «Վոլֆսբուրգի» դեմ ավելացրած ժամանակում տոնած հաղթանակը դորտմունդցիներին դարձրեց Բունդեսլիգայի առաջատար: Հիմա արդեն Մյունխեն այցելությունը չի թվում այդքան անհուսալի: Մրցաշրջանային երթն արդեն մոտենում է եզրագծին և այս ժամանակահատվածում  հիվանդասենյակները դատարկ  չեն լինում: Ասվածից կարելի է ենթադրել, որ 2 թիմերն էլ չեն կարող խաղադաշտ դուրս բերել իրենց օպտիմալ կազմերը: «Բավարիային» չեն կարող օգնել Ռոբենը, Տոլիսոն և Դևիսը, իսկ  «Բորուսիային»՝ Խակիմը, Ֆիլիպը և Պուլիշիչը: Սակայն ֆուտբոլասերների  ուշադրությունը սևեռված է այն ֆուտբոլիստների վրա, որոնց մասնակցությունը հարցական է՝ ամենից առաջ մյունխենցիների դարպասապահ Նոյերի ու  դորտմունցիների հարձակվող Ալկասերի: Վերջինս թեև զիջում է Լևանդովսկուն խփած գնդակների քանակով, սակայն արագ խփելու ունակությամբ 5 եվրոպական առաջնությունների առաջատար է. հակառակոդի դարպասը միջին հաշվով 60  րոպեում 1 գոլ է խփում:  

Եթե մի կողմ դնենք թիմերի պայքարի ոգին և  բարոյական տրամադրվածությունը, որը 2 թիմերի մոտ էլ,  անկասկած, կլինի ամենաբարձր մակարդակի վրա, շատ բան պայմանավորված է խաղադաշտի յուրաքանչյուր հատվածում ունեցած պայքարով: Նախապես դժվար է կանխատեսել թե այս հանդիպման ժամանակ ինչը կլինի առանցքային՝ աջ եզրում մրցակիցների հանդեպ Կիմիխի ունեցած առավելությո՞ւնը, թե՞ անկասելի Սանչոյի խաղը «Բորուսիայի» աջ եզրում, Ռոյսի հաճախակի հարձակման գծում հայտնվե՞լը, թե՞ Խամես Ռոդրիգեսի խորքից սկսած հարձակողական ֆուտբոլը:

Այս հանդիպման ընդհանուր նախշը կազմված կլինի մանրուքներից, որոնք էլ հայտնի կդարձնեն Գերմանիայի առաջնությունում այս 2 թիմերի միջև անցկացված 100-րդ հանդիպման հաղթողին: Մեծ դերակատարում կունենա նաև երկրպագուների աջակցությունը: Դորտմունդից Մյունխեն են  մեկնել 8000 ֆանատներ, սակայն արդյո՞ք նրանք չեն կորչի  75 հազար հանդիստեսի շարքերում: 

«Բարսելոնա»-«Ատլետիկո»

Ապրիլի 6, մեկնարկը՝ 22:45, Բարսելոնա, «Կամպ Նոու» մարզադաշտ

Հանդիպման մրցավար՝ Հիլ Մանսանո

Հնարավոր է Իսպանիայի Պրեմիեր լիգայում այսօր տեղի ունենա այն վերջին հանդիպումը, որտեղ կհնչի «պայքարում են չեմպիոնության համար» արտահայտությունը: «Ատլետիկոյի» համար գուցե սա մի վերջին հնարավորություն է հավակնելու չեմպիոնական մեդալին: Արդյո՞ք այդպես է, թե դա միայն թվում է… Այս խաղից առաջ «ներքնակավորները» կատալոնացիներից հետ են մնում 8 միավորով: Մինչև առաջնության ավարտը նույնպես 8 հանդիպում է մնացել: «Ատլետիկոյի» համար միակ ելքը 3 միավոր ձեռք բերելն է: Ամեն ինչ պարզից էլ պարզ է: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին անգամ մադրիդցիները կատալոնացիների մարզադաշտում հաղթել են 2006 թվականին, խնդիրը, մեղմ ասած, այնքան էլ հեշտ լուծվողներից չէ:  Այնուհանդերձ, իր առաջ բարձր նպատակներ դրած ակումբը ուղղակի պարտավոր է մեծ գործերի համար ջանք չխնայել:

Զավեշտալին այն է, որ ամենայն հավանականությամբ, «Բարսելոնայի» համար ավելի հարմար կլիներ այս հանդիպումն անցկացնել հակառակորդի դաշտում: Այդ ժամանակ «կապտանռնագույնները» կարող էին մրցակցին հանգիստ առաջարկել նրանց իսկ որդեգրած պրագմատիկ ֆուտբոլը: Թիմերը կպահպանեին «տխուր» զրոները և հանգիստ կբաժանվեին միմյանցից: «Օլդ Թրաֆորդ»-ում կայանալիք խաղից առաջ դա հենց այն կլիներ, ինչն անհրաժեշտ է: Սակայն «Կամպ Նոու»-ում այդ սցենարը չի կարող կիրառվել: Երկրպագուները առաջ կմղեն «Բարսելոնա»-ին և կստիպեն բացվել:

«Ատլետիկոն» միայն ուրախ կլինի դեպքերի այդպիսի ընթացքից և կփորձի օգուտ քաղել հակագրոհների ժամանակ: Մտածել անգամ չի կարելի, որ  «ներքնակավորները» 3 միավոր ձեռք բերելու անհրաժեշտությունից դրդված կարող են փոխել իրենց խաղի փիլիսոփայությունը և վերակազմավորվել որպես 1-ին համարի խաղացող: Սիմեոնեն շատ լավ է հասկանում, թե «Կամպ Նոու»-ում այդպես վարվելը ինչ հետևանքներ կարող է թողնել:

Ինչ վերաբերում է կադրային խնդիրներին, ապա 2 թիմերն էլ ունեն կորուստներ: «Բարսելոնայի» կազմում հանդես չի գա Ուսման Դեբելեն, ով վնասվածքից նոր է վերականգնվել և ուժերը պետք է խնայի մանչեսթերյան հանդիպման համար: Խաղադաշտ դուրս չի գա նաև Արթուրո Վիդալը, որը  2 դեղին քարտ է ստացել: Ռաֆինիայի և Սիլեսենի բացակայությունը աննշան կորուստ է թիմի համար: «Ատլետիկոյին» չեն օգնի վնասվածքներ ստացած Լեմարը, Մորատան և Ալվարոն:

 

 

Նախորդ հոդվածը‘Մաքգրեգոր-Նուրմագոմեդով լեզվակռիվը նոր շարունակություն է ստանում…’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալ»-ը 2:1 հաշվով պարտության մատնեց «Էյբար»-ին (տեսանյութ)’