‘Խմբագրական. Հա՛ց կերեք, Հայաստանի ըմբոստ քաղաքացիներ’

2488

Այսօր երեք երիտասարդ օդաչուները կմիանան Եռաբլուրում հանգչող իրենց եղբայրներին: Լույս դառնան նրանց հոգիները…

Այս օրերին ով ինչ կարող էր` ասաց ու գրեց: Ով ինչ չէր կարող` էլի ասաց ու գրեց:

Հացադուլ անող էլ եղավ:

Եվ քանի որ մեր հարգարժան հացադուլավորն արդեն դադարեցրել է հացադուլը, և խոսքս այլևս շատ հիվանդագին չեն ընդունի քնքուշ հոգիները («մարդն էնտեղ մեռնում է սովից, իսկ ոմանք կուշտուկուռ նստած`մեծ-մեծ խոսում են»), մի առիթով էլ եմ գրել, ևս մեկ անգամ կրկնեմ` հարգելի անձնազոհ հայրենակիցներ, պայքարի այլ ձև ընտրեք, Հայաստանում հացադուլը վաղուց ի վեր պայքարի արդյունավետ և ազդեցիկ միջոց չէ: Ավելին` ամենավարկաբեկված միջոցն է, և թե ինչու է վարկաբեկված` հարցրեք «սեզոնային» հացադուլի սիրահարներին և օրական մեկ ժամով «հացադուլ» անողներին:

Մի անգամ էլ եմ գրել, կրկին հիշեցնեմ. 88-ականներին Ազատության հրապարակում հացադուլավորները տասնյակներ էին, նստած էին հազարավորների աչքի առաջ: Այն ժամանակ իրոք հասարակությունն անչափ ծանր էր տանում բողոքի այս ձևն ընտրած քաղաքացիների ինքնազոհության այս հուսահատ ճիչը: Հացադուլավորներն էլ էին հավատում, որ իրենք կարևոր գործ են անում, նրանց կողքից չհեռացող, նման բան երբևէ չտեսած սովետահայերն էլ էին վստահ, որ նրանց արածն անձնազոհություն է:

Բարեբախտաբար, այն ժամանակ էլ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց, զոհեր չունեցանք, և մի քանի տասնյակի հասնող հացադուլավորների այս, առանց չափազանցության, զանգվածային ակցիայից հետո բոլոր ականատեսներս հասկացանք (ի դեպ, հացադուլներն օրեր չէին տևում, այլ երկարատև ու շատ ծանր ընթացող շաբաթներ), որ հացադուլը կյանքի համար վտանգավոր չէ, եթե, իհարկե, հացադուլավորը բանտարկյալ չէ, այսինքն` հոգատար աչքից հեռու է:

Ի՞նչ նպատակ են հետապնդում մերօրյա հացադուլավորները՝ չեմ ուզում սրան անդրադառնալ, դրա բարոյական իրավունքն էլ չունեմ, որովհետև երբևէ հացադուլ չեմ արել: Միանգամից ասեմ` հետապնդում են շա՛տ ազնիվ նպատակներ, չկա՛ ինքնագովազդի ցանկություն, իրո՛ք նրանց միակ «հանապազօրյա կերակուրը» ջուրն է: Բայց արժե՞ անել մի բան` նախապես գիտակցելով, որ մեր «քարսիրտ» հասարակության վրա «այդ բանը» վաղուց ի վեր չի ներգործում, կամ` ներգործում է չնչին չափով, և այդ ակցիայի միակ ձեռքբերումն, ի վերջո, ընդամենը լինում է այն, որ լրագրողները գրելու նյութ են ունենում, հացադուլավորն էլ լրագրողներին ասելու լիքը բան է ունենում: Երբեմն նույնիսկ` արցունքներ քամող բան:

Սակայն, եկեք կույր չձևանանք. այս ակցիան նաև քմծիծաղ է հարուցում, քմծիծաղողներն էլ, ավաղ, անհամեմատ շատ են աղեկտուր արցունք թափողներից, և դրա պատճառն ամենևին էլ այն չէ, որ Հայաստանի քաղաքացիներն անհոգի, դաժան մարդիկ են: Պարզապես՝ էս մեր մի բուռ երկրում չափից շատ ենք տեսել հացադուլավորներ, իսկ երբ մի բանից շատ-շատ է լինում, և հաճախ` զավեշտալի համեմունքներով, նույնիսկ պայքարի այդ ծայրահեղ միջոցն է իմաստազրկվում և ուժը կորցնում:

Ուզում եք` ընդունեք, ուզում եք` բռունցք թափահարեք ինձ նման չար ու անտարբերի ուղղությամբ, բայց Հայաստանում բողոքի այս ձևի գնացքը վաղուց է գնացել անհայտ ուղղությամբ և դեռևս վերադարձի նշաններ ցույց չի տալիս:

Հա՛ց կերեք, Հայաստանի ըմբոստ քաղաքացիներ, մեր բազմաչարչար հայրենիքին կուշտ և առողջ պայքարողներ են պետք:

Լիզա Ճաղարյան 

Նախորդ հոդվածը‘Եվրոպական օլիմպիական կոմիտեի 45-րդ համաժողովը կանցկացվի Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Շավարշ Քոչարյան. ԵՏՄ անդամ երկու երկրներ առանց ՀՀ հավանության որոշում չեն կարող կայացնել’