‘Խմբագրական. Եռյակի մարտավարական տարաձայնությունները և քաղաքացու շահը’

2147

Բնական է և սպասելի, որ ՀԱԿ-ի կիրակնօրյա հայտնի հայտարարությունից հետո ակտիվացան եռյակի ներսում տարաձայնությունների մասին խոսակցությունները: Բնական և սպասելի է նաև այն, որ եթե հանրության անշահագրգիռ մեծամասնությունը պարզապես հետաքրքրված է տեղի ունեցածով, ապա իշխանական քարոզչական շահերը սպասարկող փոքրամասնությունն էլ առիթն օգտագործում է եղածը որպես «քաղաքագիտական վերլուծության», ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության ավարտ ներկայացնելու համար: Փորձենք հասկանալ, թե ինչ է տեղի ունենում իրականում:

Միանգամից ասեմ, որ տարաձայնությունների բովանդակությանն այս պահին մեծ իմաստ չեմ տեսնում անդրադառնալու: Մեծ հաշվով` այդ բովանդակությունը շատ պարզ է և արտահայտված է ինչպես ՀԱԿ-ի հայտարարության, այնպես էլ դրա շուրջը եղած մի քանի արձագանք հրապարակումներում: Մի բան եմ ցանկանում միայն այս առումով ճշտել: Եթե շատերի համար մարտավարական տարաձայնությունների փաստն ակներև դարձավ միայն ՀԱԿ-ի հայտարարությունից հետո, ապա ավելի ուշադիր հայացքի համար դա պետք է որ պարզ դառնար ավելի շուտ: Ուշադիր հայացք ասելով` նկատի չունեմ ինչ-որ ենթատեքստեր որսացող կամ տողատակեր կարդացող տեսանկյուն: Ո՛չ, խնդիրն այն է, որ մարտավարության շուրջ բանավեճը բավականին բաց կերպով ծավալվեց հրապարակավ՝ ընդդիմադիր կայքերում: Երկու տարբեր տեսակետների կրողները ներկայացրել են իրենց փաստարկները, և ցանկության դեպքում դրանց կարելի է ծանոթանալ նաև հետադարձ կերպով: Նաև այս պատճառով կարիք չեմ տեսնում անդրադառնալու բովանդակությանը. մեծ հաշվով` բոլոր հնարավոր փաստարկներն ու հակափաստարկներն արդեն հնչեցվել են: Ավելին. նույն այդ ուշադիր հայացքը նույն երկու ուժերի միջև գրեթե նույնաբովանդակ բանավեճ պետք է տեսած լիներ նաև այս տարվա գարնանը, և այդ բանավեճը նույնպես իր արտահայտումը ստացավ բաց, բոլորին մատչելի հրապարակումներում: Այնպես որ` կարելի է ասել, որ մոտեցումների այս տարբերությունը ո՛չ նորություն է, ո՛չ էլ մեծ գաղտնիք:

Հիմա հասկանանք, թե այս ամենն ի՛նչ կարող է նշանակել քաղաքական ուժերի, և որն ավելի կարևոր է՝ քաղաքացիների տեսակետից: Քաղաքական ուժերի տեսակետից, կարծում եմ, ոչ մի ողբերգական բան տեղի չի ունենում: Եթե երկու դաշնակից ուժերը պատրաստ են հրապարակային բանավեճի, ապա դա, մեծ հաշվով, վկայում է ինքնավստահության բավականին մեծ աստիճանի մասին: Թույլ և անինքնավստահ ուժերը հազիվ թե նման քայլի գնային: Եթե ներկա ընդդիմադիր ձևաչափն ու գործընթացն իրական ներքին ճգնաժամի առջև կանգնած լիներ, ապա հազիվ թե մոտեցումների տարբերությունը հրապարակային բանավեճի առիթ դառնար: Այս պահին չի նշմարվում որևէ լուրջ ռազմավարական վտանգ ԲՀԿ և ՀԱԿ հետագա համագործակցության համար:

Ինչ-որ տեղ բնական էլ են այդ երկու ուժերի մարտավարական տարաձայնությունները: Նախ՝ ինքնին պարզ է, որ բավականին տարբեր քաղաքական միավորներ են թեկուզ այն իմաստով, որ տարբեր կետերից են եկել այսօրվա իրենց միասնական դիրքորոշմանը, և երկրորդ՝ երկուսի քաղաքական համագործակցությունը որակապես նոր փուլ մտավ հոկտեմբերի 10-ի հանրահավաքից հետո, ու, թերևս, բնական է, որ որոշ իմաստով պետք է դեռ նոր դերում հարմարվել իրար: Ամեն դեպքում` չկա խնդիր ռազմավարական նպատակի առումով, ինչը բազմիցս շեշտվել է երկու կողմերի հանրային խոսքում, հետևաբար, մարտավարական որ մոտեցումն էլ հաղթի, միևնույն է` քաղաքական գործընթացի իքս կետում տարաձայնությունները երկրորդական են դառնալու, քանի որ հարցի վճռական լուծումն անխուսափելի է: Չի կարող անվերջ տևել քաղաքական այն լարումը, որը ստեղծվել է եռյակի գործունեության արդյունքում:

Այժմ թողնենք քաղաքական ուժերին իրենց խնդիրների հետ և հարցը դիտարկենք քաղաքացու տեսակետից: Կարծում եմ, անշահագրգիռ քաղաքացին միայն շահում է նրանից, որ քաղաքական ուժերի, այն էլ՝ դաշնակից ուժերի միջև բանավեճը տեղի է ունենում հրապարակային, այլ ոչ թե կուլիսային մակարդակով: Այս իմաստով միակ խնդիրն այն է, որ քաղաքականությամբ հետաքրքրվողներին խորհուրդ կտայի ավելի ուշադիր լինել: Արդեն նշեցի, որ ուշադիր լինելու դեպքում կարելի էր ոչ միայն կռահել եռյակի ներսում եղած մարտավարական տարաձայնությունների մասին, այլև ծանոթանալ կողմերի փաստարկմանը բոլորին մատչելի աղբյուրներից՝ նախքան ՀԱԿ-ի հայտարարությունը, որն ընդամենն ամփոփում էր, այլ ոչ թե բացում էր բանավեճը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Ավտովթարից տուժած վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. 14-ամյա տղան կվիրահատվի Երեւանում’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Պորտուգալիա’