‘Խմբագրական. Ի՞նչ նոր փորձանք կբերի գլխներիս Սերժ Սարգսյանը ‘

4215

Պարզվում է՝ Սերժ Սարգսյանը չի բացառում, որ լայնածավալ ռազմական գործողություններ կարող են սկսվել: «Անշուշտ, հիմա այն վիճակն է, երբ լայնածավալ ռազմական գործողությունները կարող են սկսվել ոչ պլանավորված: Այսինքն` ցանկացած միջադեպ կարող է վերածվել ավելի մեծի, իսկ ավելի մեծը լայնածավալ ռազմական գործողություններն են: Մենք պատրաստ ենք դիմակայելու ցանկացած հարձակման: Մենք պատերազմից վախենում ենք, ես անձամբ պատերազմից վախենում եմ, բայց չեմ վախենում կռվելուց»,- օրերս France 24-ի եթերում հայտարարել է նա:

Եւ ուրեմն, իմացանք, որ Սերժ Սարգսյանը պատերազմից վախենում է, բայց կռվելուց չի վախենում, բայց ամենակարեւորը՝ որ արդեն չի բացառում, որ  լայնածավալ ռազմական գործողություններ կարող են սկսվել: Տեսնես՝ ինչո՞ւ է հենց հիմա Սարգսյանը հիշել այդ մասին, ինչո՞ւ հենց հիմա ինքը չի բացառում, որ փոքրիկ միջադեպը կարող է վերածվել ռազմական լայնածավալ գործողության, օտար հեռուստաընկերության եթերում ուղղակի տղայական հոխորտանքներ է շաղ տալի՞ս, թե՞ իսկապես մի բան գիտի, ասել է թե՝ մտքին մի բան կա: Ի վերջո, ցանկացած միտք օդում կրակոց չի կարող լինել, առավելեւս, եթե հավականում ես խոսել որպես երկրի «նախագահ». ամեն բառ բացատրություն է պահանջում, եւ այդ բացատրությունը պետք է հիմնավորապես ներկայացվի:

Իսկ եթե բացատրություններ չեն ներկայացվում, ապա իրավունք ունի, չէ՞, քաղաքացին ինքն իրենով համադրել վերջին զարգացումները, առկա փաստերն ու հետեւություններ անել: Զորօրինակ՝ այն, որ Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության սկզբում եթե Եվրոպան հայտարարում էր, որ ամեն ինչ, ըստ էության, Հայաստանի համար վերջացած է, ու առանց տնտեսական բաղադրիչի՝ քաղաքական ինտեգրացիա չի կարող լինել, ապա հիմա Եվրոպան որոշել է «հատուկ պայմաններով» նոր համագործակցություն սկսել:Այն, որ եթե մինչեւ հիմա Սարգսյանը լուռ էր, ապա հանկարծակի հիշել է, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, հիշել է ու նույնիսկ սպառնում է, որ դա կարող է իր «ազդեցությունն ունենալ մեր հարաբերությունների վրա»: Այն, որ մինչ այժմ սահմանադրական փոփոխությունների մեկնարկը հետաձգող Սերժ Սարգսյանը ինչ-ինչ միջոցներով քաղաքական դաշտում ատոմային ռումբ պայթեցնելուց հետո (եւ այժմ, ակնհայտորեն, ոչ առանց որոշակի աջակցության), հապշտապ սկսել է փոփոխությունների գործընթացը՝ կեղծ լայն կոնսոլիդացիա ապահովելով այդ փոփոխությունների շուրջը: Այն, որ ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները հանդիպում ու կարեւոր քաղաքական հարցեր են քննարկում՝ առանց Սարգսյանի: Այն, որ այս ամենից հետո Սարգսյանը մեկ էլ ու հանկարծ չի բացառում, որ կարող է լայնածավալ պատերազմ սկսել: Այս ամենն արդյո՞ք չի նշանակում, որ Սարգսյանը միջազգային խաղի երրորդ ռաունդն է սկսել: Ու քանի որ այդ ռաունդում էլ  զիջելու բան չունի, նա մեզ նախազգուշացնում է, որ «տալիքը» մնաց Ղարաբաղը, ու դա էլ՝ եթե թղթով չտա, ապա պիտի պատերազմով տա: Սա, ի դեպ, նոր վարկած չէ, բայց այս մասին Սարգսյանն այսպես բացահայտ առաջին անգամ է խոսում:

Եւ այս ամենից հետո քաղաքացին արդյո՞ք չպիտի հետեւություն անի, որ Սարգսյանն իսկապես պատրաստվում է սահմանադրական փոփոխությունները անցկացնելու համար մեր գլխին լուրջ փորձանք բերել: 

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ը միաձայն ընդունեց հույների ու ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ‘
Հաջորդ հոդվածը‘Նեյմար. «1998 թվականին Բրազիլիայի հավաքականի պարտության տխրությունն ընդամենը մի քանի րոպե տևեց»’