‘Խմբագրական. «Միայն զենքով կա հային փրկություն»’

2805

Գրեթե շաբաթ չկա, որ Հայաստանի շատ-շատ «բարեփոխված» ոստիկանությունը աչքալուսանք չանի մեր երջանիկ քաղաքացիներին, որ մեր երկրի այսինչ քաղաքում կամ գյուղում, այսինչ թաղում կամ չոլերում կրակոցներ են հնչել: Երբեմն զոհեր են լինում, երբեմն` վիրավորներ, երբեմն էլ վրիպում են` ոչ զոհ է լինում, ոչ վիրավոր:

Հետո շատ-շատ «բարեփոխված» ոստիկանությունը սիրով տեղեկացնում է սիրելի հասարակությանը, որ կրակոցների հետքերով գնացել են ու քաղաքացի Ա-ի կամ Բ-ի, կամ` Ա-ի, Բ-ի, Գ-ի, Դ-ի (ինչքան տառ գիտեք` կարող եք հիշել) բնակարաններում հայտնաբերել են զենք-զինամթերք: Հետո շատ-շատ «բարեփոխված» ոստիկանությունը հատ-հատ նշում է, թե ինչ տեսակի զենքեր են հայտնաբերվել, ու հասարակության ջերմ սիրտը խանդաղատանքով է լցվում շատ-շատ «բարեփոխված», անձնազոհ ոստիկանների նկատմամբ:

Շարունակությունը բոլորս գիտենք: Եթե կրակողները կամ կրակողների հայրիկներն ու մայրիկները, կամ` պապիկներն ու տատիկները, կամ` հորեղբայրներն ու մորաքույրները, կամ` զոքանչներն ու աներները, իսկ ավելի կարճ ու բովանդակալից եթե ասենք` լիսկաները, Հանրապետական կուսակցության «բարձր հովանու ներքո» հղփացածներից են, ուրեմն անվրեպ «պարզվում է», որ այդ զենքերն օրինական են, եւ խամաճիկ դատախազ-դատավորների աճպարարությամբ` ամբաստանյալների աթոռներին հետմահու հայտնվում են հանգուցյալները կամ` բարեբախտաբար ողջ մնացած վիրավորները, կամ` առավե՛լ բարեբախտաբար չվիրավորված, բայց պակաս հղփացած կամ բոլորովին չհղփացած տուժողները:

Սա զարմանալի չէ, զարհուրելի չէ. Հայաստանի քաղաքացիները ռոբասերժյան ժամանակաընթացքում հասցրել են գիտակցել, որ «արդարության» հաստատման այս ցուցքը «բարի, գեղեցիկ ավանդույթ» է, որի վերջակետը հնարավոր է դնել միմիայն իշխանափոխությունից հետո:

Մեզ մնաց` հետեւելով շատ-շատ «բարեփոխված» ոստիկանության «կրակոցառատ» հաղորդագրություններին` եզրակացնել, որ Հայաստանի բնակչության առնվազն կեսը զինված է ժամանակակից ընտիր զենք-զինամթերքով, որոնց հայտնաբերումը հնարավոր է միմիայն այն դեպքում, եթե այդ զենքերը գործի են դրվում: Եթե դեռ չեք կրակել, շատ հարգարժան Հայաստանի քաղաքացիներ, առանց ջղակծկումների զինվեք` որքան կարող եք, որքան ուզում եք, որովհետեւ շատ-շատ «բարեփոխված» ոստիկանությունը հո այդքան անդաստիարակ չէ, որ ներխուժի ձեր բնակարաններն ու զենք հայտնաբերի, քանի դեռ մարդ չեք սպանել կամ սպանության փորձ կատարել:  

Իսկ եթե կրակել եք ու շատ-շատ «բարեփոխված» ոստիկանների ջանքերով հայտնաբերվել, արդեն հասկացաք` «օրինական» զենքերը հանդիսավոր պայմաններում վերադարձվում են իրենց հղփացած տերերին, խեղճուկրակներին դատապարտում են ազատազրկման` տանը չարամտորեն «ռագատկա» թաքցնելու համար, ու թե ինչու մեր երկրում այսքան շատ «օրինական» զինված մարդ կա, եւ թե ովքեր են այդ զենքերն «օրինականացնողները», սրանք շատ երկրորդական հարցեր են, եւ այն նեղսիրտները, որոնք փորձում են փորփրել այս խնդիրը, ընդամենը նախանձից պայթում են, որ իրենք զենք չունեն` ուզած ժամանակ իրենց աչքի փուշ մարդկանց «գյուլլելու» համար:

Եվ հեռու չէ այն օրը, երբ իրենց հայրենակիցների վրա լիուլի փորձարկված այս նույն զենքերով` մինչեւ ատամներն «օրինական» զինված մեր այս նույն հայրենասեր քաղաքացիները կհասնեն մինչեւ Բաքու, այնտեղից էլ՝ ուղիղ Ստամբուլ` «արյան ծովի» տեսլականը վերջապես հորով-մորով անելու համար:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Ruhr Nachrichten. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը’
Հաջորդ հոդվածը‘Հալեպի հրթիռակոծության արդյունքում հայ է զոհվել’