‘Խմբագրական. Պատասխանատվության պահը’

2313

Այսօր ԱԺ-ում քվեարկվելու է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցության պայմանագիրը: Այսպիսով, գործընթացը կհասնի իր տրամաբանական, վերջնական ավարտին կամ, ավելի ճիշտ՝ ԱՎԱՐՏԻ ՖԻՔՍՄԱՆԸ: Կրկնենք՝ ԱՎԱՐՏԻ ՖԻՔՍՄԱՆԸ:

Ֆիքսենք նաեւ, որ գործընթացը հրապարակայնորեն մեկնարկել է ավելի քան մեկ տարի առաջ՝ սեպտեմբերի 3-ին: Հենց այդ օրը Սերժ Սարգսյանը միանձնյա որոշում կայացրեց, թե Հայաստանը «ցանկանում է» անդամակցել Մաքսային միությանը: Դրանից որոշ ժամանակ անց ինքն էլ խոստովանեց, թե «չէի կարող մի գիշերվա մեջ ողջ հայության կարծիքը հարցնել»: Ֆիքսենք ուրեմն՝ Սերժ Սարգսյանը որոշումը կայացրեց միանձնյա եւ մեկ գիշերվա ընթացքում: Լավ է սա, թե վատ,այլ հարց է: Բայց իրողությունները պարտավոր ենք արձանագրել՝ հետագա թյուրըմբռնումներից խուսափելու համար:

Ավելին, եթե կուզեք՝ սեպտեմբերի 3-ին պրոցեսը ոչ թե սկսվեց, այլ՝ հիմնականում ավարտվեց, որովհետեւ պրոցեսը հնարավոր էր շրջել մինչեւ սեպտեմբերի 3-ը, բայց ոչ դրանից հետո: Որովհետեւ մինչ այդ խաղը չէր հատել վտանգավորի կարմիր սահմանագիծը: Այնինչ, բազմաթիվ սառը գլուխներ մինչ այդ զգուշացնում էին, որ մկան խաղը մինչեւ կատվի մարագն է, որ Սարգսյանը վտանգավոր խաղ է սկսել, որ այն անդառնալի կորուստների է հանգեցնելու, որ պետք է հեռացնել նրան, քանի դեռ նա մեզ վերջնականապես լրջագույն խնդիրների մեջ չի ներքաշել, բացառում էին, որ Սերժ Սարգսյանի իրական նպատակը ԵՄ գնալն է, եւ դա, եկեք անկեղծ լինենք, պիտի որ իմանային նաեւ առնվազն ԵՄ այն չինովնիկները, ովքեր երեք տարի շարունակ վարում էին ասոցացման շուրջ բանակցությունները: Նրանք, ովքեր փութաջանորեն լեգիտիմացնում էին Սերժ Սարգսյանին եւ նրա թիմին, նրանք քաղաքական հաշվարկներ էին անում ու քաղաքական հեռահար նպատակներ ունեին՝ իրենց հաշվով: Եւ նրանք էլ, ըստ էության, իրենց այդ վարքով օգնեցին Սերժ Սարգսյանին սկուտեղի վրա Հայաստանը տանել դեպի Մաքսային միություն:

Ասել է թե՝ իրականում Հայաստանը որեւէ միության կազմի մեջ մտնելու (ո՛րը որ ձեզ համար քիչ նախընտրելի է) հեռանկարից փրկելու մի ճանապարհ կար՝ մինչեւ սեպտեմբերի երեքը իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին: Դա քաղաքական միակ ռեալ ճանապարհն էր: Բայց շատերը այդ ժամանակ նախընտրում էին պայքարել ոչ թե Սարգսյանի, այլ նրա հակառակորդների դեմ՝ այդպիսով քիչ թե շատ ուժեղացնելով Սարգսյանի իշխանությունն ու հեռանկարում նպաստելով նաեւ, որ Հայաստանը հայտնվի իրենց չսիրած Մաքսային միության կազմում: Հաճելի է դա լսել, թե ոչ, այլ հարց է, բայց ակնհայտ է, որ Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցությանը նպաստել են բոլոր նրանք, ովքեր եվրաասոցացմանը կողմ լինելու անվան տակ ավելի քան երեք տարի ուժեղացրել են Սարգսյանի իշխանությունը, խանգարել են նրա քաղաքական հակառակորդներին՝ փրկել իրավիճակը: Հասկանո՞ւմ էին այդ ամենը այդ մարդիկ, թե ոչ՝ նորից այլ հարց է: Բայց սա փաստ է: Ավելին, կարելի է նույնիսկ չկասկածել, որ նրանց մի մասը գոնե ազնվորեն չի էլ գիտակցել, որ հնարավոր չէ Սերժի հետ գնալ դեպի Եվրոպա, եւ որ Սերժի հետ գնացք նստելով՝ ի վերջո հետդարձ են կատարելու եւ հայտնվելու են ոչ թե Եվրոպական, այլ՝ Մաքսային միության կազմում: Բայց տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ:

Բացի այդ, կարեւոր է եւս մեկ անգամ արձանագրել նաեւ մի քանի կարեւոր հանգամանքներ ու նրբություններ:

Ա. Այս ամբողջ ընթացքում այս ամբողջ գործընթացի նավավարը կամ գնացքավարը եղել է միայն ու բացառապես Սերժ Սարգսյանը, ու բոլոր նրանք, ովքեր պատասխանատուներ են փնտրում, պետք է ազնվություն ունենան դա անել բացառապես Բաղրամյան 26-ում եւ դրա հարակից տարածքներում: Մնացածը՝ սեփական դեմքը փրկելու անազնիվ քայլեր են:

Բ. Քաղաքական առումով, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանը Մաքսային միության կազմից հետ պահելու մի տարբերակ կար՝ մինչեւ սեպտեմբերի 3-ը իշխանությունից հեռացնել Սերժ Սարգսյանին, կամ՝ գոնե դրանից անմիջապես հետո հեռացնել նրան, քանի դեռ Սարգսյանը Հայաստանի անունից իր ստորագրությունը չէր դրել այդ փաստաթղթի տակ: Բայց հնարավոր չէ, դե ուղղակի հնարավոր չէ, մինչեւ սեպտեմբերի 3-ն ուղղակի կամ անուղղակի աջակցել Սարգսյանի իշխանությանը, հետո՝ պահանջել կանգնեցնել գնացքը. մի պարզ, շատ պարզ պատճառով, անխոհեմ գնացքավարի պատճառով գնացքն արդեն շատ մեծ արագությամբ էր սլանում, եւ եթե ընթացքի մեջ այն փորձեիր կանգնեցնել, ապա կամ գնացքը կկործանվեր, կամ՝ դու կմնայիր գնացքի գծերին դաջված: Առհավետ: Նաեւ պարտավոր ենք արձանագրել, որ ընդդիմությունը մինչեւ սեպտեմբերի 3-ը իրենց կախված ամեն ինչ արել է՝ Հայաստանը Սարգսյանի անխոհեմ քայլերից փրկելու համար: Բայց չգիտես ինչու, շատերը լեթարգիկ քնից արթնացան սեպտեմբերի 3-ից հետո միայն, եւ ՊԱՀԱՆՋԵՑԻՆ փրկել արդեն ոչ թե պատճառներից, այլ՝ հետեւանքներից:

Գ. Այո, քաղաքական առումով սեպտեմբերի 3-ից հետո հարցերը քաղաքական՝ քաղաքակիրթ ձեւով լուծելու ճանապարհներն արդեն սպառված էին: Սեպտեմբերի 3-ից հետո կար երկու ճանապարհ միայն՝ կամ գնալ բացահայտ առճակատման, կամ արձանագրել առկա իրողություններն ու փորձել այլընտրանքային ելքեր գտնել: Ընդդիմությունը առճակատման չգնաց, որովհետեւ դա պայքարի իր մեթոդը չէր՝ նախ, եւ ապա՝ ԼՂ չկարգավորված հիմնախնդրի պարագայում անմտություն կլիներ աշխարհաքաղաքական ընտրության առանցքի շուրջ առճակատում սկսել՝ շատ լավ իմանալով, որ դրա արդյունքը կարող էր աղետալի լինել երկրի համար: Բայցեւ եղան մարդիկ, ովքեր առճակատում էին պահանջում: Շատ բարի: Դա իրենց իրավունքն էր, իրենց տեսակետը, եւ բոլորս պարտավոր ենք հարգել բոլոր ազնիվ տեսակետները: Բայց: Ամեն քաղաքական ուժ ինքն է որոշում իր գործունեության ուղին, ձեւերը: Նրանք ովքեր պահանջում էին աշխարհաքաղաքական առանցքի շուրջ առճակատում սկսել կամ, կոպիտ ասած՝ հայկական Մայդանի մեկնարկ տալ՝ պահանջելով Հայաստանը տանել դեպի ԵՄ, պարտավոր էին իրենք անել դա: Որովհետեւ դա իրավիճակը փրկելու իրենց տեսակետն էր: Չենք քննարկում ՝սխա՞լ, թե՞ ճիշտ: Իրենք իրավունք ունեին/ունեն ունենալ այդ տեսակետը, բայց եւ պարտավոր էին/են իրենք իրացնել դրանք, կամ, հակառակ պարագայում՝ պահանջներ չներկայացնել այլոց՝ իրենց տեսակետները իրականություն դարձնելու համար: Այդպես ավելի ազնիվ է պարզապես:

Դ. Պատասխանատվության պահը: Այդպես է, երբ դու ինքդ ես մի բան հայտարարում կամ գրում, քո անունից, ամեն բառդ ու քայլդ հազար ու մի անգամ ծանր ու թեթեւ ես անում, որովհետեւ եթե դու անհույս ռոմանտիկ չես կամ շիզոֆրենիկ, ապա ամեն մի բառիդ ու քայլիդ համար պատասխանատվություն ես կրում: Ամեն մի հատիկ բառիդ համար: Հետեւաբար, շատ ավելի հեշտ է ՊԱՀԱՆՋԵԼ, որ ուրիշները դիմեն այս կամ այն քայլին, քան դա անես դու ԻՆՔԴ: Մի պարզ պատճառով, որովհետեւ առաջին դեպքում դու ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈւԹՅՈւՆ չես կրելու հետեւանքների համար: Ավելի ճիշտ՝ հաղթանակը հազար ու մի հայր ունի, պարտությունը որբ է: Եթե առճակատումը հաջողություն ունենար, դա կլիներ բոլորի հաղթանակը, իսկ եթե արդյունքը լիներ երկրի պարտությունը՝ պատասխանատվությունը կկրեր բացառապես այն ուժը, որը  նախաձեռնած կլիներ առճակատումը: Եթե քաղաքական ուժը հաշվարկում եւ հասկանում է, որ իր կողմից առճակատում սկսելու հետեւանքները երկրի համար կործանարար կլինեն, ապա նրան առճակատման չգնալու համար քարկոծելու փոխարեն՝ այդ գործընթացը պետք է սկսեին ուրիշները: Սուրբ տեղը դատարկ չի մնում: Հարց՝ բա ինչո՞ւ մնաց սուրբ տեղը դատարկ: Գուցե տեղը այնքան էլ սուրբ չէ՞ր: Եւ ընդհանրապես, կա՞ր Հայաստանում գեթ մեկ ուժ, որը կարող էր սկսել այդ գործընթացը: Շատերը պատասխանատվությունից խուսափելու համար հայտարարում են, թե չնայած քաղաքական լիդերների ժամանակն անցել է, ընդդիմությունը մահացել է, եւ եկել է իրական հանրույթի գործելու ժամանակը, դաշտը ազատ էր, հանրույթը կարող էր դուրս գալ հրապարակ, նրանց կարող էին միանալ բոլոր այն քաղաքական ուժերն ու անհատ գործիչները, ովքեր իրենց օրակարգի թիվ մեկ կետ էին հռչակել դեպի ԵՄ Հայաստանի կուրսը: Բայց հրապարակը դատարկ էր: Ինչո՞ւ:  Շատերը կասեն, թե որովհետեւ հանրահավաքի դեպքում հրապարակ մարդ չէր գա, հատկապես այդ օրակարգով եւ այլն, բայց արդյո՞ք խնդիրը միայն դա էր:

Եթե ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում՝ նրանք, ովքեր արեւմտյան կողմնորոշման ջատագովներն էին, ու ոչ մի այդ տեսակի քաղաքական գործիչ Մայդան սկսելու անհապաղ կոչ չարեց, նշանակում է՝ իրենք էլ շատ լավ հասկանում էին իրենց հնարավոր քայլի հնարավոր հետեւանքները եւ պարզապես ՉԷԻՆ ցանկանում մտնել այդ պատասխանատվության տակ: Եւ երկրորդ, մարդիկ կգային հրապարակ, եթե պահանջներն ու մեղադրանքները հստակ հասցեատերեր ունենային: Ընդունված է համարել, թե քաղաքացին 5000 դրամ է վերցնում ու հետո լռում է, եւ որ պայքարում է մարդկանց շատ քիչ մասը միայն. մնացածը դիտորդներ են: Բայց իրականում ամեն ինչ այդքան էլ այդպես չէ, եւ մենք արդեն քանի տարի դրա ականատեսն ենք: Պարզապես՝ քաղաքացին չի հասկանա, թե ինչո՞ւ պետք է գա հասնի հրապարակ ու հոխորտանքներ լսի մեկ այլ պետության նախագահի հասցեին, որովհետեւ շատ լավ հասկանում է, որ այլ պետության նախագահի հարցը այդ երկրի քաղաքացիների որոշելիքն է, եւ նաեւ՝ եթե ինքը հիմնական պատասխանատուի հասցեին մեղադրանք չի լսելու, ապա բնական է, որ չի գալու հրապարակ: Որովհետեւ, անկախ ամեն ինչից, ինքը թացը չորից ջոկում է:

Ե.Այժմ էլ, երբ հարցը արդեն ԱԺ-ում է, քննարկումները եկել հասել են նրան, թե ինչպե՞ս է քվեարկելու ընդդիմությունը: Նորից Սերժի պատասխանատվության մասին՝ ոչ մի խոսք: Կամ եթե խոսք էլ՝ ապա բառերի արանքում: Բայց Աստված այդպես հարցնողների հետ, փորձենք ինքներս հասկանալ, այս դեպքում ինչպե՞ս պիտի քվեակի ընդդիմությունը: Առաջին հայացքից եթե նայում ես, ապա թվում է, թե՝ դեմ: Շատ պարզ պատճառով, Սերժ Սարգսյանի կողմից Հայաստանին հասցված այս ծանր հարվածի պատասխանատվությունից խուսափելու եւ հետագայում այդ պատասխանատվության տակ չմնալու համար: Վատ տարբերակ չէ, իհարկե, համ էլ՝ ցանկացած ուժ այդ պարագայում լիքը դիվիդենտներ կշահեր: Ի վերջո, այսպես թե այնպես՝ ՀՀԿ-ի մեծամասնության «շնորհիվ», միեւնույն է՝ պայմանագիրը կընդունվի:

Բայց՝ նայած՝  թե խոսքը ինչ տեսակ ընդդիմության մասին է: Եթե ընդդիմություն է, որին օդից ներքաղաքական դիվիդենտներ են պետք, ապա, իհարկե, կքվեարկի դեմ, այն էլ՝ ներկայացումներ բեմադրելով, այն էլ՝ առիթից օգտվելով ու նորից ոչ այնքան Սերժին, որքան ընդդիմադիրներին հայհոյելով:

Իսկ եթե ընդդիմություն է, որին, առաջին հերթին, Հայաստանի ճակատագիրն է հետաքրքրում, ապա, թերեւս՝ կողմ: Կասեք՝ ՀՀԿ-ն էլ է կողմ քվեարկելու, ուրեմն՝ ի՞նչ, նույնական չե՞ն: Ամենեւին: Որովհետեւ ՀՀԿ-ն իր հաշվարկներով է այդպես անելու, իր՝ արդեն քանի տարի տեւող սխալի տրամաբանության շրջանակներում:

Իսկ ահա ընդդիմությունը դա անելու է լիովին այլ պատճառով. ոչ թե՝ որովհետեւ կարծում է, թե սա մեր երազանքների պայմանագիրն է, ոչ թե՝ որովհետե կարծում է, թե օրհնության է արժանի էն հայտնի սհաթը, ոչ թե՝ որովհետեւ կարծում է, թե ազգիդ իղձերի մարմնավորումն է լինելու այս դեպքում ինքը, այլ որովհետեւ ամեն ինչ անելու է Սերժի իշխանության կողմից Հայաստանին հասցված հարվածը թեթեւացնելու ու արված սխալները փոքր-ինչ շտկելու համար: Եթե դու պատասխանատու ես, ուրեմն պատասխանատու ես, նախեւառաջ, երկրի ճակատագրի համար: Եթե մեկն ամեն դեպքում երկիրը հասցրել է մի հանգրվանի, որը քո երազանքը չէր, կամ խռովում՝ մի կողմ ես քաշվում ու նայում, թե ինչպես է երկիրը շարունակվում կործանվել, եւ ժամանակ առ ժամանակ ի հայտ ես գալիս՝ հայտարարելով, թե՝ տեսա՞ք ինչ եղավ, կամ էլ՝ ոչ ցանկալի իրողությունը ընդունելով հանդերձ, փորձում ես ուժերիդ ներածին չափ հետ պահել երկիրը կործանումից: Այո, Սերժ Սարգսյանն է երկիրը հասցրել այս իրավիճակին, բայց սա Սերժի երկիրը չէ, սա մեր բոլորիս երկիրն է, եւ մեր հավաքական պատասխանատվությունն է պարտավոր փորձ անել փրկել իրավիճակը ամեն դեպքում: Սերժն, անկախ ամեն ինչից, արդեն տարել է երկիրը դեպի ՄՄ: Երբեք սա չմոռանաք: Ու եթե թողնենք նրան իշխանության ղեկին, ապա ավելի վտանգավոր ավանտյուրաների ականատեսը կլինենք, եւ Մաքսային միությունը այդ ժամանակ մեր աչքին հաճելի խաղ կթվա: Իսկ ո՞վ է ասել, թե եթե մեկը երկրին մեկ կամ մի քանի վնաս հասցրել է, պետք է թողնես, որ մինչեւ վերջ կործանի այն: Եթե այդպես լիներ, ապա մարտի մեկից հետո էլ, հայ-թուրքական արձանագրություններից հետո էլ ընդդիմությունը պիտի ուսերը թոթվեր ու տուն գնար: Այն, ինչ արել է Սերժը Հայաստանին, ի՛նքն է պատասխանատու այդ ամենի համար: Բայց հնարավոր վտանգները կանխելու համար ոչինչ չանելու պատասխանատվությունը բոլորինը կլինի:

Սա է իրականությունը:

Ակնհայտ է, որ Սարգսյանն արտաքին քաղաքականության մեջ այնքան սրացրեց իրավիճակը՝ Հայաստանը  արհեստականորեն կանգնեցնելով կամ-կամ-ի առաջ, որ, ի վերջո, զայրացրեց իրենից ուժեղ մեկին, ով, գաղտնիք չէ, որ ցանկության դեպքում կարող է մեկ օրում կաթվածահար անել ե՛ւ քո երկիրը, ե՛ւ ԼՂ հիմնախնդիրը: Ու անգամ սեպտեմբերի 3-ին էլ՝ ՄՄ մտնելու մասին հայտարարությունից հետո էլ, Սերժ Սարգսյանը չհեռացրեց Հայաստանի գլխին առկախված վտանգը: Վտանգը կա ու դեռ կախված կլինի: Եւ այս պարագայում էլ, կամ դու պատասխանատվություն ես վերցնում ու գնում ես առճակատման՝ հաշվարկելի ու երաշխավորված պարտությամբ, կամ հանուն Հայաստանի՝ փորձում ես մեղմել իրավիճակն ու հանդարտեցնել քո անխոհեմ քայլերի պատճառով չուրախացած ուժեղ դաշնակցիդ՝ այդ ընթացքում, իհարկե, փորձելով լուծել Հայաստանի գլխին պատուհաս դարձած իշխանությունների հարցը, եւ հետո արդեն, հավասարը հավասարի հետ՝ սկսել խնդիրները լուծել զրոյից: Սա է քաղաքական միակ ճանապարհը, որը հնարավորություն է տալիս խուսափել երկրի վերջնական պարտությունից:

Իսկ եթե այլ մոտեցումներ կան, ապա այդ մոտեցումներն ունեցող անձինք դեռ մեկ օր էլ ունեն՝ կարող են վրանները վերցնել ու դուրս գալ հրապարակ: Բոլոր տրամաբանող մարդիկ կհարգեն այդ մարդկանց որոշումը: Բայց այն ժամանակ, երբ դուրս կգան: Հակառակ դեպքում կստացվի, որ նրանք էլ հասկանում են իրենց հնարավոր քայլի հետեւանքները եւ պարզապես ՉԵՆ ՑՍՆԿԱՆՈՒՄ մտնել պարտության պատասխանատվության բեռի տակ: Բայց դա արդեն քաղաքականության հետ չառնչվող հարց է:

Նախորդ հոդվածը‘Դատապարտյալը «Հրազդան» ՔԿՀ-ի աշխատակցի հետ բջջայինի գործ են արել. Քրգործ ՀՔԾ-ում’
Հաջորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիք. Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն Բազելում’