‘Խմբագրական. «Որ չդառնաս հավայի քոլ». քաղաքական պահը և կողմնորոշման հարցը’

2907

«Գարուն է, գա՛րուն, յար ջան, գարուն իմ սը՛րտում, քո ման եկած տեղերը վարդերն են բա՛ցվում, քո ման եկած տեղերը ծաղկում են – կանաչո՜ւմ», երգվում էր մի հին ու բարի «ռաբիս» երգում (այն ժամանակ, երբ դեռ ոչ միայն լոլիկն էր ավելի քաղցր, այլև ռաբիսն՝ ավելի որակյալ): Այժմ մեզ մոտ թեև գարուն չէ, այլ աշուն է, և այն էլ՝ ոչ թե սովորական, այլ քաղաքական, բայց շատ տեղերում, հատկապես՝ իշխանական քարոզչության դաշտերում, վարդերը բացվում են, իսկ կանաչին, ու ինչո՞ւ ոչ՝ նաև խոտը, ծլում- ծաղկում են նախանձելի բերքառատությամբ (ինչպես մեկ այլ՝ արդեն մեր ժամանակներին ավելի մոտ երգում էր երգվում՝ «շուտով կգա՛ աշուն, կքաշե՜նք բոլ-բոլ, որ չմնաս դաշտում, չդառնաս հավայի քոլ»): Սեզոնն, ինչպես երևում է, բացվել է, և ուրեմն, քարոզչական կանաչու դաշտերի դառնահոտ ծխից դիսկուրսային վերլուծության նրբանուշ նեկտար և ամբրոս որսացող մեղուներիս գործն էլ ավելանում է: Պետք է միայն ուշադիր լինել և բաց չթողնել սակավակյաց, բայց դրանից ոչ պակաս չարաճճի և զվարթասեր բոցերն ու բոցիկները, որոնք համակ մթության մեջ կամ էլ արևի վառ շողերի տակ հանկարծ կայծկլտում են՝ ժպտադեմ կոկետուհու պես, և նույն պահին անհայտանում՝ տեղը զիջելով նորերին:

Ասեմ, ի դեպ, միաժամանակ անցնելով ավելի պարզ ու «աշխարհիկ» շարադրման ոճի, որ այնպիսի բոցեր ու, ես կասեի՝ կրակներ, ինչպիսիք այսօր կարող է որսալ ուշիմ մեղվիկը, վաղուց չէին երևացել հայոց աշխարհում գոնե այսպիսի հաճախականությամբ. թերևս, 2008-ից այս կողմ՝ չի եղել նման առատություն: Հետաքրքիր է, սակայն, որ այսօր բոցում են ոչ միայն «բոցիզմի» և «կրակիզմի» այնպիսի հին ռահվիրաներ, ինչպիսիք են հանրապետական գվարդիայի վետերանները (գվարդիան մահանում է, բայց չի հանձնվում), այլև ժամանակի մեր ընկերներից շատերը: Կարելի է նույնիսկ ասել, որ հին ռահվիրաների ցանկը լրացվել է նոր ռահակիցներով:

 

«Ընդամենը» Սերժի իշխանության հարց

 

Վերջին շրջանի որսիս բազմաթիվ «տրոֆեյներից» առանձնապես հետաքրքրեց և ուրախացրեց հետևյալ քարոզչական թեզը, որը տարբեր խողովակներով՝ ԶԼՄ-ներ, սոցցանցեր, ասուլիսներ և այլն, առաջ են տանում մեր սիրելի իշխանական քարոզիստները: Ասում է, թե՝ բա իմացա՞ք՝ ինչքան անպիտան ու վատն է ընդդիմությունը, ընդամենը սահմանադրական փոփոխությունների հարցն են բարձրացնում, կարծես էլ ուրիշ հարց չկա այս երկրում: Գուցե առաջին հայացքից այս թեզն ընթերցողին այնքան էլ համով պատառ չթվա, բայց, որ մի փոքր համբերեք ու խորանաք, վստահ եմ, կզգաք սրա ամբողջ փառահեղությունը՝ ա՜խր մեր՝ որսորդների գործն ուշադրություն է սիրում: Իրականում, խոստովանեմ, որ սա այնպիսի կատարյալ հիմարությունների շարքից է, որին ծանոթանալով՝ մի տեսակ ակնածանքով (դե, հիմարության կատարյալ տեսակն էլ ինչ-որ տիպի ակնածանքի արժանի է) ուզում ես ետ կանգնել ու մի րոպե լռությամբ հարգել, ավա՜ղ, ննջեցյալ տրամաբանության անմահ հիշատակը:

Ուրեմն, սահմանադրական փոփոխությունների հարցը՝ ընդամե՛նը: Հիմա մի հատ լրջանանք ու հասկանանք, թե ի՛նչ է սրանով ասված: Բազմիցս վերլուծվել և մինչև հիմա ոչ մեկի կողմից հիմնավոր կերպով չի հերքվել, որ սահմանադրական փոփոխությունների բուն նպատակը 2018-ից հետո Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրումն է: Եթե չհասկացողներ կան, ավելի պարզ ասեմ՝ Սերժ Սարգսյանը, ցանկանալով 2018-ից հետո էլ իշխանության մնալ և չուզենալով իշխանությունը ոչ մեկին փոխանցել, նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Այս գործընթացի գրեթե բոլոր կարևոր ու նույնիսկ երկրորդական կողմերը վերլուծվել և փաստարկներով ներկայացվել են հանրությանն ընդդիմության ներկայացուցիչների կողմից: Չեմ հիշում (կհիշեցնեք, եթե սխալվում եմ), որ որևէ մեկը, նույնիսկ Հանրապետականի ներկայացուցիչները, որևէ տեղ հերքեին այս վերլուծությունը, այսինքն՝ պնդեին, որ սահմանադրության փոփոխությունը որևէ կապ չունի Սերժի իշխանության հավերժացման նպատակի հետ: Հանրապետականներն ընդհանրապես չեն անդրադարձել հարցի այդ կողմին՝ լոլոներ կարդալով հանրությանը, թե որքան կարևոր է հենց այս պահին անցումը կիսանախագահականից խորհրդարանական համակարգին, բայց նշված վերլուծությունն ուղղակիորեն չեն հերքել՝ ոչ միայն ծավալուն փաստարկներով (դա պարզապես անհնար է), այլև թեկուզ իրենց հերքման ոճին հարիր կարճ, բայց «բերքառատ» մի անհեթեթությամբ: Առավել ևս՝ չեն հերքել, այլև այս կամ այն ձևով հաստատել են այս վերլուծությունը նաև, այսպես ասենք՝ «ընդդիմության ընդդիմությունները», «ազատ վերլուծաբանները» կամ, ինչպես կասեր մեր նախկին ընկերներից մեկը՝ «քաղաքական դաշտի ֆլյուիդները»: Ուրեմն, կա առնվազն լռելյայն փոխհամաձայնություն (չէ՞ որ լռությունը համաձայնության նշան է համարվում) առ այն, որ սահմանադրական փոփոխությունների հարցը ոչ այլ ինչ է, քան Սերժ Սարգսյանի իշխանության հարց: Ընդ որում՝ պետք չէ շատ ուժեղ վերլուծաբան լինել՝ հասկանալու համար, որ խոսքը ոչ միայն 2018-ից հետո Սերժի իշխանության մասին է, որովհետև եթե Սարգսյանին չհաջողվի անցկացնել փոփոխությունների փաթեթը, պարզ է, որ նրա դիրքերը իշխանության ներսում թուլանալու են ոչ թե 2018-ին կամ դրանից հետո, այլ շատ առաջ՝ սկսած հենց այսօրվանից: Թե ինչու, և ի՛նչ հետևանքների դա կարող է բերել, երևի չարժե նույնիսկ մանրամասնել: Իհարկե, սահմանադրական փոփոխություններն ինքնին արհեստական օրակարգ են, բայց այսօր դրանք, դեպքերի բերմումով, դարձել են կենտրոնական հարց և նույնացվել են Սերժ Սարգսյանի իրական իշխանության հարցի հետ:

Այսքանից հետո, մեր սիրելի Շարմազանովի ասած՝ «պարզից էլ պարզ է», որ սահմանադրական փոփոխությունների հարցը դնելը նշանակում է Սերժի իշխանության հարց դնել, և սա ոչ թե «ընդամենը» մեկ հարց է քաղաքական օրակարգից, այլ այս պահի առանցքային կետերից մեկը:

 

Ուշադրությո՛ւն. չեզոք ֆուտբոլիստներ կամ «սուձյա» «վատմարդ»

 

Բայց կա ավելին, որը հասկանալու համար գանք հակառակից: Խնդիրը միայն այն չէ, որ ընդդիմության կողմից սահմանադրական փոփոխություններին ամեն գնով հակազդելը օրվա կարևորագույն խնդիրն է, այլ ոչ թե «ընդամենը» մի հարց: Առիթից օգտվելով՝ ստիպված ենք հիշեցնել մեր հարգարժան «ընդդիմության ընդդիմախոսներին», որ անկախ իրենց վերաբերմունքից ընդդիմությանը, նրանք էլ, եթե, իհարկե, իրենց քաղաքականության մեջ են պատկերացնում, պարզապես պարտավոր են հստակ դիրքորոշում ունենալ այս հարցում: Մի փոքր պարզաբանենք, թեև սա, իհարկե, այն հարցերից է, որ մի քիչ «մազալու» է հավելյալ պարզաբանումներ ներկայացնելը, բայց ի՞նչ չես անի հանուն հայրենի քաղաքական դաշտի բարօրության:

Նշեմ նախապես, որ այն, ինչ այժմ ասելու եմ, վերաբերում է բացառապես քաղաքական գործիչներին և կազմակերպություններին կամ էլ իրենց հստակ քաղաքական դիրքորոշման կրող համարողներին, այլ ոչ թե հասարակության ցանկացած անդամի:

Քաղաքականությունը շատ կոնկրետ ոլորտ է: Կոնկրետությունը, տվյալ դեպքում, նշանակում է այն, որ ա. կոնկրետ է և ուրույն ամեն տվյալ քաղաքական իրավիճակ՝ իր օրակարգերով, բ. ամեն տվյալ իրավիճակ պահանջում է քաղաքական սուբյեկտներից կոնկրետ դիրքորոշումներ օրակարգի հարցերի շուրջ, գ. ամեն տվյալ իրավիճակ պահանջում է քաղաքական սուբյեկտներից կոնկրետ գործողություններ, դ. հենց այս ամենն էլ քաղաքականություն է, իսկ ընդհանուր դատողությունները լավ ու վատ բաների մասին, կամ՝ ինչպես լավ կլիներ, որ լավ լիներ, ու ինչպես լավ չէր լինի, որ լավ չլիներ, գործին՝ քաղաքականությանը չեն վերաբերում: Քաղաքականությանը չեն վերաբերում նաև անցած քաղաքական փուլերի դասավորությունները, որոնք փոփոխական են՝ ամեն իրավիճակ պահանջում է կոնկրետ կողմնորոշում:

Սա նշանակում է, որ քաղաքականության մեջ ներգրավված անձը կամ խումբը չի կարող սահմանափակվել չեզոք վերլուծաբանի դիրքով, ակադեմիական բնույթի պնդումներ անի քաղաքական տվյալ պահի օրակարգի վերաբերյալ կամ էլ ընդհանուր դատողություններով սահմանափակվի: Նաև՝ ընդդիմադիր կամ իշխանամետ չեն լինում անցյալում կամ ապագայում, այլ միայն ներկայում, այսօրվա մեջ:

Օրինակ, եթե մեկը երկար ու բարակ վերլուծում է սահմանադրական փոփոխությունների գործընթացը՝ գալով այն եզրակացության, որ դա Սերժի վերարտադրման ծրագիրն է, իսկ ընդդիմությունն էլ խոչընդոտում է դրան, որովհետև ունի իր ծրագրերը՝ նախագահական ընտրությունների հետ կապված, ապա դա դեռ քաղաքական դիրքորոշում չէ, ոչ էլ, առավել ևս՝ գործողություն, այլ ընդամենը՝ վերլուծություն: Բայց եթե, միաժամանակ, տվյալ վերլուծողը քաղաքական գործիչ է, ապա հենց դիրքորոշման բացակայությունն էլ նրա՝ տվյալ պահի քաղաքական դիրքորոշումն է՝ անկախ անցյալից, ապագայից, աչքերի գույնից ու քթի ձևից: Չկա՛ քաղաքական միջին, չեզոք դիրքորոշում, ինչպես որ չկա չեզոք ֆուտբոլիստ դաշտում. չեզոքը միայն մրցավարն է, ապա թե ոչ, ուրեմն՝ «սուձյա….»: Ավելին՝ դեմ ու կողմ լինելը միայն խոսքով չէ. քաղաքական դառնալու համար դիրքորոշումը պետք է նաև գործի վերածվի:

 

«Երեկ լավ էր, քանց վուր էսօր»

 

Մեր այն քաղաքական գործիչները կամ խմբերը, որոնք այսօր, այսպես ասած, չեզոքություն են պահում սահմանադրական փոփոխությունների և, ընդհանրապես՝ ծավալվող գործընթացների հարցում, ազնիվ մնալու համար պետք է կա՛մ հրապարակավ հայտարարեն, որ իրենք այլևս դուրս են քաղաքականությունից և անցել են, այսպես ասած՝ քաղաքական թոշակի, կա՛մ էլ պետք է հստակ դիրքորոշում հայտնեն՝ խոսքով և գործով: Հիշում ենք, որ սահմանադրության փոփոխության հարցը քաղաքականապես առանցքային՝ իշխանության հարց է: Նման հարցում հստակ դիրքորոշում չունենալը հավասարազոր է կամ քաղաքական թոշակի, կամ էլ, եթե ասելիքն ու գործը հստակ չեն, «չեզոք են»՝ քաղաքական կեղծիքի, ճիշտ այնպես, ինչպես որ կեղծ է այն ֆուտբոլիստը, որ դաշտ դուրս գալով՝ հայտարարում է իր չեզոքության, ոչ մի թիմի կողմից չլինելու մասին:

Ավելի պարզ ասենք: Այն քաղաքական գործիչներն ու խմբերը, որոնք այսօր խոսքով և գործով հստակ դիրքորոշում չեն հայտնել Սերժի վերարտադրման ծրագրի մասին, կամա թե ակամա, առարկայորեն խաղում են Սերժի կողմից: Հիմա, իհարկե, կարող ենք նեղանալ այս պնդումից, համարել սա ազատության ճնշում, չգիտեմ, կուսակցական դիկտատուրա, Հրանտի վատ մարդ լինելու ապացույց և այլն, բայց սա ոչ թե իմ կամ մեկի անձնական քմահաճույքն է, այլ քաղաքական տրամաբանությունից բխող չոր փաստ: Ես չասացի, որ բոլորը ծախված են, բոլորը խաբեբա են, բոլորը վատն են: Այդ ամենն անիմաստ բաներ են: Միգուցե ես եմ շատ վատը, և այսօրվա ընդդիմությունն է շատ վատը՝ դրանք էլ խնդրի հետ կապ չունեցող բաներ են: Խնդրի հետ կապ ունեցողը միայն այն է, ինչ ասացի՝ եթե դու, լինելով քաղաքականության սուբյեկտ, հստակ դեմ չես սահմանադրական փոփոխությունների գործընթացին և այդ քո դեմ դիրքորոշումը չես արտահայտել քաղաքական կոնկրետ գործողությունով, ուրեմն՝ դու կողմ ես այդ գործընթացին, հետևաբար՝ դու Սերժ Սարգսյանի կողմից ես խաղում տվյալ կոնկրետ քաղաքական դասավորությունում: Վաղը, այլ դասավորությունում, գուցե այլ դեր ստանձնես, երեկ գուցե նույնպես այլ դեր ունեիր, բայց այսօր սա՛ է չոր փաստը: Մնացածը՝ ազնիվ օրիորդաց վարժարանի համար նախատեսված քնարական զեղումներ են:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Նախորդ հոդվածը‘Սասունյան. Ռումինիայում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված համաժողով` չնայած թուրքական բողոքներին’
Հաջորդ հոդվածը‘Սամվել Թեյմուրազյան. Քանի՞ գոնգի հարված պիտի հնչի, որ վերադառնանք իրականություն’