‘Խմբագրական. ԵՏՄ-ի շուրջ քվեարկությունը. քաղաքական կինոն’

2293

Քաղաքականությունը հաճախ համեմատում են կինոյի հետ՝ թե՛ դիտողի, թե՛ մասնակցի տեսակետից: Այս համեմատության մեջ ճշմարտության հատիկ կա: Եվ եթե շարունակենք այս համեմատությունը, ապա պետք է հիշենք, որ կինո նայելու տարբեր ձեւեր կան: Առաջինը՝ զուտ զվարճանքի, հանգստի, թուլանալու նպատակով նայելն է, մյուսն ավելի ուշադիր նայելն է՝ իրական կապերը, ավելի խորքային իմաստներն ու ուղերձները հասկանալու նպատակով: Երկու ձեւերն էլ իրավունք ունեն գոյության. այնպես չէ, որ մեկը միշտ ավելի լավն է ու ճիշտ, իսկ մյուսն ավելի վատն է եւ սխալ: Ոչ մի վատ բան չկա, երբ օրվա գործերից հոգնած լինելով, թուլանալու նպատակով ուզում ենք նայել մի թեթեւ կատակերգություն կամ էլ ակնհայտորեն ոչ շատ իմաստալից, բայց ադրենալինի շրջանառությունն ավելացնող թրիլեր: Քաղաքական «կինոն» էլ կարելի է այդպես նայել՝ թուլանալ, հաճույք ստանալ՝ մյուս օրը մոռանալու եւ առօրյա գործերին անցնելու համար: Կամ էլ փորձել դրանում առօրյայում պակասող հավելյալ ադրենալինի, ազարտի, կրքի չափաբաժին գտնել: Վատ բան չկա նաեւ այս տարբերակի մեջ: Միակ խնդիրն այստեղ այն է, որ մարդն այդ ընտրությունն անի գիտակցաբար, այլ ոչ թե իրեն թվա, որ դա քաղաքականության ընկաման միակ ձեւն է, որի դեպքում քաղաքականությունը նմանվում է ինչ-որ մի կարեւոր ֆուտբոլային խաղի, ասենք, Աշխարհի գավաթի եզրափակչի, որի շուրջ ուժեղ կրքեր են բորբոքվում, բայց դրանք շատ արագ մոռացվում են եւ անէական են դառնում հաջորդ մի քանի օրվա մեջ, որովհետեւ վերաբերում են ոչ թե մեր կենսականին, այլ, ի վերջո, վիրտուալ եւ մեզ հետ առանձնապես կապ չունեցող պայմանական մի աշխարհի, որտեղ մեկս, ասենք, Գերմանիայի հավաքականի երկրպագու է, իսկ մյուսս՝ Արգենտինայի:

Երեւի արդեն կռահեցիք, որ ասածս այն է, որ Հայաստանում քաղաքականությամբ հետաքրքրվողներիս մեծ մասը քաղաքական կինոն նայում ենք առաջին՝ մակերեսային տարբերակով՝ առանց փորձելու խորանալ, թե ինչ է ասվում կամ արվում իրականում: Մինչդեռ դա այդքան էլ բարդ չէ:

ԱԺ-ում ծավալված քննարկումները ԵՏՄ հարցի շուրջ պետք է օգնեն մեզ այսօր այդ թեման բացելու գործում: Այս նյութով կանդրադառնամ միայն ԵՏՄ-ին «դեմ» քվեարկածների ելույթներին եւ գործողություններին: Իշխանամետների խոսքին իմաստ չեմ տեսնում այս պահին անդրադառնալ պարզ պատճառով՝ այնտեղ խոսք փնտրելն ընդհանրապես դաժան գործ է, իսկ ընդդիմության «կողմ» կամ «դեմ» քվեարկելու խնդրին արդեն անդրադարձել եմ առանձին նյութով:

Նախքան բուն ասելիքս՝ եւս երկու կարեւոր նկատառում: Տվյալ դեպքում ինձ չի հետաքրքրում քննարկման բուն թեման՝ ԵՏՄ-ը (դրա մասին էլ առիթներ ունեցել եմ խոսելու): Սա ընդամենը առիթ է քաղաքական կինոյի վերլուծության ձեւերին անդրադառնալու: Երկրորդ՝ դրական եմ գնահատում, որ ԵՏՄ հետ կապված որոշումն ԱԺ-ում չանցավ միաձայն, զուտ թեկուզ այն պատճառով, որ նման որոշումների միաձայն անցնելը պետության շահերից չի բխում՝ ըստ իս: Այսինքն՝ «դեմ» քվեարկողների քվեարկության հետ խնդիր չունեմ: Բայց խնդիր ունեմ տեսնելու, թե սա իրականում ի՛նչ կինո էր, ինչի՛ մասին էր, եւ ի՛նչ խաղ էին խաղում հարգարժան դերասանները:

6 ելույթ՝ 0 քաղաքականություն

Ամբողջությամբ լսել եմ «դեմ» քվեարկողների 6 ելույթ (սա բացառիկ դեպք է իմ «կարիերայում», քանզի ԱԺ ելույթները շատ հազվադեպ են լսում): Անուններ, իհարկե, հիմա չեմ տա, որովհետեւ անունները տվյալ շարադրանքում էական չեն՝ էականը ելույթների ընդհանրացումն է, մանավանդ որ, «թարսի» պես, բոլորն էլ՝ այս կամ այն տարբերակմամբ, նույն քաղաքական ուղերձն էին պարունակում: Այդ ելույթների մեջ կային ճիշտ կամ սխալ, անվիճելի եւ վիճելի, հետաքրքիր եւ ձանձրալի, լուրջ եւ ժպիտի արժանի մասեր: Որոշ ելույթներ նաեւ բավականին տեղեկատու էին: Բայց այդ ամենը վերաբերում է ելույթների ոչ քաղաքական բաղադրիչին: Որքան էլ տարօրինակ է հնչում, բոլոր իմ լսած ելույթներն, առանց բացառության՝ ապաքաղաքական էին: Ավելի տարօրինակն ասեմ միանգամից. ելույթներից եւ ոչ մեկում չկար քաղաքական «դեմ» լինելու ոչ թե հիմնավորումը, այլ բովանդակությունն իսկ: Զարմանալի է, բայց 6 ելույթից ոչ մեկն իրականում քաղաքական բուն տեսակետից «դեմ» չէր ԵՏՄ-ին, այսինքն՝ արտաքուստ, ձեւականորեն դեմ էին, բայց փաստացի, քաղաքականապես այդպիսին չէին: Հենց այստեղ էլ արտահայտվում է քաղաքական կինոյի մակերեսի եւ խորքի՝ էության տարբերությունը: Մի շտապեք զարմանալ կամ նույնիսկ զայրանալ: Բացատրեմ, ապա եւ փաստարկեմ պնդումս:

Քաղաքական «դեմ»-ը տարբերվում է ընդհանրապես դեմից բավականին հստակ չափանիշներով: Տվյալ դեպքում էլ խոսքը ոչ թե պատահական, այլ, փաստորեն, ծրագրային ելույթների մասին է, որոնք պարտադիր պետք է համապատասխանեին այդ չափանիշների գոնե մեծ մասին: Ելույթ ունեցողներից ոչ մեկը ո՛չ հիմար էր, ո՛չ էլ անփորձ՝ քաղաքական խոսքում, հետեւաբար՝ չէր կարող չհասկանալ, թե ի՛նչ է ասում եւ ինչի՛ համար: Ամեն բան շատ ստույգ չափված-ձեւված էր, եւ պատահական չէ, որ խոսելով ընդհանրապես դեմ՝ մարդիկ քաղաքական հստակ «դեմ» չեն արտահայտվել:

Հիմա տեսնենք, թե ինչ նվազագույն պարտադիր չափանիշների մասին է խոսքը ելույթների կոնկրետ (բայց եւ՝ ընդհանրացված) վերլուծությամբ:

Սերժը մեղավոր չէ: Մեղավորն Առաքել Բոբիկն է

1. Նախ՝ չհնչեցվեց իրավիճակի ոչ մի վերլուծություն: Համառոտ վերլուծությունը, տվյալ դեպքում, պարտադիր պետք է կազմեր բոլոր ելույթների ներածությունը, որպեսզի հասկանալի դառնար, թե ինչո՞ւ, ի՞նչ հանգամանքների բերումով, ինչպիսի՞ կոնկրետ քաղաքականության արդյունքում Հայաստանը հայտնվեց ԵՏՄ-ում, եւ որքանո՞վ է դա կապված, մի կողմից՝ ներքին, իսկ մյուս կողմից՝ արտաքին զարգացումների հետ (միայն ելույթներից մեկում, որպես բացառություն, որոշ ակնարկներ եղան այս մասին, որի համար ելույթ ունեցողին՝ ադաշիս՝ հատուկ շնորհակալություն, ինչպես «աշխատանքային լեզվով» են ասում՝ и на том спасибо): Այնպիսի տպավորություն է, որ ԵՏՄ-ն տարերային աղետ էր կամ եղանակային փոփոխությունների պես մի բան՝ մեր գլխին երկնքից իջած ձյուն կամ անձրեւ: Բայց եթե չկա պատճառահետեւանքային վերլուծությունը, ապա ի՞նչ հիմքի վրա  կարող է կառուցվել «կողմ» կամ «դեմ» քաղաքական դիրքորոշումը: Տարերային աղետին հո հնարավո՛ր չէ քաղաքականապես «կողմ» կամ «դեմ» լինել:

2. Քանի որ չկար իրավիճակի վերլուծություն, եւ պարզ չդարձավ, թե ինչի՛ արդյունքում ենք հայտնվել այսօրվա քվեարկության շեմին, ապա, բնականաբար, հայտնի չեղավ եւ իրավիճակի պատասխանատուն: Ֆանտաստիկ է, բայց ելույթներից եւ ոչ մեկում չխոսվեց ոչ միայն Սերժ Սարգսյանի մասին՝ որպես իրավիճակի պատասխանատուի, որի քաղաքականության արդյունքում է ստեղծվել այն իրավիճակը, որին դեմ են արգո պատգամավորները, այլեւ նույնիսկ ընդհանուր կերպով փաստացի չի դրվել իշխող ուժի պատասխանատվության հարցը: Մենք իմացանք ինչ-որ ճիշտ կամ սխալ բաներ Իսրայել Օրու, արտաքին քաղաքական բալանսի կարեւորության («ամառը շոգ է, իսկ ձմռանը՝ ցուրտ» շարքից), Իրանի հետ հարաբերությունների կարեւորության, հայաստանյան քաղաքական էլիտաների օտարամոլության, ՀՀ բոլոր «իշխանությունների» սխալ քաղաքականության, անորոշ եւ համընդհանուր կամքի բացակայության (սա դեռ համեմատաբար բովանդակալից ելույթից եմ մեջբերում), նույնիսկ՝ խավարի իշխանության մասին, որոշ դեպքերում նաեւ տնտեսական հետաքրքիր փաստեր լսեցինք: Բայց այդպես էլ չհասկացանք, Իսրայել Օրի՞ն էր կոնկրետ պատասխանատու ԵՏՄ Հայաստանի մտնելու համար, որին դեմ էին ելույթ ունեցողները, երկնային խավա՞րը, Հայաստանի բոլոր իշխանություննե՞րը, կամ գուցե՝ Քյաչալ Պետո՞ն:

Ճիշտ է, մի անգամ լսեցինք նաեւ Սերժ Սարգսյանի անունը, որն, ինչպես իմացանք, Ռոբերտ Քոչարյանի հետ միասին, մեծ կարողության տեր անձնավորություն է, բայց արդյո՞ք դա անմիջական կապ ուներ Հայաստանի ԵՏՄ մտելու հետ, թե ոչ՝ մնաց մութ: Գուցե ուներ, բայց մոտավորապես այնքան, որքան Իսրայել Օրին եւ «բոլոր իշխանությունները», այդ թվում, օրինակ ՀՀ նախկին վարչապետը եւ ՀՀ նախկին արտգործնախարարը, որոնք երեկ նույնպես դեմ էին ԵՏՄ-ին: Մի բան պարզ էր՝ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը, եթե նույնիսկ կապ ունի այսօրվա իրավիճակի հետ, ապա միայն անուղղակիորեն եւ որպես ընդհանուրի մաս՝ սկսած առվազն Իսրայել Օրուց (ես կառաջարկեի ցանկը սկսել Առաքել Բոբիկից, որն Օրուց առաջ էր նույն դիվանագիտությունը փորձում իրականացնել: Հա՛մ անունն է ավելի հնչեղ, հա՛մ էլ պատգամավորներիս համար առիթ կլինի մի երկու ավել բան կարդալ հայոց պատմությունից):

Անշրջելիության փակ շրջանը

3. Իրավիճակի գնահատականի հարցում վիճակը մի փոքր ավելի մխիթարական է: Հանուն արդարության՝ պետք է նշել, որ թեեւ այստեղ էլ անհրաժեշտ կոնկրետությանը չհասանք, բայց գոնե ելույթների մի մասից իմացանք, որ եղածը Հայաստանի ինքնիշխանությանը լուրջ մարտահրավեր է եւ այլն: Ճիշտ է, այդքան էլ պարզ չէր, թե ինչո՞ւ եւ ինչո՞վ: Տնտեսական փաստարկներ հնչեցին հիմնականում, որոնց գոնե մի մասը համոզիչ էին, բայց պարզ է, որ երբ խոսքն ինքնիշխանության մասին է, ապա, նախեւեռաջ, պետք է հնչեին քաղաքական փաստարկները: Ամեն դեպքում, քանի որ այս կետում որոշ կոնկետություն կար, շատ չխորանանք եւ չմանրանանք:

4. Կարեւոր է, որ ելույթ ունեցողներից եւ ոչ մեկը չհերքեց ԵՏՄ անշրջելիության մասին հայտնի թեզը (ելույթներից դուրս՝ այդ թեզն, իմ տեսածով, հերքել են երկու հոգի՝ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ Արարատ Զուրաբյանը, բայց այն էլ՝ զուտ հռչակագրային մակարդակով, այսինքն՝ ասել են, որ շրջելի է, բայց իմ տեսած լուրերում չեն հիմնավորել, թե ինչպե՛ս): Իսկ տվյալ դեպքում ոչ միայն պատեհ առիթ կար այդ թեզը հերքելու, այլեւ հերքումը բացարձակ անհրաժեշտություն էր: Նախ՝ հերքումն ինքնին, ապա եւ՝ դրա հիմնավորումը:

«Դեմ» քվեարկողներն իրենց ելույթներում պարտավոր էին հիմնավորել, որ եթե իրենք լինեին իշխանություն, ապա չէին ստորագրի ԵՏՄ փաստաթութղը, եւ դրա արդյունքում Հայաստանն անդառնալի կորուստներ չէր կրի: Ես վստահ եմ, որ լռությունն այս խնդրի շուրջ պատահականություն չէ, որովետեւ ելույթ ունեցողներից եւ ոչ մեկը քաղաքական մանուկ չէ, եւ եթե հնարավորություն լիներ, ոչ մեկը պատեհ առիթ բաց չէր թողնի ինքնահաստատվել առաջին նախագահի խոսքի հաշվին: Բայց պահը շատ պատասխանատու էր, եւ ելույթ ունեցողները դա քաջ գիտակցում էին: Համոզված եմ, որ եթե նրանք իրենց ծրագրային ելույթներում չեն պնդել շրջելիությունը, եւ չեն պնդել այն, որ իրենք գիտեն հենց այս պահին համաձայնագիրը չստորագրելու ձեւը, ուրեմն՝ իրենք իրոք վստահ եմ, թե գործընթացն անշրջելի է, եւ իրենք էլ ստորագրելու էին պայամանագիրն՝ իր բոլոր թերություններով հանդերձ: Հետեւաբար՝ այստեղ էլ իրական «դեմ» դիրքորոշում չկա: Կար միայն դեր, որը ելույթ ունեցողներից ոմանք՝ լավ, ոմանք՝ բավարար, ոմանք էլ վատ խաղացին:

8 քաղաքական ուժ եւ մի այդքան էլ մարդ

5. Վերջում մի հարց եւս՝ ելույթներից դուրս, բայց ելույթներին առնչվող: Շատերն են արդեն նկատել մի տարօրինակություն: Ընկերոջս հաշվարկով՝ ընդհանուր առմամբ՝ 6, իսկ իմ հաշվարկով՝ նվազագույնը՝ 9 քաղաքական միավոր դեմ են արտահայտվել ԵՏՄ-ին: Դրանցից 4-ը ներկայացուցիչներ ունեն խորհրդարանում: Մեկի ներկայացուցիչը, ճիշտ է, ասել է, որ թեեւ իրենք դեմ են պայմանագրին, բայց բողոքի գործողությունների մեջ էլ իմաստ չեն տեսնում, ուրեմն՝ ունենք 8 քաղաքական ուժ: Սրան գումարում ենք եւս երեք տիպի խմբեր՝ 1. Խոշոր ՀԿ-ներ, որոնք նույնպես հստակ դեմ են արտահայտվել: Խոսքն այնպիսի ՀԿ-ների մասին, որոնց ռեսուրսները, գրեթե վստահ եմ, գերեզանցում են Հայաստանի ընդդիմադիր քաղաքական կուսակցություններից յուրաքանչյուրի ռեսուրսը (ստույգ վիճակագրություն չունեմ, բայց համարձակվում եմ մեծ վստահությամբ պնդել դա): 2. Զանազան քաղաքական ոչ ֆորմալ խմբեր, որոնք օրուգիշեր խոսում են անկախության կորստից: 3. ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, որոնց համար օրական գոնե մեկ հոդված գրելը նրա մասին, որ ռուսները ամեն օր նոր դավ են նյութում Հայաստանի դեմ, իսկ ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը՝ ամեն օր նոր բարիք ստեղծում մեր ժողովրդի համար (օրինակ, եթե չգիտեիք, ասեմ, որ ուղղաթռի ողբերգական միջադեպի համար մեղավորը ռուսներն են, իսկ հայոց բանակի գործողության թիկունքում կանգնած էին ՆԱՏՕ-ն եւ ԱՄՆ-ը: Կատակ չեմ անում, սա լուրջ է գրվում, ու ոչ թե մեկ, այլ մի քանի անգամ):

Հիմա եկեք միասին մտածենք եւ հասկանանք: Այս բոլոր մարդիկ պնդում են, որ երկրին սպառնում է լրջագույն վտանգ: Ավելին՝ շատերը չեն զլանում ասել, թե Հայաստանն անկախությունը կորցրեց: Բայց բացատրեք խնդրեմ, եթե դա իրոք այդպես է, ապա, ինչպե՞ս է ստացվում, որ այդքան քաղաքական եւ հասարակական ուժ միասին ի զորու չեղան նույնիսկ 1000 հոգանոց բողոքի գործողություն կազմակերպել, էլ չեմ ասում ավելի լուրջ բանի մասին: Լավ, չեմ ասում՝ 10.000, չեմ ասում 5.000, որովհետեւ եթե այդ մարդկանց խոսեցնես, կասեն՝ ժողովուրդը ստրուկ է, բան չի հասկանում (այդ նույն ժողովուրդը, որը 1991-ին անկախություն հռչակեց եւ դիմացավ պատերազմի տարիների ծանրություններին, իսկ հետագայում էլ բազմիցս ընդվզեց հանուն իր ազատության եւ իրավունքների): Բայց եթե 1000 հոգանոց գործողություն էլ չեն կարողանում կազմակերպել, ուրեմն, կամա թե ակամա՝ պետք է ենթադրեմ, որ կամ այսքանով միասին 1000 հոգի էլ չունեն, կամ ցանկություն եւ նպատակ չունեն 1000 հոգի հավաքելու: Անկեղծ ասած՝ ես ընտրում եմ երկրորդ տարբերակը՝ ցանկություն եւ նպատակ չունեն: Ավելին ասեմ. վստահաբար պնդում եմ, որ իրենց մեծ մասը չի էլ հավատում նրան, ինչ ասում է, այսինքն՝ ա. որ Հայաստանի անկախությունն իրոք վերացավ, բ. որ ԵՏՄ-ին անդամակցելու գործընթացն անշրջելի չէ, գ. մի մասը նունիսկ «դեմ» դիրքորոշման մեջ անկեղծ չէ, իսկ մեծ մասը մինչեւ վերջ անկեղծ չէ: Իհարկե, ընկածին խփելը լավ բան չէ (չնայած՝ Նիցշեն այլ կարծքի էր այս հարցում), բայց, կներեք, տղերք եւ աղջիկներ, եթե մեկը համարում է, որ իր երկիրը կորցրեց անկախութունը, եւ սպասում է, որ իրեն կազմակերպեն կամ կոչ անեն գործողության, ապա, չգիտեմ՝ սա մանկամտությո՞ւն կոչեմ, թե՞ ինչ-որ ավելի կոշտ բառով:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ-ի դիմաց հավաքված փոքրաթիվ քաղաքացիներին, ապա նրանց անկեղծությանը պարտավոր ենք հավատալ՝ անկախ նրանից, թե նրանց հայացքների ու գնահատականների հետ համաձայն ենք, թե ոչ: Այդ մարդիկ գոնե պատրաստ էին նվազագույնն անել՝ հանուն իրենց համոզմունքի, եւ իրենք մեղավոր չեն, որ մյուսները կեղծում են իրենց դիրքորոշումը: Նաեւ շեշտեմ, որ չեկածների դեպքում էլ խոսքս անհատ քաղաքացիներին չի վերաբերում, այլ միայն ու միայն խմբերին, թեկուզ՝ ոչ ֆորմալ (բայց մեծամասամբ՝ ֆորմալ):

Եզրակացություն. «դարի» կեղծիքը

Եթե համեմատենք այս վիճակը ԱԺ-ում հնչած ելույթների վերլուծության արդյուքնների հետ, ապա մեր եզրակացությունները միայն ամրապնդվում են: Եզրակացությունները հետեւյալն են.

1. ԵՏՄ-ին արտաքուստ դեմ արտահայտված քաղաքական ուժերից եւ խմբերից, ինչպես նաեւ խոշոր ՀԿ-ներից եւ ԶԼՄ-ներից ոչ մեկը փաստացի դեմ չէր ԵՏՄ պայմանագրին: Դա ապացուցվում է խոսքով եւ գործով:

2. Առնվազն դեմ քվեարկած պատգամավորները եւ այն քաղաքական ուժերի մեծ մասը, որ նրանք ներկայացնում են, իրավիճակի պատասխանատու չեն համարում Սերժ Սարգսյանին եւ իշխող խմբին:

3. Բոլոր նշված խմբերից եւ ո՛չ մեկը պատրաստ չէ հիմնավորել գործընթացի շրջելի բնույթը եւ պնդել ու մանրամասն հիմնավորել՝ վելուծությամբ եւ ծրագրով, որ իշխանություն լինելու դեպքում իրենք չէին ստորագրի ԵՏՄ պայմանագիրը:

4. Պետք է ենթադրել, որ իրականում այս բոլոր խմբերը լուծում էին լրիվ այլ նպատակներ, քան ներկայացվում էր իրենց պաշտոնական եւ ոչ պաշտոնական խոսքում: Թե ինչ նպատակներ՝ դա, տվյալ դեպքում, մեր գործը չէ: Բայց ակնհայտ է, որ եթե չկա տրամաբանական որեւէ բացատրություն «կինոյի» առաջին՝ երեւացող շերտում, ուրեմն՝ պետք է լինի թաքնված, առաջին հայացքից չերեւացող տրամաբանություն:

5. Վստահորեն կարելի է ենթադրել, որ թեեւ Սերժ Սարգսյանը եւ իշխող նեղ խումբը հայտնապես ֆինանսավորում կամ հովանավորում են այս խմբերի մի մասին, մի մասի հետ էլ այս կամ այն տիպի կապեր ունեն (չեմ պնդում, որ բոլորի, այլ միայն մի մասի), ու թեեւ այդ խմբերի մի մասի (հատկապես՝ ԶԼՄ-ների) հակառուսական քարոզչությունը անմիջականորեն Սարգսյանի բարձր հովանու ներքո է իրականացվում, սակայն նա, այս կամ այն պատճառով, «դաբրո» չտվեց, որ ավելի տպավորիչ եւ բազմամարդ բողոքի գործողություններ կազմակերպվեն ԵՏՄ դեմ: (Նրանք, ովքեր իրենց կամքով էին եկել, բնականաբար, կապ չունեն Սերժի հետ):

6. Այս ամենով հանդերձ՝ միեւնույն է, դրական եմ գնահատում այն, որ ԵՏՄ մասով որոշումը չանցավ միաձայն՝ անկախ «դեմ» քվեարկածների իրական դրդապատճառներից: Ի վերջո, նրանք խաղացին իրենց դերն այս կինոյում:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘ՍԴ-ն արձանագրել է, որ մաքսայինը զբաղված է թալանով ‘
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Սերժ Սարգսյանը ձախողել է բոլոր արտաքին քաղաքական նախաձեռնությունները ‘