‘Խմբագրական. «Երկխոսության» դեռ չծնված մահը (ցավակցական վերլուծություն)’

2489

Ինչպես և կանխատեսվել էր, Սերժ Սարգսյանի «երկխոսության» առաջարկը վերջնականապես մերժվեց միացյալ ընդդիմության կողմից (դա դժվար չէր կանխատեսել, եթե ոչ թե վերացական մոտեցումներից, այլ ընթացիկ քաղաքական գործընթացի կոնկրետ, կենդանի տրամաբանությունից ենք ելնում): Կարելի է ասել, որ տապալվեց իշխանամերձ քարոզչության կողմից մեծ շուքով «ռասկրուտկա» արված «հանճարեղ» «ձիով քայլը», որը պետք է, իբր, հօգուտ Սերժի լուծեր ներքաղաքական իրավիճակը (այս ուղղությամբ գրվեցին բազմաթիվ «խորաթափանց» վերլուծություններ): Բայց գործողության զուտ քարոզչական մասը թողնենք մի կողմ՝ որպես անհետաքրքիր, տաղտկալի և ինքնակրկնվող:

Բովանդակային առումով, նախ, պետք է շեշտել, որ երկխոսության առաջարկի մերժումը ոչ թե ընդդիմության «տղայության», ցուցադրական «ռաՁիկալիզմի» հետևանք էր («եթե իրոք ռաՁիկալ եք, գնացեք պայթեցրեք ձեզ Հանրապետության Հրապարակում» «ծիրին մեջ»), այլ գործընթացի տրամաբանությունից բխող արդյունք էր: Խնդիրն այն է, որ ՀՀԿ առաջնորդի առաջարկն ի սկզբանե միայն արտաքուստ, ձևական իմաստով էր երկխոսության առաջարկ, այլ կերպ ասած՝ զուտ նմանակային՝ իմիտացիոն էր իր էությամբ: Սարգսյանի առաջարկի այս բնույթը արդեն փորձ արել ենք մանրամասն վերլուծելու, հետևաբար՝ իմաստ չկա նորից հիմնավորելու դա: Ասենք միայն, որ իրական և զուտ ձևական առաջարկներն իրարից տարբերվում են նրանով, որ իրականը բխում է և համապատասխանում է կոնկրետ իրավիճակում ուժերի փաստացի դասավորությանը, իսկ երկրորդը ժամանակավրեպ է, չի արտացոլում այս պահի իրական վիճակը: Այս իմաստով 12 կետերի քննարկման առաջարկը լիովին ուշացած քայլ էր և, մի տեսակ՝ «ճարահատյալ» «խորամանկություն», նույնիսկ, ինչ-որ տեղ՝ զարմանալի: Ինչևէ, սա էլ մի կողմ թողնենք՝ որպես արդեն քիչ թե շատ պարզ, նաև՝ անցած իրողություն:

Փորձենք հասկանալ այս ամենի հետևանքները:

Լարված հավասարակշռություն

Այսօրվա քաղաքական իրավիճակը Հայաստանում կարելի է բնորոշել որպես լարված, անկայուն հավասարակշռություն: Սերժ Սարգսյանը պետք է, բայց չի կարողանում լուծել միացյալ ընդդիմության խնդիրը և առաջ տանել իր քաղաքական հիմնական նպատակները (սահմանադրական փոփոխություններ, իշխող դիրքի ապահովում «մոտակա տասնամյակի» համար, ինչպես Շարմազանովն էր ձևակերպում գարնանը), իսկ ընդդիմությունն էլ առայժմ չի ուզում կամ չի կարողանում լուծել Սարգսյանի վերջնական քաղաքական մեկուսացման և իշխանափոխության խնդիրը (այս հարցի շուրջ ընդդիմության ներսում կան հայտնի տարաձայնություններ՝ ժամկետների և ձևերի առումով): Սա ուժերի հավասարակշռությունն է: Իսկ լարված կամ անկայուն է նա այն պատճառով, որ այս վիճակը չի կարող անվերջ ձգվել և պետք է լուծում ստանա դեպի այս կամ այն կողմ, այսինքն՝ կողմերից մեկը ինչ-որ իքս պահի ստիպված է ինելու գնալ հավասարակշռությունը խախտելու և իրավիճակն իր օգտին լուծելու քայլերի: Տեսականորեն՝ չի կարելի բացառել նաև այն տարբերակը, երբ կողմերից մեկը, հասկանալով, որ հավասարակշռությունն իր օգտին խախտելու տարբերակ չունի, այսպես ասած, վճռական նահանջի դիմի: Այս պահին այդ տեսական հնարավորության իրականացումն առավել հավանական է թվում Սարգսյանի պարագայում: Որոշ վերլուծաբաններ արդեն կանխատեսում են, օրինակ, որ նա ստիպված է լինելու հրաժարվել սահմանադրական փոփոխությունների փաթեթից (տես, օրինակ), ինչը կարող է հենց վճռական նահանջի սկիզբն ազդարարել: Պետք է հաշվի առնենք, որ ստեղծված պայմաններում Սերժ Սարգսյանի փաստացի միակ այլընտրանքը ուժային գործողությունների դիմելն է, բայց հաշվի առնելով ուժերի ներքին դասավորությունը՝ դա նրա համար կարող է չափից ավելի ռիսկային ճանապարհ լինել (իսկ «խենթ» հերոսի տպավորություն ՀՀԿ առաջնորդը երբեք չի թողել): Իհարկե, կարող ենք պատկերացնել ևս մեկ տարբերակ Սերժի համար: Եթե նա չկարողացավ միացյալ ընդդիմությանը ներքաշել կեղծ երկխոսության մեջ և դրանով թուլացնել եռյակի դիրքերը, ապա նա տեսականորեն կարող է փորձել ներքին, կուլիսային պառակտումների միջոցով կազմաքանդել այսօրվա դաշինքը: Այդպիսի գործողությունների փորձ Սարգսյանն, իհարկե, ունի (օրինակ, ժամանակին Սերժը, որոշ դեպքերում՝ նաև արտաքին ուժերի օգնությամբ, կարողացավ շոշափելի հարվածներ հասցնել ՀԱԿ դաշինքին): Բայց պետք է հաշվի առնել, որ նման պառակտիչ գործողությունները սովորաբար արդյունավետ են դառնում այս կամ այն շարժման անկման, ներքին թուլացման փուլերում: Այս իմաստով ներկայիս ընդդիմադիր բևեռը, նորաստեղծ լինելով՝ գտվում է իր առնվազն հոգեբանական վերելքի փուլում (էլի եթե գերզգուշավոր ձևակերպենք՝ գոնե ներսից մասնակցողի համար), և շարժման նկատմամբ արտաքին որևէ ուժ, ներքին պառակտումներ առաջացելու համար, պետք է շատ մեծ ջանքեր գործադրի: Ընդհանրապես, որպես կանոն՝ արտաքին ուժի կողմից պառակտելի է այն, ինչ ներքուստ արդեն պառակտման լուրջ հիմքեր ունի: Այսպիսով՝ այս ճանապարհն էլ ՀՀԿ առաջնորդի համար չափից ավելի խնդրահարույց է թվում:

Հանգուցալուծման ժամկետները և Սերժի ձին

Այս իմաստով սխալվում են այն վերլուծաբանները, որոնք իրավիճակի ելքը փորձում են տեսնել 2017-18 հերթական փուլի շրջանում: Նման ժամկետով հանգուցալուծման համար ընդդիմությունը, որը ներկայիս նոր իրավիճակի նախաձեռնողն ու ստեղծողն է, չափից ավելի շուտ է սկսել իր գործողությունները: Ընդդիմությունն ունի բավականաչափ ռեսուրս՝ իրական հավասարակշռություն ստեղծելու համար իր և իշխանության միջև, ունի նաև ռեսուրս՝ այդ հավասարակշիռ իրավիճակը բավականին երկար պահելու, բայց, կարծում եմ, չունի ռեսուրս՝ այն ձգելու անվերջ՝ առանց լուրջ կորուստների (18 թիվը, տվյալ դեպքում, կարող ենք համարել «անվերջ»): Հետևաբար՝ հանգուցալուծումը պետք է շատ ավելի կարճ ժամկետներում կանխատեսել:

Իսկ ինչ վերաբերում է «ահա հերթական թեժ աշունն էլ անցավ, հիմա սպասենք թեժ գարնանը»՝ իբր շատ սրամիտ մուղամին, ապա դա արդեն, ի տարբերություն նախորդ տեսակետի՝ ոչ թե վերլուծական, այլ զուտ դատարկ քարոզչական պետք է համարենք: Նույնիսկ Սերժ Սարգսյանի ձախողված «ձիուն» (այն ձիուն, որով նա, ըստ իշխանամերձ քաչոզչության, հանճարեղ քայլ կատարեց …. դեպի ոչ մի տեղ, այսպես ասած՝ տախտակից դուրս) պարզ է, որ այսօրվա իրավիճակը նոր է և ամենևին էլ՝ ոչ բարենպաստ ՀՀԿ առաջնորդի համար: Խոսքը «ռեժիմը խուճապի մեջ է» և այլ նման կլիշեների մասին չէ (որոնք, ի դեպ, ավելի հաճույքով օգտագործում են ոչ թե ընդդիմության բուն ներկայացուցիչները, այլ ընդդիմության քննադատները), այլ շատ հանգիստ, սթափ և շոշափելի փաստման մասին՝ Սերժ Սարգսյանի դիրքերն այսօր զգալիորեն թուլացած են, և նա փաստացի քաղաքական փակուղում է գտնվում (հակառակն ապացուցելու համար կխնդրեի՝ փաստարկներ «վ ստուձիյու», այլ ոչ թե դարն ապրած «սրամտություններ»):

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Թուրքիայի ԱԳ նախարարը համոզված է, որ ղարաբաղյան հակամարտությունը մինչ օրս իր լուծումը չի գտել «սառը պատերազմի» պատճառով’
Հաջորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը բանկերում, փոխանակման կետերում և ԿԲ-ում’